Մայրը սպանել է 7 նորածինների եւ մարմինները պահել նկուղում
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/noracin_1397477915.jpg)
Ամերիկյան Յուտա նահանգի Փլեսանթ-Գրոուվի ոստիկանությունը ձերբակալել է մի կնոջ այն բանից հետո, երբ բնակելի տան նկուղում 7 նորածնի դի է հայտնաբերվել, տեղեկացնում է Fox News-ը:
Ձերբակալվածը 39-ամյա Մեգան Հանթսմենն է, ով կասկածվում է 1996-2006թթ.-ին լույս աշխարհ եկած երեխաներին սպանելու մեջ: Նա ավելի վաղ բնակվել է այդ տանը։ Ըստ նախնական տեղեկությունների` հենց նա է լույս աշխարհ բերել այդ երեխաներին:
Ոստիկաններից մեկն ասել է, որ կնոջ ազգականներից մեկն ավտոտնակը մաքրելիս կասկածելի տուփ է գտել։ Երբ բացել է այն, հայտնաբերել է երեխայի մարմին: Նա դիմել է ոստիկանություն, ովքեր էլ խուզարկել են տունն ու ընդհանուր առմամբ 7 տուփ են գտել, որոնց մեջ նորածնի մարմիններ են եղել։
Հայտնի է դարձել, որ կինը 6 երեխա ունի: Նա այդ տունը լքել է այն ժամանակ, երբ բաժանվել է ամուսնուց:
Ներկայումս ուսումնասիրվում է նորածինների գենետիկան, պարզելու համար, թե արդյոք կինն իսկապես նրանց մայրն է: