Արամ Ա-ն բաց ակնարկներ է արել վարչապետին /տեսանյութ/
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ:
Ողջույնի խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է.
«Վեհափառ Տեր, Ամենայն Հայոց Կաթողիկոս,
Վեհափառ Տեր, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս,
Ուրախ եմ շատ Ձեզ տեսնելու և հանդիպելու համար: Իհարկե, մենք նախկինում հանդիպել ենք, և ես ջերմությամբ եմ հիշում Անթիլիաս կատարած իմ այցելությունը՝ Ձեր գործունեության հոբելյանի առիթով: Վեհափառ Հայրապետի հետ մեր հանդիպումները պարբերաբար են: Դրանց մի մասը լուսաբանվում են, մյուս մասը չի լուսաբանվում, և ես շատ կարևոր եմ համարում այս շփումը, այս խոսակցությունը:
Եթե անկեղծ ասեմ, նույնիսկ մտածում եմ, որ խոսակցությունը դեռ չի էլ սկսվել, որովհետև սա մի շրջան էր, երբ մենք առավել թերևս զգուշավոր ենք մոտենում հարցերին, և դա բնական է: Բայց ես կարծում եմ, որ այս ընթացքում մի բանում հաջողել ենք՝ կարողացել ենք խոսակցության իսկապես անկեղծ և բաց մթնոլորտ ունենալ: Հատկապես այս խոսակցությունը կարևոր է մեր երկրի ապագայի վերաբերյալ, մեր ժողովրդի ապագայի վերաբերյալ, որովհետև կարծում եմ, որ մեր համազգային օրակարգի քննարկման շատ կարևոր առաքելություն ունենք և մեր համազգային օրակարգի ձևավորման շատ կարևոր առաքելություն ունենք:
Մենք գիտենք մի բան. և՛ մենք, և՛ մեր ժողովուրդը, և՛ մեր եկեղեցին, և՛ մեր հոգևոր դասը մի բանում համաձայն ենք, որ մենք չենք պարտվելու և պիտի հաղթենք այն մարտահրավերին հանդիման, որը մեր պետության, մեր ժողովրդի առաջ է, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության, Սփյուռքի: Համոզված եմ, որ այսպիսի շփումը, եկեղեցու հետ մեր հարաբերությունները և շփումը, քննարկումներն այս հարցում ունեն կարևոր և վճռական նշանակություն: Շատ ուրախ եմ այսօրվա առիթի համար և շնորհակալ եմ այցելության համար»:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր խոսքում նշել է.
«Շնորհակալություն, պարոն վարչապետ:
Այսօր ուրախ առիթ ունենք Ձեզ այցելելու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի՝ Արամ Առաջինի հետ: Շնորհակալ ենք այս հնարավորության համար, որ ընձեռել եք:
Արամ Առաջին կաթողիկոսը, ինչպես գիտեք, մի քանի օր է, որ արդեն գտնվում է Հայաստանում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, և մենք միասնաբար այս օրերին անդրադարձ ունեցանք մեր եկեղեցուն հուզող, մեր եկեղեցու առջև ծառացած զանազան հարցերի, խնդիրների, ինչպես նաև քննարկման նյութ եղավ մեր միջև մեր ազգային կյանքը հուզող հարցերն ու խնդիրները: Արամ Կաթողիկոսին, անշուշտ, մենք ներկայացրեցինք, որ Ձեր հրամանով ստեղծված է մի հանձնախումբ պետության և եկեղեցու միջև առկա հարցերն ուսումնասիրելու, քննելու և դրանք բարվոք լուծման առաջնորդելու:
Նաև, բնականաբար, մենք անդրադարձանք մեր եկեղեցու առաքելությանը, մեր ազգային կյանքում, մեր հոգևոր կյանքում՝ կարևորելով մեր գործունեությունը մեր ժողովրդի հոգևոր միասնության, մեր ժողովրդի ազգային միասնության, ինչպես նաև մեր երկրի կյանքի առաջընթացի համար: Մենք ընդգծեցինք, մասնավոր կարգով, անհրաժեշտությունը, որպեսզի մեր երկրում տիրի կայունությունը, տիրի սիրո մթնոլորտը:
Եվ հայ եկեղեցին այս առումով, ինչպես ողջ մեր պատմության ընթացքին, երբ ունեցել ենք պետություն, պետականություն, միշտ եղել է պետության կողքին և իր զորակցությունն է բերել պետության ապահով, անվտանգ գոյությանը և նրա ազգանվեր գործունեությանը:
Այս աշխատանքները մենք այլ առիթներով էլ բազմիցս ասել ենք, որ Հայ առաքելական եկեղեցին պիտի շարունակի նույն նախանձախնդրությամբ, որպեսզի մեր ժողովուրդը կարողանա միասնական ջանքերով հաղթահարել բոլոր դժվարությունները, բոլոր խնդիրները, որոնք ծառացած են այսօր մեր երկրի, մեր պետության և աշխարհասփյուռ մեր ժողովրդի առջև: Բնականաբար, դա թե՛ Արցախի անկախ պետականության ճանաչման հարցն է, թե՛ Հայոց ցեղասպանության, և թե՛ մեր երկրի կայուն, ապահով, առաջընթաց կյանքը:
Մենք կրկին անգամ ցանկանում ենք մեր շնորհակալությունը հայտնել այսօրվա հանդիպման համար և մեր բարեմաղթանքները բերել Ձեզ, Ձեր գործունեության հաջողությանը»:
Այնուհետև խոսքով է հանդես եկել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, ով, մասնավորապես, նշել է.
«Սիրելի պարոն վարչապետ,
ահավասիկ սա մեր երկրորդ հանդիպումն է, և այս անգամ ավելի պաշտոնապես՝ որպես վարչապետ ողջունում եմ Ձեր առաքելությունը, որովհետև հայրենակերտումին նվիրված որևէ անձի գործը սովորական իմաստով գործ չէ, այլ իր էությամբ և նպատակով առաքելություն է, և այդ առաքելությունը պետք է կատարվի կոչումի գիտակցությամբ:
Եվ ես վստահ եմ, որ այս գիտակցությամբ Դուք լծված եք այս առաքելությանը՝ Ձեր շուրջն ունենալով պատասխանատուներ, երիտասարդ տարրեր նույն առաքելության ճանապարհին:
Հետևաբար, Ձեզ մաղթում եմ ամենայն բարիք և ամբողջական հաջողություն, ինչպես միշտ ասել եմ, կկրկնեմ. Ձեր հաջողությունը հայրենիքի հաջողությունն է, հայրենիքի հաջողություը մեր ամբողջ ազգի հաջողությունն է, որովհետև Հայաստանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության սահմաններից անդին հարաբերաբար Սփյուռքին որոշ պատասխանատվություններ ունի:
Հետևաբար, ես Ձեր առաքելությունն ավելի համապարփակ կերպով եմ տեսնում: Իմ սպասումս է, որ ժողովրդի սպասումները, կարիքները հանգրվանային կերպով իրագործվեն: Այդ հանձնառությամբ Դուք այս առաքելությանը լծվեցիք և Ձեր բոլոր հրապարակային խոսքերի մեջ կարևորությամբ շեշտեցիք, որ ժողովրդից եք գալիս, ժողովուրդն է իշխանությունը, և ժողովրդի սպասումներն են, որոնք պետք է մղիչ ուժը դառնան Ձեր և կառավարության առաքելության: Բնականաբար, պետք է լինել իրատես. չի կարելի անմիջականորեն զգացությունը պայծառակերպել և այդ սպասումներն իրագործել:
Հանգրվանային կերպով առաջատվական ընթացքով իմ սպասումս է, որ ժողովրդի սպասումները, կարիքները, ակնկալությունները իրագործվեն:
Եվ այս ընթացքի մեջ նաև իմ սպասումս է, որ կարևորությամբ շեշտեք բազմակարծիքության բերելիք նպաստը Ձեր առաքելությամբ՝ թե՛ խորհրդարանից ներս, թե՛ խորհրդարանից դուրս:
Տարբեր կարծիքներ ունենալը հարստացուցիչ է՝ պայմանով, որ դրանք ինչ-որ տեղ իրար հետ հանդիպեն, իրար հետ շփվեն՝ մեր համազգային արժեքների և իդեալների շուրջ:
Պետք է այնպես անել, որ մենք բևեռացումներ չառաջացնենք:
Եթե կան բևեռացումներ, այդ բևեռացումները պետք է կամրջվեն նույն արժեքների շուրջ:
Եվ այս ուղղությամբ եկեղեցու դերը ես շատ կարևոր եմ համարում:
Ուրախ եմ, որ Ձեր խոսքի մեջ կարևորությամբ անդրադարձաք եկեղեցու դերին: Վեհափառն ինքն էլ ասաց, որ եկեղեցի-պետություն այս հարաբերությունները, ավելի ճիշտ՝ գործակցությունը, պիտի ասեմ, նկատի ունեմ հրամայական է թե՛ ազգաշինության, թե՛ հայրենակերտումի իմաստով:
Բնականաբար, կան տարբեր կարծիքներ, տարբեր մոտեցումներ: Ինչպես ասացի, այդ տարբերությունները պետք է դառնան վերջին հաշվով հարստացուցիչ, որովհետև մենք բոլորս էլ նույն օղակի մեջ ենք և նույն ճամփի վրա ենք գտնվում:
Հետևաբար, պարոն վարչապետ, մեկ անգամ ևս Ձեզ մաղթում ենք հաջողություն Ձեր առաքելության մեջ: Աստված պահի Ձեզ և մեր սիրելի հայրենիքը»: