23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Էս ամենը հերթական շոուն է՝ ժողովրդին զբաղեցնելու, էյֆորիայի հերթական դոզան է․ Հովհաննես Սահակյան

Factor.am–ի հարցազրույցը ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀԿ ներկայացուցիչ Հովհաննես Սահակյանի հետ

– Պարո՛ն Սահակյան, թեև ձեր կուսակցությունը հակասահմանադրական է հայտարարել Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախագիծը, այնուամենայնիվ, դեռ կոնկրետ մտադրության մասին չենք լսել, որ սկսելու եք «Ոչ»-ի քարոզչություն տանել, ձևավորելու եք «Ոչ»-ի ճամբար: Ինչի՞ հետ է կապված չկողմնորոշված լինելը:

– Նախ՝ «Ոչ»-ի ճամբար ձևավորել կամ «Ոչ»-ի քարոզարշավ տանել, թե չէ, պաշտոնական որևէ քննարկում կամ տեսակետ դեռևս գոյություն չունի: Իսկ, ընդհանրապես, այս գործընթացը, որը ծավալվում է ՍԴ յոթ անդամների շուրջ, ես որպես իրավաբան եմ նշում, ոչ միայն հակասահմանադրական է, այլև հակաժողովրդավարական: Ժողովրդավարության հիմնական սկզբունքը, այն է՝ իշխանության տարանջատումը, այսօր ոտնատակ է արվում: Ոչ միայն ոտնատակ է արվում, այլ նաև դրա մասին բարձրաձայն խոսում են: Ըստ մամուլի հրապարակումների՝ ոչ միայն ԱԺ նախագահն է կանչել ՍԴ անդամներին, եթե սա իրականություն է, սա ուղիղ միջամտություն է իշխանության տարանջատման սկզբունքի և մեկ ճյուղի կողմից մյուսի գործունեությանը, այն էլ՝ դատական իշխանության, որովհետև եթե օրենսդիր, գործադիր կարող ենք դիտարկել որպես քաղաքական մարմիններ…

– Ներեցեք, պարո՛ն Սահակյան, բայց մյուս կողմից էլ Ալեն Սիմոնյանն ասում է՝ շատ նորմալ է, դրանք պետական ինստիտուտներ են, կարող են լինել քննարկումներ:

– Գիտեք՝ ես հիմա չեմ ուզում և չեմ պատրաստվում Ալեն Սիմոնյանի ասածները մեկնաբանել, որովհետև ամեն ինչ կարող են ասել, բայց իրականությունը, ճշմարտությունը, օրենքի տառն ու ոգին լրիվ այլ բանի մասին են խոսում:

– Այն, որ դեռ Հանրապետականը չի հայտարարել կոնկրետ «Ոչ»-ի իր ծրագրերի մասին, արդյո՞ք դա կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ վարչապետը, հիշում ենք, ամբիոնից հայտարարեց, որ այն ուժերը, որոնք դեմ են արտահայտվելու, դրանք հակապետական ուժեր են: Եվ դա է ձեզ հետ պահում:

– Այդ հայտարարությունը նույնպես բավականին խնդրահարույց էր, որովհետև շատ կարևոր շեշտադրում եղավ այդտեղ, որ իրավական և ոչ իրավական բոլոր ճանապարհներով, ովքեր կընդդիմանան, կխոչընդոտեն, կհայտարարվեն հակապետական: Այսինքն՝ մենք կարող ենք նաև, չգիտեմ, հետները լավ լինել և սրբադասվել: Ասենք՝ սրբադասեն այն մարդկանց կամ այն քաղաքական գործիչներին, ովքեր այդ օրվա կուրսին չեն հակադրվում: Ես կուզենայի ավելի բովանդակային և խորքային նայենք այս խնդրին, քան «Այո»-ի և «Ոչ»-ի ճամբարը: Իմ կարծիքով, և սա իմ անձնական տեսակետն է, մեր քաղաքական թիմի տեսակետի հետ կապ չունի, «Այո»-ն և «Ոչ»-ը կեղծ օրակարգ է, դա անթույլատրելի օրակարգ է, որովհետև քաղաքականացնել ՍԴ-ի յոթ անդամներից ազատվելու գործընթացը և քաղաքական լուծում տալ՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում, որովհետև նույն հանրաքվեն ժողովրդի կողմից Սահմանադրությամբ կոչված իր իշխանության իրացումն է: Իհարկե՝ բացարձակ ճշմարտություն է, որ հանրաքվեն ժողովրդավարության ամենաուղիղ ձևն է, բայց եթե այդ հանրաքվեով որոշեն՝ ինչ-որ մեկին կախաղան են հանելու կամ գնդակահարելու են, դա լինելու է ժողովրդավարությո՞ւն: Այստեղ շատ կարևոր է հարցի բովանդակությունը, ոչ թե ընթացակարգը, այլ այն հարցը, որը դրված է հանրաքվեի: Այսօր դա բացառապես իրավական հարթության մեջ գտնվող հարց է, և այդ հարցը որևէ լուրջ իրավական փորձաքննությամբ չի անցել: Այն, ինչ այսօր տեղի է ունենում, ուղղակի աբսուրդ է, որևէ իրեն հարգող իրավաբան սրա հետ կապված այլ եզրակացություն չունի, քան ինչի մասին ես խոսեցի:

– Իշխանությունը ցույց է տվել, որ ինքը ցանկանում է տեսնել նաև «Ոչ»-ի ճամբար, որպեսզի որոշակի քաղաքական դիսկուրս ծավալվի: Հիմա դուք ինչո՞ւ չեք գնում այդ ճանապարհով: Արդյո՞ք մտավախություն ունեք, որ, միգուցե, հանրաքվեի արդյունքում ձեր «Ոչ»-ը քիչ քվե հավաքվի և ասեն՝ տեսեք՝ ՀՀԿ-ն կրկին քիչ ձայն հավաքեց:

– «Ոչ»-ի ճամբարն անձամբ ինձ համար կեղծ օրակարգ է, որովհետև այն հարցը, որը դրված է հանրաքվեի, քաղաքական լուծման առարկա չէ, դա բացառապես իրավական լուծման խնդիր է:

– Այդ դեպքում՝ ինչո՞ւ տարան, այսպես ասած, «ժողովրդի դուռը» այս հարցը:

– Ես չգիտեմ, որովհետև ինձ համար այն, ինչ այսօր տեղի է ունենում իրավական առումով, աբսուրդ է: Ես չեմ կարող տրամաբանել, մեկնաբանել մի բան, որը տրամաբանությունից դուրս է: Ես չեմ կարող հասկանալ՝ ինչի համար ենք մենք 2.5 մլրդ պետական բյուջեից, հարկատուների հաշվին գոյացած այդ միջոցներից հատկացնում՝ ընդամենը 7 դատավորի հարց, քաղաքական խնդիրը լուծելու համար, եթե տակը այլ խնդիրներ չկան, և ընդամենը 3-4 ամիս հետո մենք նորից պետք է հանրաքվե անցկացնենք, որովհետև մենք գիտենք, որ ձևավորվել է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, և այդ հանձնաժողովը պետք է Սահմանադրությունը բարեփոխի և նոր նախագիծ ներկայացնի: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝

factor.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ