14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ո’չ պատմության կրկնությանը. գերմանացի եկեղեցականները ցնցված են դեպքերի նկարագրություններից

Բեռլինում շարունակվում են Հայոց ցեղասպանության դատապարտման եւ զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները: Ապրիլի 30-ին տեղի Լիշտենբերգ շրջանի „Փրկչի“ եկեղեցում տեղի է ունեցել հուշ-երեկո, որին ներկա են եղել Գերմանիայում ՀՀ դեսպանատան դիվանագիտական անձնակազմի ներկայացուցիչ պարոն Դավիթ Գրիգորյանը, Գերմանիայում ԼՂՀ ներկայացուցիչ պարոն Հարություն Գրիգորյանը, քահանա Տեր Գնել Գաբրիելյանը եւ բազմաթիվ գերմանահայեր եւ օտարազգի հյուրեր:

Երեկոն իր ողջույնի խոսքով սկսել է Հայ եւ եվրոպացի մասնագետների ասոցիացիա /ՀԵՄԱ/ հ/կ նախագահ պարոն Միքայել Մինասյանը, ապա տերունական աղոթքով եւ ցեղասպանությունը դատապարտող „Մի’ սպանիր“ աստվածաշնչային մեկնությամբ ներկաներին է դիմել Բեռլինի եւ հյուսիս-արեւելյան Գերմանիայի թեմի պատասխանատու հոգեւորական Քահանա Տեր Գնել Գաբրիելյանը:

Հուշ-երեկոյին մասնակցելու իր նախնական բանավոր ցանկությունն էր հայտնել նաեւ  Գերմանիայում ՀՀ դեսպան պարոն Վահան Հովհաննիսյանը, ով սակայն հույժ կարեւոր հանդիպում ունենալու պատճառով չի կարողացել անձամբ ներկա գտնվել միջոցառմանը: Նրա փոխարեն ներկաներին իր ուղերձն է հղել ՀՀ դեսպանատան դիվանագիտական ներկայացուցիչ պարոն Դ. Գրիգորյանը: Վերջինս մասնավորապես անդրադարձել է ցեղասպանության կանխարգելման կարեւորությանն ու Թուրքիայի ներկայիս ժխտողական քաղաքականության հետեւանքներին` շեշտելով, որ ցեղասպանության ճանաչումն անխուսափելի է եւ կարեւոր հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործում: 

Իսկ ԼՂՀ ներկայացուցիչ պարոն Հարություն Գրիգորյանն իր խոսքում ընգծել է հայկական ներկա երկու հանրապետությունների միասնական նպատակասլացությունը հայոց ցեղասպանության համատեղ պահանջատիրական իրավունքների արտահայտման գործում: Նա շեշտել է Արցախի անկախության կարգավիճակի ճանաչումը համաշխարհային հանրության կողմից` որպես համընդհանուր հայկական հարցի բաղկացուցիչ մաս:   

Բեռլինի Պաուլ Գերհարդի անվան ավետարանչական եկեղեցու ներկայացուցիչները եւ այլ հյուրեր, որոնց համար թարգմանվել են բոլոր ելույթները, հայտնել են, որ ցնցված են եղեռնական միջադեպերի նկարագրություններից եւ պահանջում են այն դատապարտել:

Երեկոյի ավարտին իրենց ասմունքով երգեցողությամբ  եւ պատմական իրադարձությունների գեղարվեստական ներկայացմամբ հանդես են եկել ՀԵՄԱ հ/կ երեխաներն ու պատանիները` ամենավերջում մարտական տրամադրությամբ կատարելով „Գետաշեն“ երգը:

Գայանե Առաքելյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ