Հայաստան մտնող գումարները նվազել են 100 միլիոնավոր դոլարներով
Անցած 6-7 ամիսների ընթացքում Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ տեղի-անտեղի հայտարարում է, որ Հայաստանը պետք է դառնա բարձր տեխնոլոգիական արտադրանք թողարկող և արտահանման ուղղվածություն ունեցող երկիր։ Սակայն, նրա գլխավորած կառավարության գործունեության արդյունքում տրամագծորեն հակառակ արդյունք է արձանագրվում՝ տարեսկզբի արտահանման ծավալների աճի բարձր տեմպը գնալով նվազում է, գրում է Yerevan.today-ը:
Վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձի հայտարարություններին անտեղյակ մարդուն կթվա, թե մինչ այժմ Հայաստանում նման քաղաքականություն չի տարվել։ Մինչդեռ իրականությունն այլ է։ Արտահանման ուղղվածությունը կարևորել են նաև նախորդ կառավարությունները և ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի կառավարության, ոչ թե հայտարարությունների մակարդակով, այլ կոնկրետ արդյունքներ ձեռք բերելով։ Բավական է ասել միայն, որ եթե 2000 թ-ին Հայաստանից արտահանվել էր ընդամենը 300 մլն դոլարի արտադրանք, ապա 2017-ին՝ 2 մլրդ 243 մլն դոլարի՝ աճելով շուրջ 7,5 անգամ։ Սա ի գիտություն «20 տարի քանդել են» հայտարարությունն անողների։ Ավելին, Նիկոլ Փաշինյանի կառավարման ամիսների ընթացքում հակառակ գործընթացն է տեղի ունենում՝ արտահանման աճի տեմպը նվազում է։ Դրա հետևանքով խորանում է երկրի արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը՝ ներմուծման և արտահանման տարբերությունն ի վնաս արտահանման։
Հոկտեմբերին արտահանումը կազմել է 2 մլրդ 4 մլն դոլար, իսկ ներմուծումը՝ 4 մլրդ 18 մլն դոլար։Նախորդ տարիներին արտաքին առևտրի բացասական տարբերությունն աստիճանաբար նվազում էր՝ արտահանումն աճում էր ավելի առաջանցիկ տեմպով, քան ներմուծումը, որի արդյունքում 2017-ին արտահանումն արդեն 1,8 անգամ էր զիջում ներմուծմանը։ Տարվա առաջին երեք ամիսներին այս հարաբերակցությունը պահպանվում էր։ Սակայն իրավիճակը սկսեց փոխվել ապրիլից հետո։
Սկսեցին նվազել թե՛ արտահանման, թե՛ ներմուծման ծավալները, բայց արտահանումը նվազեց անհամեմատ ավելի բարձր արագությամբ։ Մասնավորապես, արտահանումն այս 10 ամիսների ընթացքում աճել է 11,7 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 25,8 տոկոսով, ինչի հետևանքով էլ 10 ամիսների արդյունքում ներմուծումը սկսեց գերազանցել արտահանմանն ավելի քան 2 անգամ։ Սա նշանակում է, որ Հայաստանի տնտեսության դիրքերը թուլանում են ինչպես արտաքին, այնպես էլ ներքին շուկայում՝ Հայաստանում։ Դա էլ իր հերթին բերում է նրան, որ ավելի քիչ արտարժույթ է մտնում Հայաստան, տեղական արտադրության ապրանքները սկսում են զիջել իրենց դիրքերը ներմուծվող ապրանքներին։
Սա այն դեպքում, երբ Հայաստանի շուկան առանց այն էլ փոքր է անգամ տեղական արտադրողների համար, որոնց զարգացումը պետք է տեղի ունենա ներմուծվող ապրանքներին փոխարինելու և արտահանումն ավելացնելու միջոցով։ Սակայն, ինչպես արդեն նշվեց, Հայաստանում տեղի է ունենում հակառակ գործընթացը։ Թե որքա՞ն ջանքեր կպահանջվեն հետագայում, հաջորդ իշխանության կողմից այս իրավիճակը շտկելու և գոնե նախկինին վերադառնալու համար, դժվար է պատկերացնել։
Մյուս կողմից, ներմուծման առաջանցիկ աճը արտահանման նկատմամբ բերել է նրան, որ 2017-ի հունվար-հոկտեմբերի համեմատ 2018-ի հունվար-հոկտեմբերին Հայաստանը պակաս է մուտք գործել շուրջ 525 մլն դոլար։ Այսինքն, անցյալ տարվա այդ ժամանակահատվածում ներմուծումը ավելի է եղել արտահանումից 1 մլրդ 489 մլն դոլարով, իսկ այս տարի՝ 2 մլրդ 104 մլն դոլարով։ Դժվար չէ պատկերացնել, որ սա ազդելու է նաև փոխարժեքի վրա և հետագա նման ընթացքը ուժեղ ճնշում է գործադրելու դրամի վրա։ Դրա հետևանքով, առաջիկա ամիսներին դրամի արժեզրկման և գնաճի լուրջ ռիսկեր են առաջանալու։
Իրավիճակը բարենպաստ չէ նաև արտերկերից եկող մասնավոր փոխանցումների առումով։ Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների պատճառով մեր ռազմավարական դաշնակից երկրի տնտեսության մեջ տեղի ունեցող բացասական երևույթներն ազդում են նաև այնտեղ աշխատող և Հայաստանի իրենց հարազատներին գումարներ ուղարկող ՀՀ քաղաքացիների վրա։ Ամսեամիս այդ գումարները նվազում են։ Հունիս ամսից սկսած Հայաստան մտնող և Հայաստանից դուրս եկող գումարների տարբերությունը, այսինքն զուտ ներհոսքը՝ նվազել է հունիսին 88 մլն դոլարից սեպտեմբերին հասնելով 52 մլն դոլարի։
Ընդհանուր առմամբ, այս տարվա ինը ամիսներին (հոկտեմբերի տվյալները դեռ չեն հրապարակվել) նախորդ տարվա 9 ամիսների համեմատ մասնավոր փոխանցումներից պակաս է մուտք գործել մոտ 113 մլն դոլար։ Ակնհայտ է, որ այս գործընթացը ևս շարունակվելու է, ինչը նշանակում է, որ սա էլ իր հերթին է ճնշում գործադրելու դրամի կայունության վրա։ Այս գործընթացները սակայն Հայաստանի կառավարությանը կարծես չեն հետաքրքրում։ Ավելին, տպավարություն է ստեղծվում, որ ո՛չ վարչապետի պաշտոնակատարը, ո՛չ կառավարության մյուս անդամները տեղյակ էլ չեն այդ մասին։ Ակտիվ ներդրումային քաղաքականություն վարելու, արտահանմանը ոչ թե խոսքով, այլ իրականում խրախուսելու, արտարժութային հոսք ապահովելու և տնտեսական աճի՝ նախորդ կառավարությունից ժառանգություն ստացած տեմպը գոնե պահպանելու փոխարեն, նրանք ամեն ինչ անում են իրավիճակն ավելի վատթարացնելու համար՝ ներդրողների նկատմամբ բռնաճնշումներ, ահաբեկումներ, անհարկի ստուգումներ և անգամ ձերբակալություններ, բանկային գաղտնիքը խախտելուն ուղղված քայլեր, մշտական երթեր ու հանրահավաքներ, լայվեր ու սելֆիներ։
Արա Մարտիրոսյան
Աղբյուրը՝ Yerevan.today