23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Եկամտահարկի վերադարձի օրենքը պետք է վերանայել, քանի որ գործ ունենք սպեկուլյատիվ պահանջարկի հետ. պետք չէ ընկնել թվացյալ տնտեսական ակտիվության ցուցանիշի հետևից. Արսեն Քարամյան

Եկամտահարկի վերադարձի օրենքը պետք է վերանայել՝ սոցիալական ուղղվածությունը մեծացնելով: Իսկ անշարժ գույքի շուկայի աշխուժացումն արհեստական է, այստեղ գործ ունենք սպեկուլյատիվ պահանջարկի հետ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Վերածնունդ» երիտասարդական ավանի կառուցման ծրագիրն իրականացնող «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ նախագահ, Սպորտի և երիտասարդության հարցերի նախկին փոխնախարար Արսեն Քարամյանը:

«Պետք է զսպել այդ սպեկուլյատիվ պահանջարկը, ինչպես նաև թվացյալ տնտեսական ակտիվության ցուցանիշները՝ կապված այդ սպեկուլյատիվ պահանջարկի հետ: Կարծում եմ՝ պետք չէ ընկնել թվացյալ տնտեսական ակտիվության ցուցանիշի հետևից»,- ասաց նա: Ըստ Արսեն Քարամյանի՝ սպեկուլյատիվ պահանջարկն ինչ-որ մի պահի հետևանքներ ունենալ՝ թե՛ շահառուի, թե՛ կառուցապատողի, թե՛ բանկերի վրա:

– Նախօրեին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Կառավարությունը քննարկում է հիփոթեքային վարկերի համար եկամտահարկի վերադարձի ծրագիրը կանգնեցնելու և դրա փոխարեն սոցիալական բնակարանաշինություն իրականացնելու հարցը, քանի որ նախորդ տարի պետական բյուջեից եկամտահարկի վերադարձի մեխանիզմով վճարումները կազմել է 7.8 մլրդ դրամ։ Ինչպիսի՞ն է Ձեր տեսակետն այս գաղափարի վերաբերյալ, ճիշտ եք համարում եկամտահարկի վերադարձի ծրագրի դադարեցումը:

– Կարծում եմ՝ այլևս նպատակահարմար է, որ եկամտահարկի մասին օրենքի մեջ ավելի շատ տեսակարար կշիռ ձեռք բերեն սոցիալական բաղադրիչները: Այսինքն, այն հստակ սոցիալական ուղղվածություն ունենա, ավելի առաջնահերթ պլան պետք է գան այն մարդիկ, որոնք ունեն բնակարանային ապահովման խնդիր, կարիքավորություն: Բնականաբար, հիմնավոր կարիքավորության մասին է խոսքը: Ժամանակին, երբ այս փոփոխությունները կիրարկվեցին, եթե չեմ սխալվում 2013 թ., շատ ավելի ազատական էր օրենքը: Հետագա տարիներին մեր Կառավարության ժամանակ սոցիալական բաղադրիչն ուժեղացվեց, 2-3 փոփոխություն եղավ՝ գույքի նվազագույն շեմն իջեցվեց, մեկ անձը մեկ անգամ կարող էր օգտվել և այլն: Ես չգիտեմ սոցիալական շինարարություն կանեն, թե ոչ, բայց, այունամենայնիվ, կարծում եմ, որ եկամտահարկի մասին օրենքն այն տեսքով, ինչ տեսքով այս պահին կա, պետք է վերանայել:

– Անշարժ գույքի շուկայի աշխուժացում է հիմա նկատվում, մի քանի ամիս առաջ հենց նույն Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ 2019 թ. 27 տոկոսով հիփոթեքային վարկերն աճել են: Հիմա եթե եկամտահարկի ծրագիրը դադարեցվի, շինարարության ծավալները չե՞ն կրճատվի, շուկայում պասիվություն չի՞ լինի:

– Ուզում եմ հարցին մի փոքր այլ կողմից մոտենալ: Ձեր նշած շուկայի աշխուժացումը մի տեսակ արհեստական հիմքերի մեջ է, այսինքն, մենք գործ ունենք սպեկուլյատիվ պահանջարկի հետ: Եվ այդ սպեկուլյատիվ պահանջարկն առհասարակ ոչ մի տեղ, ոչ մի երկրում լավ տեղ չի տանում: Կարծում եմ, որ նաև այս փոփոխություններով վերջ կտրվի այդ սպեկուլյատիվ պահանջարկին:

Բոլորս էլ գիտենք, մեր մենթալիտետին շատ հարիր է, երբ ասում ենք՝ տուն է, թող լինի: Այս սկզբունքով մենք զարկ ենք տալիս այդ սպեկուլյատիվ պահանջարկին, որը շատ վատ հետևանքներ կարող է ունենալ հետագայում, եթե համաշխարհային տնտեսական լուրջ կատակլիզմներ լինեն:

Ուղղակի կարող է շատ տխուր պատկերի ականատես լինենք: Եվ այդ առումով, այո, պետք է զսպել այդ սպեկուլյատիվ պահանջարկը, ինչպես նաև թվացյալ տնտեսական ակտիվության ցուցանիշները՝ կապված այդ սպեկուլյատիվ պահանջարկի հետ: Կարծում եմ՝ պետք չէ ընկնել թվացյալ տնտեսական ակտիվության ցուցանիշի հետևից, դրա կարիքն ամենևին չկա: Իսկ սպեկուլյատիվ պահանջարկ, որ մեզանում կա, դրա համար պետք չէ շատ հեռու գնալ, պետք է շուրջը նայել:

Առավոտը մի քիչ շուտ արթնացող յուրաքանչյուր արժանապատիվ հայ, եթե ունի մի փոքր հնարավորություն հող գնելու և կառուցապատում սկսելու, հայտարարում է շենք կամ համալիր կառուցելու մասին: Խոսքը սրա մասին է: Ըստ իս, քաղաքաշինության կոմիտեն նաև այստեղ որոշակի անելիքներ ունի, կառուցապատման չափորոշիչների խստացման կամ որոշակի չափորոշիչների սահմանման առումով: Երևան քաղաքի դեպքում, իմ դիտարկմամբ, գործ ունենք ուղղակի քաղաքաշինական աղետի հետ: Ով, որտեղ, ինչպես կարողանում է, կառուցապատում է սկսում, առանց հաշվի առնելու շատ կարևոր հանգամանքներ՝ կոմունիկացիաներ և այլն:

– Սպեկուլյատիվ պահանջարկի հետևանքները որո՞նք կարող են լինել, ի՞նչ վտանգներ եք տեսնում:

– Այն սովորաբար շատ վատ հետևանքներ է ունենում: Երբ այդ սպեկուլյատիվ պահանջարկը մի գեղեցիկ օր «պայթում է», ունենում ենք գումարը վճարած և այդպես էլ բնակարանի տեր չդարձած շահառու, ունենում ենք սնանկացած տնտեսվարող և ծանր կացության մեջ հայտնված բանկ, որը վերաֆինանսավորել է այդ գործընթացը: Երեք բաղադրիչով շատ ծանր կացություն ենք տեսնում, որը բնավ որևէ մեկին անհրաժեշտ չէ և բնավ պետք չէ ընկնել տնտեսական ինչ-որ ցուցանիշներ նկարելու հետևից, ասել, որ շինարարության այսքան աճ կա:

Դրա հիմքում պետք է լինի վճարունակ պահանջարկ: Երբ երկրում չկա այդչափ վճարունակ պահանջարկ և կա ինչ-որ արհեստական խթաններով գոյացած պահանջարկ, դա օրերից մի օր կանգ է առնելու և բերելու է այս տխուր հետևանքներին: Այո՛, հասունացած է պահը, պետք է փոփոխություններ կատարել եկամտահարկի օրենքում՝ այն դարձնելով ավելի սոցիալական:

Ասեմ նաև, որ մեր Կառավարության ժամանակ մենք ունեինք տարածքների համաչափ զարգացման հայեցակարգ և այդ օրենքի մեջ (եկամտահարկի վերադարձի հնարավոր դադարեցման – Tert.am), կարծում եմ, նաև որոշակի շեշտադրում պետք է դնել տարածքային համաչափ զարգացման առումով, այսինքն, Երևանի բեռնաթափման, մարզերն աշխուժացնելու հետ կապված:

– Պարո՛ն Քարամյան, իսկ բնակարանային ֆոնդը թարմացնելու այլընտրանքային տարբերակը ո՞րն է, եթե ոչ եկամտահարկի վերադարձը, որովհետև շենքերը մեծամասամբ կառուցվել և շահագործման են հանձնվել Խորհրդային Հայաստանի տարիներին:

– Ճիշտ եք նկատում: Ժամանակին՝ 2012 կամ 2013 թ., վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ ուսումնասիրություն էինք կատարել Երևան քաղաքի բնակֆոնդի հետ կապված: Ըստ այդմ, ունենք, հնացած, սեյսմիկայի առումով բավականին կասկածելի վիճակ ունեցող բնակարանային ֆոնդ:

Խոսքը խորհրդային տարիներին կառուցված բազմաբնակարան պանելային շենքերի մասին է, որոնք Երևանի գրեթե 60-65 տոկոսն են: Դա Հարավարևմտյան թաղամասն է, Նոր Նորքը և այլն: Անշուշտ, կա բնակֆոնդի նորացման անհրաժեշտություն: Եվս 5-10 տարի հետո մենք կկանգնենք նաև այդ խնդրի առջև, որ բնակֆոնդը չի բավարարում անվտանգության նորմերին և անհրաժեշտ է դա փոփոխել: Բայց միայն այդ ամենը դնել եկամտահարկի օրենքի փոխհատուցման մեխանիզմների տակ, կարծում եմ, արդյունավետ չէ: Այլ աղբյուրներ պետք է որոնել: Այստեղ նաև բիզնեսին պետք է մասնակից դարձնել, համաֆինանսավորման պայմաններում բնակֆոնդը տարիների ընթացքում թարմացնելու համար:

 Հեղինակ Հակոբ Ասլանյան
tert.am
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ