Բացվեց Ալավերդու բժշկական կենտրոնը
ՀՀ Լոռու մարզի Ալավերդու արդիականացված եւ հիմնանորոգված բժշկական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Համաշխարհային բանկի ներկայացուցիչ, առողջապահական գլխավոր մասնագետ Վեզի Մշիշան, այլ պաշտոնյաներ:
Ժամանակակից սարքավորումներով հագեցած բժշկական կենտրոնը հնարավորություն կընձեռի Ալավերդիու ու հարակից բնակավայրերի ազգաբնակչությանը մատուցել որակյալ բժշկական ծառայություններ հենց տեղում:
“Սիրելի ալավերդցիներ, Համաշխարհային բանկի հարգարժան ներկայացուցիչներ, այսուհետ բարձրորակ բժշական ծառայությունների համար ալավերդցին չի հասնի մայրաքաղաք”, -նշեց Արմեն Մուրադյանը` ավելացնելով, որ հիվանդանոցի նոր պայմաններն ամբողջովին համապատասխանում են միջազգային չափանիշներին:
Նախարարը շեշտեց, որ մարզերի համաչափ զարգացումը Հայաստանի Հանրապետության նախագահի նախընտրական ծրագրի կարեւոր բաղադրիչներից եւ առողջապահության նախարարության ռազմավարական ուղղություններից մեկն է:
Լրագրողների հետ զրույցում Արմեն Մուրադյանը նշեց, որ այսօր հիշարժան օր է Ալավերդի քաղաքի համար, քանի որ բնակչությունը զգում էր նմանօրինակ բժշկական կենտրոնի անհրաժեշտությունը: Նախարարը հավաստիացրեց, որ մարզային առողջապահական ծրագրերը շարունակական բնույթ են կրելու, որովհետեւ առաջին հերթին դրանք նպաստում են հասանելիության գործակցի բարձրացմանը, ինչպես նաեւ համահունչ են երկրի ղեկավարի կողմից հռչակված մարզերի համաչափ զարգացման սկզբունքներին:
“Վստահ եմ, որ Ալավերդու բժշկական կենտրոնում ստեղծված ժամանակակից պայմանները էականորեն կբարելավեն բժշկական սպասարկման որակը, իսկ բուժաշխատողներն իրենց մասնագիտական պարտականությունները կկատարեն ավելի մեծ նվիրումով ու պատասխանատվությամբ”,- ասաց նախարարը:
Նա վստահեցրեց, որ մարզային հիվանդանոցների արդիականացումը շարունակելու է մնալ նախարարության ուշադրության կենտրոնում։ Սա վերաբերում է ոչ միայն շենքային պայմաններին, այլեւ տրամադրվող բժշկական ծառայությունների որակի եւ հասանելիության բարձրացմանը, եղած միջոցների արդյունավետ կառավարմանը, ֆինանսավորման մեխանիզմների բարեփոխմանը, անհաժեշտ նեղ մասնագետներով ապահովմանը եւ առկա մյուս խնդիրներին։ Միաժամանակ, նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում են Ճամբարակի, Կապանի, Բերդի, Մեղրու , Վանաձորր հիվանդանոցների շինարարական աշխատանքները։
Արմեն Մուրադյանը շրջայց կատարեց նորաբաց բժշկական կենտրոնով, ինչպես նաեւ ականատեսը եղավ Ալավերդու բժշկական կենտրոնի եւ Երեւանի “Արաբկիր” բժշկական կետրոնի միջեւ հեռակապի կիրառմանը, որը նախարարը գնահատեց, որպես համագործակցության լավ օրինակ, ինչը կարող է նպաստել որակյալ մասնագիտական խորհրդատվությանը եւ փորձի փոխանակմանը:
Նշենք, որ մարզերի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի շրջանակներում ՀՀ Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանում միավորվեցին Ալավերդու հիվանդանոցը, Ալավերդու ծննդատունը եւ Ալավերդու պոլիկլինիկան` ստեղծելով “Ալավերդու բժշկական կենտրոն” ՓԲԸ: Ներկայումս ՀՀ Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանում գործում է 60 մահճակալ հզորությամբ բազմապրոֆիլային բժշկական կենտրոն` թերապեւտիկ, ներառյալ մանկաբուժական, վիրաբուժական, մանկաբարձագինեկոլոգիական եւ տարափոխիկ բաժանմունքներով:
Ալավերդու բժշկական կենտրոնի արդիականացումը տեղի է ունեցել երկու փուլով: Առաջին փուլի ընթացքում` Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով, հիմնանորոգվել է հիվանդանոցային մասնաշենքը, որտեղ տեղակայվել են թերապեւտիկ, վիրաբուժական բաժանմունքները, ախտորոշիչ եւ պոլիկլինիկական ծառայությունների մի մասը: Շինարարական աշխատանքների համար իրականացվել է 195,720,921 ՀՀ դրամի ներդրում: Մասնաշենքի հագեցումը բժշկական սարքավորումներով, պարագաներով եւ կահույքով իրականացվել է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող “Առողջապահական համակարգի արդիականացում” ծրագրի երկրորդ փուլի լրացուցիչ ֆինանսավորման վարկային ծրագրի շրջանակներում` 188,311,481 ՀՀ դրամ դրամի չափով: Այնուհետեւ, ՀՀ Նախագահի հանձնարարությամբ` որոշվել է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող Հայաստանի “Առողջապահական համակարգի արդիականացում” ծրագրի երկրորդ փուլի լրացուցիչ ֆինանսավորման վարկային ծրագրի շրջանակներում` տնտեսված միջոցների հաշվին ընդգրկել Ալավերդու բժշկական կենտրոնի եռահարկ հիմնական մասնաշենքի պոլիկլինիկական հատվածի հիմնանորոգումը:
Ծրագրի շրջանակներում Ալավերդու բժշկական կենտրոնը հագեցվել է հավելյալ ժամանակակից բժշկական սարքավորումներով, որոնցից մի մասը առաջինն են ՀՀ Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանում: Հիվանդանոցին տրամադրվել են նաեւ բժշկական կահույք ու պարագաներ:
Ալավերդու բժշկական կենտրոնի հիվանդանոցային մասնաշենքի պոլիկլինիկական հատվածի արդիականացման ծրագրի շրջանակներում ընդհանուր առմամբ իրականացվել է 652,563,7 հազ.դրամի (շուրջ1,589.4հազ. ԱՄՆդոլար) ներդրում։