Ավագ Շաբաթվա խորհուրդը
Քրիստոսի սուրբ Հարության տոնը մեզ՝ հայերիս՝ որպես Քրիստոնեությունն առաջինն ընդունած Լույսի ազգիս, համար հիմնական տոնն է՝ թերևս ավելի կարևոր, քան Սուրբ Ծնունդն ու Ամանորը: Եվ յուր Խորհուրդը հենց Վերածնունդն է՝ ունայնությունից ձերբազատվելու և դեպի Երկինք, դեպի Աստվածայինը գնալու հնարավորությունը:
Մեր կազմակերպությունը, առաքելություն ունենալով նպաստել մարդու մտավոր, հոգեբանական և հոգևոր զարգացմանը, իր հերթին ուզում է անդրադառնալ Ավագ Շաբաթվա Պատգամին:
Այսօր Ավագ Հինգշաբթին է. հենց այսօր Քրիստոսը բարձրանում է Գեթսեմանի այգի և դիմում յուր աշակերտներին՝ “Հոգիս տխուր է մահու չափ. այստեղ մնացե՛ք և արթուն կացե՛ք” ու աղոթքի անցնում, սակայն վերադառնալիս՝ նրանց քնած է գտնում, ու կրկին հորդորում՝ “Արթո՛ւն մնացեք և աղո՛թք արեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք՝ հոգին հոժար է, բայց մարմինը՝ տկար”: Այսպես երրորդ անգամ վերադառնալով՝ նրանց կրկին քնած է գտնում…
Մենք բոլորս Աստծո աշակերտներն ենք, և Ավագ Շաբաթը կրկնվում է ամեն տարի՝ ավա՜ղ, նույն կերպ. նույն կերպ տխուր է Տիրոջ հոգին, նույն կերպ մենք դավաճանում ենք Իր խոսքը և քնում՝ աղոթքի փոխարեն, ու նույն կերպ խաչում Նրան՝ մեր մեղքերով ծանրացնելով Սուրբ Խաչի բեռը…
…Ըստ պարականոնի, երբ Պետրոս առաքյալը, հուսահատվելով քարոզել Տիրոջ խոսքը բարբարոսությունների մեջ խրված Հռոմում, հեռանում է քաղաքից, ճամփին նրան հանկարծ հայտնվում է Քրիստոսը՝ դեպի Հռոմ գնացող: “Quo vadis, Domine?” /“Ո՞ւր ես գնում, Տեր իմ”/ դիմում է Պետրոսը և լսում ի պատասխան. “Քանի որ դու լքեցիր իմ ժողովրդին, գնում եմ Հռոմ՝ կրկին խաչվելու”. Պետրոս առաքյալը վերադառնում է Հռոմ, ուր և նահատակվում՝ խաչվելով:
Եվ հենց հիմա այս հարցը հիմնականն է, որ մենք պիտի տանք մեզ՝ Ո՞ՒՐ ԵՆՔ ԳՆՈՒՄ, արդյոք ընկալո՞ւմ և կրո՞ւմ ենք յուրաքանչյուրս մեր պատասխանատվությունը ողջ աշխարհի համար:
Եվ այսօր կոչ ենք անում բոլորին՝ եկեք ճեղքենք փակ շրջանը, եկեք այսօր արթուն մնանք (գիշերվա 12.00-ից մինչև 02.00) և խոկանք Աստծո Տուրևառության մասին:
“Եվ բավ է ձգտել էլ ավել քնել՝
Մի օր ստիպված ես Զարթնել”…
“Նոր Հայաստան” հ/կ և “Տիբեթ” կենտրոն