Ղարաբաղցիներին «քցել» Ալիևի գիրկը
«Սպուտնիկին» տված հարցազրույցում Փաշինյանի նորանշանակ խոսնակ, ՀԱԿ-ական Վլադիմիր Կարապետյանը սենսացիոն մտքեր է հնչեցրել ԼՂ կարգավորման բանակցային գործընթացի առնչությամբ:
Կարապետյանն ասել է, թե զարմանում է՝ ինչու՞ Ալիևը չի ուզում նստել բանակցությունների ղարաբաղցիների հետ, եթե անկեղծորեն համարում է, որ վերջիններս իր քաղաքացիներն են: Փաստորեն, նոր Հայաստանի կառավարիչների «նոր մոտեցումը» բացահայտվում է վարչապետի խոսնակի շուրթերով: Հիշեցնենք, Փաշինյանը հայտարարել է, թե իրենք ԼՂ կարգավորման հարցում բոլորովին նոր`մինչ օրս չկիրարկված մոտեցում են առաջ քաշում: Փաստորեն, Փաշինյանի «նոր մոտեցումը» ղարաբաղցիներին «քցելն էր»՝ Ալիևի գիրկը:
Ի դեպ, Փաշինյանի կողմից կիրթ որակված Ալիեւի արձագանքը չուշացավ. Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան Trend.az-ի փոխանցմամբ՝ նշել է, որ ՀՀ վարչապետի խոսքերը բանակցություններին ԼՂ ադրբեջանական համայնքի մասնակցության վերաբերյալ, «ինչպես նաև նրա մամուլի քարտուղարի կողմից մարզի հայկական համայնքի ներկայացուցիչներին որպես Ադրբեջանի քաղաքացիներ ներկայացնելը ճիշտ մոտեցում է»:
Լեյլա Աբդուլաևան նշել է, որ Նիկոլ Փաշինյանը ասել է՝ ԼՂՀ ադրբեջանցի բնակչությունը մասնակցում է բանակցային գործընթացին և նրանց ներկայացնում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Վլադիմիր Կարապետյանը շարունակել է՝ եթե Բաքուն «փոքր ինչ մոտեցնի իր դիրքորոշումը հայկականին», ապա ընդհանուր հայտարարի գալու հնարավորությունը իրական կդառնա: Մինչդեռ Ալիևը սպառնում է Երևանը, Զանգեզուրը, Սևանը գրավելու հեռանկարով:
Երբ Ալիևի հետ «պայմանավորվածություն» ձեռք բերած վարչապետ Նիկոլ Փաշինյանը ի չիք էր դարձնում Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, փորձագիտական շրջանակները սա կապում էին ԼՂ հարցում Փաշինյանի փորձի պակասի, իրավիճակի սխալ գնահատման հետ, վստահաբար պնդելով, թե Փաշինյանը շատ շուտ հիասթափվելու է, քանի որ իր սպասելիքներն ու ձեռք բերված պայմանավորվածությունը չեն իրականանալու։
Քաղաքագետների վստահությունը փորձառություն էր`Ալիևը չէր կատարել Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ստորագրած պայմանավորվածությունները։ Ընդ որում, Բաքուն հրաժարվել էր այս պայմանավորվածություններից թե գործով, թե խոսքով։
Փաստորեն, խնդիրը նորեկների անտեղյակությունը եւ փորձի պակասը չէ. հետեւողականորեն մերժվում է նախորդ ավելի քան 10 տարիների ձեռքբերումները, որոնց շուրջ ոչ մի կերպ Ադրբեջանը մինչ օրս չի համաձայնվել: Փաշինյանը խոսնակը հայտարարել է՝ մադրիդյան սկզբունքները այլեւս բանակցային սեղանին չեն:
Ադրբեջանական մամուլը շարունակում է հրճվել` վերլուծելով Փաշինյանի ղարաբաղյան խնդրի կարգավորման մասով դիրքորոշումները: Բաքվում եզրակացնում են` Փաշինյանին կհաջողվի կյանքի կոչել ադրբեջանցիների երազանքը՝ այն է դուրս բերել զորքերը «գրավյալ տարածքներից» և պարտադրել ղարաբաղցիներին՝ հաշտվել այն մտքի հետ, որ Ղարաբաղը պիտի մնա Ադրբեջանի կազմում՝ լայն ինքնավարության կարգավիճակով: