Սյունիքի մարզպետը մասնակցեց զորահանդեսի/ֆոտո/
Հայաստանի Հանրապետության պաշտպանության բանակի 4-րդ բանակային կորպուսը 2014-ի հուլիսի 12-ին նշում էր կազմավորման 17-րդ տարեդարձն, ինչի կապակցությամբ Եղեգնաձոր քաղաքում անցկացվեց զորահադնես, որին ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները, զորամիավորումների հրամանատարները, Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը եւ բարձրաստիճան զինվորականներ։ Հիշեցնենք, որ 4-րդ բանակային կորպուսն է իրականացնում Նախիջեւանի հետ սահմանի զգալի հատվածի հսկողությունն ու հենց այս զորամիավորման ստորաբաժանումներն էին բոլորովին վերջրես զբաղեցրել գերիշխող դիրքեր:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ԶՈւ 4-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը։ Ներկայացնելով զորամիավորման կազմավորման ճանապարհը, անցած ուղին եւ ձեռքբերումները` Անդրանիկ Մակարյանը մասնավորապես նշել է, որ զորամիավորման անձնակազմը մեծ պատասխանատվությամբ ու գիտակցումով է իրականացնում հայրենիքի սահմանները անվտանգ պահելու դժվարին, բայց պատվաբեր գործը եւ մշտապես անում է առավելագույնը մարտական պատրաստության բարձր ցուցանիշներ արձանագրելու համար։
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բարձր գնահատեց կորպուսի աշխատանքը եւ հույս հայտնեց, որ առաջիկայում եւս զորամիավորման ստորաբաժանումները կկատարեն իրենց առջեւ դրված խնդիրները: Միջոցառման ընթացքում եղել է նաեւ պարգեւատրման արարողություն: Զորամիավորման մի շարք զինծառայողներ, պահեստազորի սպաներ մարտական պատրաստության բարձր ցուցանիշների, բարեխիղճ ծառայության եւ օրինակելի զինվորական կարգապահության համար պարգեւատրվել են մեդալներով, պատվոգրերով եւ արժեքավոր նվերներով։
Միջոցառումը եզրափակվել է զորամիավորման ստորաբաժանումների զորահանդեսով։