Մարդկանց աշխատանքով ապահովելը կառավարության գերակա խնդիրն է. Հովիկ Աբրահամյան
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Շիրակի մարզ կատարած այցի շրջանակներում մասնակցել է Արեւշատ համայնքի ամառանոցի արոտավայրի ջրարբիացման համակարգի բացմանը: Այն ջրարբիացվել է համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրով: Կառուցվել է 14 կմ ջրագիծ եւ երկու խմոց, ինչի համար ներդրվել է 124,2 մլն դրամ, որի մի մասը կառավարության պահուստային ֆոնդից: Ծրագրի երկրորդ բաղադրիչով նախատեսվում է ձեռք բերել 47 մլն դրամի գյուղտեխնիկա: Ակնկալվում է, որ արոտավայրից կկարողանա օգտվել 1200 խոշոր եղջրավոր անասուն: Արեւշատցիների խոսքով՝ ծրագիրը հրատապ էր եւ այն կնպաստի համայնքում անասնպահության զարգացմանը:
Դիմելով արեւշատցիներին՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ կառավարությունը լինելու է գյուղացու կողքին: ՙՙ«Նման ծրագրերը պետք է լինեն շարունակական: Մենք պետք է ժամանակի ընթացքում լուծենք մեր գյուղացիների առջեւ ծառացած խնդիրները: Լինելու են պայմանավորվածություններ, խոստումներ մեր հնարավորությունների սահմաններում, որոնք իրականացնելու ենք»՚՚,- ասել է վարչապետը: Հովիկ Աբրահամյանը կարեւորել է ջրարբիացված արոտավայրի առկայությունը համայնքում եւ շնորհակալություն հայտնել արեւշատցիներին՝ ջերմ ընդունելության համար:
Վարչապետի հաջորդ կանգառն Ախուրյան համայնքն էր, որտեղ կառավարության ղեկավարին են ներկայացրել բնակելի շենքերի շինարարական աշխատանքներին վերաբերող մանրամասներ: Նշվել է, որ Ախուրյան համայնքում 136 ընտանիքի համար կառուցվելիք 4 բազմաբնակարան շենքից՝ 3-ի (104 բնակարան) շինարարական աշխատանքները վերսկսվել են 2014 թվականին, իսկ 4-րդ շենքի շինարարությունը (32 բնակարան) դեռեւս չի սկսվել: Պատասխանելով լրագրողների հարցին՝ 4-րդ մասնաշենքի շինարարությունը ձգձգվելու մասին հարցին՝ վարչապետը նշել, որ փորձելու է ճշտել պատճառները եւ լուծում տալ: Հարցը կքննարկվի նաեւ մարզպետարանում կայանալիք խորհրդակցության ժամանակ:
Այնուհտեւ վարչապետն այցելել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղ՝ հանդիպել ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմին: Հովիկ Աբրահամյանը եւ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը պատասխանել են նրանց հուզող հարցերին, որոնք առնչվել են կրթության որակին, ուսանողների ուսման վարձին, աշխատանքային ուսումնական պրակտիկային եւ այլն: Կառավարության ղեկավարը հանձնարարել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին քննարկել ներկայացված խնդիրները եւ գտնել համապատասխան լուծումներ:
Առաջարկվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի համար նախատեսվող հեռակա ասպերանտուրայի տեղերի մի մասը հատկացնել Գյումրու մասնաճյուղին:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ առաջիկայում կրկին այցելելու է համալսարանի Գյումրու մասնաճյուղ՝ քննարկելու ապագա ծրագրերը: Վարչապետն ընդգծել է, որ յուրաքանչյուր պայմանավորվածություն լինելու է գործ եւ այդ կարգը յուրաքանչյուրը պետք է պահպանի: ՙՙ«Իշխանության եւ բնակչության միջեւ անջրպետը պետք է վերանա: Բազմաթիվ դեպքեր են եղել, որ մարդիկ խոստումներ են տվել եւ չեն իրականացրել: Կարծես թե հավատի, վստահության պակաս կա եւ մենք դա հաղթահարելու ենք ու դրա համար կա քաղաքական կամք: Մեզ համար կարեւորը քաղաքացուն բարեկեցիկ կյանքով ապահովելն է: Այսօր կարծես ակտիվանում է ազգաբնակչության եւ կառավարության կապը: Յուրքանչյուր դեպքի կառավարության անդամները արձագանքում են եւ այցելում մարզեր, համայնքներ: Մարդկանց աշխատանքով ապահովելը կառավարության գերակա խնդիրն է, եւ մենք փորձելու ենք առաջիկայում նեդրումներ ներգրավել, ստեղծել նոր աշխատատեղեր: Մենք անպայման ունենալու ենք հաջողություն եւ ես դրանում չեմ կասկածում»,- ընդգծել է Հովիկ Աբրահամյանը:
Այնուհետեւ վարչապետն ուսանողներին է ներկայացրել նոր կառավարության ձեռնարկած քայլերը եւ ծրագրերը, որոնք առնչվում են փոքր եւ միջին բիզնեսին, այդ բնագավառում հավասար պայմանների ստեղծմանը, գործարար միջավայրի բարելավմանը, սոցիալական խնդիրների լուծմանը եւ այլն: