Սյունիքում նշվելու է Հունան Ավետիսյանի 100 ամյակը
Հունիսի 17-ին Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը հանդիպեց ՀՀ ՊՆ խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանին: Առիթը խորհրդային միության հերոս Հունան Ավետիսյանի ծննդյան 100 ամյակին նվիրված միջոցառումների ընթացքը ներկայացնելն էր: Վահե Հակոբյանը ողջունեց գեներալ-լեյտենանտի նախաձեռնությունը եւ խոստացավ հնարավորինս աջակցել ձեռնարկի իրականացմանը:
Ծրագիրը ներառում է երկօրյա միջոցառումների շարք, որտեղ հիմնականում դերակատարություն կունենան մեծ հայրենականի եւ արցախյան ազատամարտի մասնակիցները: Կլինեն նաեւ հյուրեր մայրաքաղաքից եւ ՌԴ-ից:
Մեկնարկը կտրվի հունիսի 19-ին`հերոսին նվիրված “Անմահության բանաձեւը” փաստավավերագրական ֆիլմի ցուցադրությամբ: Ֆիլմի նկարահանման եւ պատրաստման աշխատանքները հովանավորել է ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը: Ցուցադրությունից հետո նախատեսվում է քննարկում եւ պարգեւատրման արարողություն: Պարգեւատրումները շարունակվելու են հաջորդ օրը Ծավ գյուղում, որտեղ մեծ հանդիսությամբ կբացվի նաեւ հերոսի կիսանդրին: Ի դեպ, Մուրազ Սարգսյանը խնդրեց մարզպետին աջակցել Կապանի համար 9 ավագ դպրոցը դարձյալ վերանվանելու Հունան Ավետիսյանի անունով:
Մարզպետը խոստացավ հետամուտ լինել հարցի լուծմանը: Նախատեսվում է դպրոցում տեղադրել հերոսի կիսանդրին, հիմնել թանգարան եւ կահավորվել ռազմագիտության դասասենյակը: