Մեր պետականության երաշխավոր բանակի աջակիցն ենք նաեւ այսօր. Սյունիքի մարզպետ /ֆոտո/
ՀՀ ՊՆ բանակային առաջին կորպուսի հրամանատար,գնդապետ Տիգրան Փարվանյանի նախաձեռնությամբ, հունիսի 20-ին,Գորիսում հանդիսավորությամբ նշվեց կորպուսի հիմնադրման 18-րդ տարեդարձը:Գորիսի կենտրոնական հրապարակում ցուցադրվեց բանակային կորպուսի ուշագրավ սպառազինությունը: Կեսօրին հրապարակ ժամանեցին ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը,Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը,բարձրաստիճան զինվորականներ եւ հյուրեր:ՀՀ ՊՆ բանակային առաջին կորպուսի հրամանատար,գնդապետ Տիգրան Փարվանյանը իր խոսքում ներկայացրեց կորպուսի անցած մարտական ուղին եւ հավաստիացրեց,որ իրենք ունակ են կատարելու ցանկացած առաջադրանք:
“Այսօրվա առիթը հիրավի ուրախալի է: Գաղտնիք չէ, որ սյունեցիների մոտ պետության ու բանակի հանդեպ կա եթե կուզեք նախանձելի հավատարմություն: Պատմության ողջ ընթացքում սյունեցին եղել է հայրենիքի նվիրյալ, հարկ եղած դեպքում զենք է բռնել, իսկ խաղաղ շրջանում շենացրել իր բնօրրանը: Սյունեցին այս սկզբունքից չի շեղվել նաեւ անկախության տարիներին ու հատկապես արցախյան պատերազմի ընթացքում: Մեր պետականության երաշխավոր բանակի աջակիցն ենք նաեւ այսօր եւ բնական է,որ բանակային առաջին կորպուսի, թույլ տվեք ասել ծննդյան օրը, նշում ենք հպարտությամբ:
Որքան էլ դժվար լինի սոցիալական վիճակը, սիրելի զինվորականներ, հավատացնում եմ, որ սյունեցիները՝ ի դեմս մարզային իշխանութան, իր հնարավորությունների սահմաններում լինելու է ձեր կողքին: Պարոն նախարար, վստահեցնում եմ, որ պաշտպանության նախարարության ու մարզպետարանի համատեղ թե միջնաժամկետ, թե երկարաժամկետ ծրագրերի մեր բաժինը կյանքի ենք կոչելու”,-ասաց նա:
Վահե Հակոբյանը կորպուսում նվիրեց 30 հեռուստացույց: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շնորհակալություն հայտնեց կորպուսի հիմնադրման ակունքներում կանգնած բոլոր հրամանատարներին եւ զինվորներին:Նախարարի հրամանով մի շարք զինծառայողներ արժանացան գերատեսչական պարգեւների: Կորպուսին հանձնվեց նաեւ հրամանատարական շտանդարտ: Զորահանդեսը ավարտվեց հետախուզական ջոկատի ցուցադրական ելույթով:
Ի դեպ, պաշտպանության նախարարը երեկ էր ժամանել Սյունիք եւ մարզպետ Վահե Հակոբյանի ուղեկցությամբ այցելեց մարզում տեղակայված ստորաբաժանումներ:
Լուսանկարներն առանց մեկնաբանության: