23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Սա է արցախյան բանակցային գործընթացի լուծման գլխավոր բանալին». Արտակ Զաքարյան

168TV-ի «Ռեվյու» հաղորդման շրջանակում զրուցել ենք ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի հետ:

– Պարոն Զաքարյան, մարտի 6-ին, առավոտյան ժամը 05:30-ի սահմաններում, ՀՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ադրբեջանական զինծառայողները ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: Այս միջադեպերն ինչի՞ հետևանք են՝ հաշվի առնելով այն փաստը, որ ներկայիս իշխանությունների պնդմամբ՝ Փաշինյան-Ալիև Դուշանբեի հանդիպումից հետո կրակոցները նվազել են սահմանին: 

 

– Նախ, եթե նկատի ունեք վերելակային հանդիպումը, դրան լրջություն հաղորդել բոլորովին տեղին չէ, իսկ դիվերսիոն ներթափանցման փորձեր նախկինում էլ բազմիցս եղել են, և հիմա էլ, ցավոք, շարունակվում են: Ադրբեջանը դրանով փորձում է անընդհատ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել նրա վրա, որ իր համար փակված չեն ռազմական լուծման ուղիները, և դրանով բարոյական և հոգեբանական ճնշում է փորձում գործադրել բանակցային գործընթացի վրա, ինչպես նաև՝ միջազգային առաքելությանը, այսինքն՝ ՄԽ համանախագահությանը, ևս մեկ անգամ ազդակ է ուղարկում, որ իբրև թե հավատարիմ է իր մոտեցումներին, տարածքային ամբողջականությանը և պատրաստ է նաև խնդիրը ռազմական ճանապարհով լուծել: Ի պատիվ մեր զինվորականների՝ կարողացել են շատ բարձր պրոֆեսիոնալիզմով ետ մղել դիվերսիոն ներթափանցման փորձը, նաև բավական խոցելի դարձնել հակառակորդի այդ գործողությունը, և ուղղակի պետք է կարողանալ անընդհատ վերահսկողության տակ պահել, որովհետև չի բացառվում, որ առաջիկայում նման գործողություններ Ադրբեջանը կփորձի իրականացնել նաև շփման գծի այլ հատվածներում:

 – Դա պայմանավորված է նախընտրական գործընթացներո՞վ:

– Բարդ է ասել, բայց միևնույն ժամանակ՝ պետք է մեր երկրի ներսում քաղաքական և բարոյահոգեբանական միջավայրի վրա շատ մեծ ուշադրություն դարձնել, որովհետև չի բացառվում, որ Ադրբեջանն ինչ-որ պահի դրանից օգտվի:

– Այս համատեքստում շատ է քննադատվում ՀՀ իշխանության խաղաղասիրական մոտեցումը: Դուք այդտեղ խնդիր տեսնո՞ւմ եք:

– Խաղաղասիրությունը վատ բան չէ, բայց դա պետք է ունենա հիմքեր: Ցավոք, մենք չենք տեսնում այդ հիմքերն Ադրբեջանի կողմից, որպեսզի ինքներս էլ աջակցենք այդ տրամադրություններին և զերծ մնանք խնդրի ռազմական լուծման կամ պաշտպանական կարողություններն ամրացնելու մեր հետագա ցանկություններից: Մեր երկիրը 25 տարի բանակցում է խաղաղության համար, մեր ամբողջ սպառազինությունը խաղաղության ամրապնդմանն է ուղղված, և այս առումով՝ պետք է տեսնենք Ադրբեջանի կողմից համապատասխան գործողություններ, ինչը չկա: Այդ գործողությունների բացակայության պայմաններում չափազանց պացիֆիզմը նման է պարտվողական լինելուն կամ ադեկվատ չլինելուն:

– Վերջերս աղմուկ բարձրացրեց Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը, որի վերաբերյալ Զոհրաբ Մնացականյանն ասաց, թե հայկական կողմն այդ հարցում որևէ մտահոգություն չունի, և, որ նախկինում ևս եղել են նման հանդիպումներ: Դուք է՞լ եք կարծում, որ անհանգստանալու որևէ պատճառ չկա, նման հանդիպումները հայկական կողմի համար բացասական հետևանքներ չե՞ն կարող ունենալ:

– Չանհանգստանալ՝ նշանակում է՝ պետք է ընդհանրապես չզբաղվենք քաղաքականությամբ: Իհարկե, անհանգստանում ենք, որովհետև Թուրքիան այն պետությունը չէ, որ պետք է շահագրգռվածություն ցուցաբերի արցախյան խնդրի կարգավորման հարցում: Մենք գիտենք, թե հատկապես ինչում է շահագրգռված Թուրքիան: Այս առումով ԱԳՆ-ն իր հայտարարություններն արել է: Բայց մտահոգություններն ավելի խորն են և տարածական, որովհետև այն զարգացումները, որոնք տեղի են ունենում տարածաշրջանում և դրանից դուրս, նկատի ունեմ՝ Մերձավոր Արևելքում՝ Սիրիայում, նաև՝ ՌԴ ներգրավվածությունը, Ռուսաստանի և Թուրքիայի միջև փոփոխական տրամադրությունները, որոնք բարդ է այսօր կայուն պայմանավորվածություններ համարել, ինչ-որ մի պահի կարող են նաև ուղիղ ազդեցություն ունենալ մեր տարածաշրջանում, հատկապես՝ ղարաբաղյան կոնֆլիկտի վրա: Այ, սրանից է պետք զգույշ լինել:

– Ի՞նչ ձևով դա կարող է դրսևորվել:

– Ամենատարբեր ձևերով, ընդհուպ՝ մինչև հրահրումներով և տարբեր սադրանքներով, որովհետև դրանք գլոբալ շահեր են, գլոբալ խնդիրներ են, մենք այդ գլոբալ խնդրի մի փոքր հատվածը կարող ենք լինել, որն ինչ-որ մի պահի կարող է խաղարկվել: Հետևաբար՝ մեր և՛ արտաքին, և՛ ռազմական գերատեսչությունները, և՛ մեր պետական քաղաքականությունն ամբողջությամբ պետք է ուշադրությունն այս խնդիրների վրա պահի, ոչ թե ներքին ինտրիգներ կամ մանիպուլյատիվ հայտարարություններ անի:

– Արգործնախարարների ժնևյան հանդիպումը Դուք որակել եք՝ մութ, անհասկանալի և բազմաթիվ բացատրություններ պահանջող, առաջին հերթին՝ ՀՀ իշխանություններից: Դրանից հետո Մյունխենում տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյան-Ալիև բաց քննարկումը. Դուք ստացա՞ք այդ բացատրությունները, թե՞ այդ գործընթացը ևս մութ էր ու անհասկանալի:

– Մենք, ցավոք, ստացանք նոր անորոշություններ և նոր մտավախություններ, որովհետև առ այսօր դեռևս պարզ չէ, թե ինչի համար է բանակցում Հայաստանի Հանրապետությունը: Գոնե հայ հանրության համար պարզ չէ, թե որն է ՀՀ թիրախային խնդիրը բանակցային գործընթացում, և որտեղ է դա երևում: Միայն ասել՝ անվտանգություն և կարգավիճակ, այս համադրությունը բերել՝ որպես բանակցային սուբյեկտ, և դրա շուրջ փորձել անորոշ հայտարարություններ անել, սա լուրջ չէ, և ղարաբաղյան կարգավորման գործընթացն ունի հայկական կողմերի համար հստակ նպատակ, որը պետք է յուրաքանչյուր անգամ հստակ դրվի՝ դա ինքնորոշման իրավունքի իրացումն է և դրա միջազգային ճանաչումը: Սա է բանակցային գործընթացի լուծման գլխավոր բանալին, և սա է, որ պետք է դառնա հիմք, նպատակ՝  միջազգային հանրության ջանքերը, ազդեցությունն Ադրբեջանի և, ընդհանրապես, խնդրի կարգավորման հայկական կողմերի համար՝ որպես միակ ընդունելի տարբերակ, դրա իրացման համար իրավական ուղիներ փնտրելու: Իսկ դրա համար աշխարհն ունի նորմեր, սկզբունքներ, որոնք ամրագրված են և՛ ՄԱԿ-ի կանոնադրության մեջ, և՛ ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում: Նոր բաներ հայտնագործելու կարիք չունենք, առավել ևս՝ միկրոհեղափոխությունների անհրաժեշտություն չկա:

– Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ասել էր, որ մեզ համար կան ոչ թե տարածքներ, այլ անվտանգություն։ Նա ասաց, որ, եթե դիմացի կողմը՝ Ադրբեջանը, համապատասխան առաջարկներ ներկայացնի անվտանգության ապահովման հարցում, հայկական կողմը պատրաստ է քննարկել դրանք։ Փաշինյանը հայտարարեց նաև, որ իր մոտեցումը սկզբունքորեն տարբերվում է Սերժ Սարգսյանի մոտեցումից։ Նախ՝ ի՞նչ է նշանակում՝ «ոչ թե տարածքներ, այլ անվտանգություն»: Տարածքները չե՞ն ապահովում անվտանգությունը:

– Տարածքներն են ապահովում անվտանգությունը և տարածքները կենսական նշանակություն ունեն, այդ տարածքներն ունեն կարգավիճակ, և դրան համապատասխան պետք է լինեն ձևակերպումները: Միակողմանի ձևակերպումներն անորոշության մեջ են գցում բանակցային գործընթացը: Եթե մեր նպատակը անորոշությունների միջոցով բանակցային գործընթացը ձգձգելն է, ապա դա ևս տարբերակ պետք է համարել: Բայց եթե ուզում ենք իրական շարժ ապահովել բանակցային գործընթացում, ապա պետք է նպատակները հստակ սահմանվեն: Իսկ նպատակը մեկն է՝ ինքնորոշման իրավունքը, և Արցախը երբեք չի կարող ու չպետք է լինի Ադրբեջանի կազմում՝ որևէ կերպ: Արցախը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում և չի էլ լինելու: Հետևաբար, ասել՝ թող Ադրբեջանն ինքն առաջարկի անվտանգության բանաձևեր, որոնք մենք կարող ենք քննարկել, Ադրբեջանը երբեք չի առաջարկելու այն բանաձևը, որ մեզ թույլ տանք քննարկել: Ադրբեջանի առաջարկած ցանկացած լուծում սպառնալիք է լինելու Արցախի բնակչության համար:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Ռազմիկ Մարտիրոսյան

168.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ