20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Սահմանադրական բարեփոխումների քննարկումները հասան մարզեր

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հանրային քննարկումների մարզային փուլը շարունակվում է: Արտաշատ քաղաքում այսօր կայացած հանդիպմանը մասնակցել են   ինչպես տեղական ինքնակառավարման մարմինների, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, մարզի բնակիչներ։

ՀՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը, խոսելով երկրի զարգացման գործում Սահմանադրության կարեւորությունից, նշել է, որ Սահմանադրությունը պետք է  կարողանա ապահովել պետության, հասարակության կյանքի նորմալ կենսագործունեությունը: «Մենք այսօր խոսում ենք դատական համակարգի անկատարությունից, հավաքների ազատությունից եւ այլն. սրանց լուծման միջոցներից մեկը հենց Սահմանադրությունն է»,- ասել է Հանձնաժողովի անդամը:

Նրա խոսքով Սահմանադրությունը պետք է լուծի մի քանի կարեւոր խնդիր՝ մարդու իրավունքների եւ ազատությունների սահմանում եւ այդ իրավունքների ու ազատությունների պաշտպանություն, ինչպես նաեւ դրանց ապահովման իրական մեխանիզմներ: Անդրադառնալով կառավարման ձեւի փոփոխությանը՝ Հրայր Թովմասյանը  խոսել է նաեւ պառլամենտական կառավարման մոդելին անցնելու անհրաժեշտությունից: Ըստ նրա՝ կիսանախագահականի դեպքում, եթե նախագահն ունի պառլամենտական մեծամասնություն, կառավարման ձեւը վերածվում է սուպերնախագահականի, իսկ եթե չունի այդ մեծամասնությունը, ապա՝ պառլամենտականի: «Այդ դեպքում մենք ունենալու ենք թույլ նախագահ, ով չի կարողանա արձակել պառլամենտը, ազատել վարչապետին եւ այլն, հետեւաբար` կհասունանա սահմանադրական, քաղաքական ճգնաժամ»,- ընդգծել է Հրայր Թովմասյանը:

Հանձնաժողովի անդամ Գրիգոր Մուրադյանը կարեւորել է սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը, նշելով, որ գործող Սահմանադրությունը  չի կարգավորում որոշ դրույթների լեգիտիմության ապահովումը: «Մենք ունենք կայացած իրավական պետություն, կայացած դատական համակարգ, սակայն կան հարցեր, որոնց լուծումը հնարավոր կլինի իրականացնել միայն սահմանադրական բարեփոխումների միջոցով»,- ասել է Հանձնաժողովի անդամը:

Քննարկմանը ներկա հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հարց են բարձրացրել, թե ինչպես են Սահմանադրությամբ ապահովվելու պաշտոնատար անձանց հանրային պատասխանատվության ենթարկելու մեխանիզմները: Հարցին ի պատասխան Հրայր Թովմասյանը նշել է, որ Սահմանադրությամբ պետք է հստակեցվի հանրային պաշտոնատար անձանց լիազորությունների շրջանակը, ներառվի հաշվետվողականության հստակ ընթացակարգեր: «Ստացվում է, որ հանրային պաշտոնատար անձն ունի լիազորություն՝ ընտրություններից առաջ հայտարարություններ անելու, սակայն չունի հանրային պատասխանատվության պարտավորություն: Հետեւաբար, սրանք, միանշանակ,  սահմանադրության մակարդակում լուծվող խնդիրներ են»,- ասել է Հանձնաժողովի անդամը:

Հաջորդ հանրային քննարկումը տեղի կունենա հուլիսի 7-ին՝ Արմավիրում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ