«Փաշինյանի լրատվամիջոցի փակման ժամանակ սև ժապավեններով բերանները փակեցինք, ինչու՞ պիտի հիմա աչք փակենք» /տեսանյութ/
Եթե մեր երկրում ընդդիմադիր մամուլն արգելված չէ, ապա ինչո՞ւ այլ կարծիք չպիտի հնչի, կամ պետք է հնչի միայն այնպիսի կարծիք, որն ականջահաճո է իշխանությանը, մարդկանց մի հատվածի: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց «Անդին» ամսագրի երիտասարդության բաժնի խմբագիր Անի Տեր-Գուլանյանը՝ անդրադառնալով «Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակման դեպքին:
Տեր-Գուլանյանի խոսքով՝ մամուլի նկատմամբ ճնշումներ նախկինում իհարկե եղել են, սակայն վերջին շրջանում նման վերաբերմունքին սովոր չենք.
«Հիշում եմ՝ 1999 թվականին, երբ «Օրագիրը» ընդդիմադիր կեցվածքով հրապարումներ էր արել, և լրագրող Նիկոլ Փաշինյանի և առհասարակ մամուլի նկատմամբ ոտնձգություններ սկսվեցին, «Ար» հեռուսաընկերությունը ակցիա կազմակերպեց՝ սև ժապավեններով բերանները փակելով: Ես ինքս Նիկոլ Փաշինյանին «Ասպարեզ» ծրագրում ուղիղ եթեր հրավիրեցի, և նա ասաց իր բոլոր ընդդիմադիր կարծքներն ու քննադատությունները: Այսինքն՝ բոլորս պայքարում էինք մամուլի ազատության համար, ինչո՞ւ պիտի հիմա մեր աչքերը փակենք»,- ասաց նա:
Մեր հարցին՝ այդ դեպքում արդեն վարչապետ Փաշինյանը՝ որպես նախկին լրագրող և խմբագիր, չպե՞տք է արձագանքի կատարվածին, Անի Տեր-Գուլանյանը պատասխանեց.
«Իհարկե, սա անարձագանք չի կարելի թողնել, պետությունը պետք է իր մոտեցումը ցույց տա լրատվամիջոցի նկատմանբ նման ոտնձգության հանդեպ: Սա նախադեպ է, որը մեծ ընթացք կարող է ստանալ: Եթե որոշակի խմբեր սկսեն դեմ դուրս գալ այն լրատվամիջոցներն, որոնք իրենց դուր չեն գալիս, չգիտեմ՝ արդյունքում ինչ կլինի»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե կարծիքներ կան, որ իշխանության արձագանքն ուշանում է, քանի որ լրատվամիջոցի նկատմաբ ոտնձգությունը իրականացրած երիտասարդներն առնչություն ունեն իշխանությանը որոշ ներկայցուցիչների հետ, մեր զրուցակիցը հայտնեց՝ ենթադրում է, որ նրանք այսօրվա իշխանության համախոհներն են, և եթե իշխանությունը չարձագանքի, կարող է տպավորություն ստեղծվել, որ կատարվածն իրենց սրտից է եղել:
ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը հիշեցրեց՝ դատապարտել են տեղի ունեցածը՝ նախանշելով այն վտանգները, որոնց առջև կարող են կանգնել բոլոր լրատվամիջոցները.
«Թավշյա հեղափոխությունից կամ իշխանափոխությունից հետո այդ բառապաշարը ներխուժեց մեդիա դաշտ, սոցցանցեր, և դա, կարելի է ասել՝ հենց իշխանության ձեռքով տեղի ունեցավ: Նրանք այդ ամենը հանդուրժում էին, և մեդիաների ներկայացուցիչների հայտարությունները, որոնցով կոչ էին անում զերծ մնալ հայհոյախառն տեքստերից, անձը վիրավորող բովանդակությունից, որևէ արձագանք չստացան: Փորձեցին դասեր տալ ԶԼՄ-ներին՝ ինչպես աշխատել: Այս անհանդուրժողականության, ատելության մթնոլորտը հասել է վտանգավոր աստիճանի»,- ասաց նա:
Սեյրանյանը, հաշվի առնելով ՍԴ-ի շուրջ ծավալվող գործընթացները և «Հայելի»-ի գործունեությունը, համոզված է՝ տեղի ունեցածը կոնկրետ քաղաքական ակտ է և ուղղված է Հրայր Թովմասյանի դեմ, քանի որ մումուլի ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանը նրա քույրն է:
ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն էլ ընդգծեց՝ սա հարձակում է ոչ միայն Թովմասյան ընտանիքի վրա, այլև հարձակում է ժողովրդավարության այն մակարդակի վրա, որն ի հեճուկս անգամ իշխանությունների է ձեռք բերվել:
Նա դատապարտեց նրանց, որոնք իրենց ինտելեկտուալ մակարդակի ներքո հարուստ հայերենից չեն ընտրել այն խոսքերը, որոնցով իրենց անհամաձայնությունը կարտահայտեին այս կամ այն երևույթի հանդեպ.
«Ես տեսնում եմ այդ խմբերի ուժերով մեզ բերում են պարիտետային վիճակի: Չեմ գտնում, որ դա պատահական է: Դա հստակ ռազմավարություն է, որն իրականացվում է իշխանությունների կողմից »,- ասաց Ալավերդյանը:
Բանախոսները բացառում են, որ լրատվամիջոցի դեմ ոտնձգություն իրականցնելու շարժառիթը եղել է «Hayeli.am» կայնքում տեղադրված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածը:
Վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ում բազմաթիվ «ադրբեջանամետ» հրապարակումներ կան, որոնք մեծամասամբ նախկին իշխանության ժամանակվա են։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին մի խումբ երիտասարդներ գնացել են «Հայելի» մամուլի ակումբ և նույն տարածքում գտնվող «Hayeli.am» կայքի խմբագրություն, ձվեր են նետել և «դատապարտող» պաստառներ փակցրել լրատվամիջոցի պատի ու փակ մուտքի դռան վրա։ Նրանք հայտարարել են, որ եթե խմբագրությունը բաց լիներ, նույնը կանեին ներսում։