20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

“Գրեթե 100 տարի է, ինչ ոչ միայն հայերը, այլ ողջ միջազգային հանրությունը սպասում է, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը”

Էդվարդ Նալբանդյանի խոսքը Ցեղասպանությունների կանխարգելման միջազգային գիտաժողովի եզրափակիչ նիստին

 

Ձերդ գերազանցություններ,

Տիկնայք և պարոնայք,

Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել փոխվարչապետ պարոն Դիդյե Ռեյնդերսին` կազմակերպելու համար այս կարևոր համաժողովը` նվիրված ցեղասպանությունների կանխարգելմանը, Ռուանդայում ցեղասպանության քսանամյա տարելիցի կապակցությամբ: Ես նաև կցանկանայի շնորհակալություն հայտնել Գլխավոր քարտուղար Բան Կի Մունին և ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդին՝ այս միջոցառմանն իրենց անձնական աջակցության համար:

Ինչպես նշեց Ռուանդայի ցեղասպանությունը վերապրած Էսթեր Մուժավայոն՝ չորս շաբաթ առաջ Ժնևում տեղի ունեցած ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան քննարկման ժամանակ` «Այսօր արդեն հայերի չորրորդ սերունդն է, որ դեռևս սպասում է»: Այո՛, գրեթե 100 տարի է, ինչ ոչ միայն հայերը, այլ ողջ միջազգային հանրությունը սպասում է, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Հաջորդ տարի կլրանա այս ողբերգության 100-րդ տարելիցը: Որպես մի ժողովուրդ, որը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը` մենք մեծ բարոյական պատասխանատվություն ենք զգում  մեր ներդրումը բերելու միջազգային հանրության ջանքերին՝ կանխելու մարդկության դեմ հանցագործությունները:

1948թ. Ցեղասպանության կանխարգելման կոնվենցիայի ընդունումից հետո անցած  60 տարիներին Կամբոջայի, Ռուանդայի, Դարֆուրի և այլ ողբերգությունները ցույց տվեցին, որ բարի կամքը բավարար չէ մարդկության դեմ հանցագործությունների նոր դեպքերը բացառելու համար:

Երբ մենք խոսում ենք անպատժելիության և դատապարտման բացակայության մասին՝ որպես ցեղասպանությունների կրկնության կարևոր պատճառ, շատերը մեջ են բերում 1939թ. ասված Հիտլերի խոսքը. «Ո՞վ է, ի վերջո, այսօր խոսում հայերի բնաջնջման մասին»: Բայց նույնիսկ իշխանության գալուց առաջ` 1931թ., գերմանական թերթերին տրված իր հարցազրույցներից մեկում Հիտլերը մատնանշում է հայերի կոտորածը` որպես հնարավոր տարբերակ այլ ազգերի հանդեպ կրկնելու համար: Հասկանալի է, որ ցեղասպանությունների կրկնության կամ մարդկության դեմ հանցագործությունների նոր փորձերի առանցքային պատճառներից մեկը միահամուռ և համարժեք միջազգային արձագանքի բացակայությունն է: Ցեղասպանությունների կանխարգելումը պատասխանատվություն է, որը պետք է կիսվի միջազգային հանրության կողմից: Սա պահանջում է պետությունների կողմից քաղաքական հանձնառություններ՝ թույլ չտալու ցեղասպանությունների իրականացումը աշխարհի ցանկացած մասում` առանց ստորադասելու այս համամարդկային խնդիրը որևիցե աշխարհաքաղաքական հաշվարկների:

Հասունացող ցեղասպան մթնոլորտի կանխումը ցեղասպանության կանխարգելման կարևոր հարթություն է: Անհրաժեշտ է չանտեսել և արմատախիլ անել այնպիսի ցեղասպան դրսևորումները, ինչպիսիք են ազգային, էթնիկ, ռասայական, կրոնական հողի վրա քարոզվող ատելությունը և թշնամանքը: Իհարկե, լիակատար կանխատեսումը ոչ միշտ է հնարավոր թվում, բայց հնարավոր է բացահայտել ցեղասպանության դրսևորումներին տանող վտանգավոր իրավիճակները և գոտիները: Միջազգային հանրությունը պետք է գնահատի ցեղասպան մթնոլորտի արմատները և պատճառները, որոնք հանգեցնում են այս սարսափելի հանցագործությանը և կանխի դրանք, քանի դեռ ուշ չէ: Ցեղասպանությունն աներևակայելի հանցագործություն է այն հասարակության համար, որը հիմնված է հանդուրժողականության և մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանության վրա:    

Ժողովրդի հիշողության իրավունքը, իրավունքը իմանալու անցյալի ողբերգությունների պատմությունը՝ կրթության և հիշատակի միջոցով, առանցքային դեր ունեն ցեղասպանության կանխարգելման և դատապարտման ճանապարհին:

Դա շատ կարևոր է, քանզի դառը փորձը ցույց է տալիս, որ ցեղասպանություն իրականացնողները տարբեր աշխարհագրական շրջաններում և տարբեր պատմական ժամանակահատվածներում արագորեն ըմբռնել և փոխառել են իրենց նախորդած ոճրագործների մարտավարությունը: Երիտթուրքերի Միության և առաջադիմության կոմիտեն Թուրքիայում, Նացիոնալ-սոցիալիստական գերմանական աշխատավորական կուսակցությունը Գերմանիայում, Հուտուների հանուն ժողովրդավարության ազգային հեղափոխական շարժումը Ռուանդայում, նրանք բոլորն օգտագործել են հատուկ ռազմականացված խմբավորումները՝ որպես զանգվածային սպանությունների հիմնական իրականացնողներ: Դրանք էին Թեշքիլյաթ Մահսուսան, Շուցշտաֆֆելը, Ինտերահամվեն: Ակնհայտ են մի շարք  նմանություններ ցեղասպան գործընթացներում, վերոհիշյալ և մարդկության դեմ իրականացված այլ հանցագործություններում, ինչպիսիք են զոհերի դեմ գործողությունները, նրանց ունեցվածքի բռնագրավումը, կոտորածների իրականացման ձևերը:

Ցեղասպանությունների` Մեծ Եղեռնի, Շոահի, Կամբոջայի, Ռուանդայի, Դարֆուրի և այլ ցեղասպանությունների զոհերի հիշատակի  օրերին պետք է մոտենալ ճանաչման և հաշտեցման ուղղությամբ առաջ շարժվելու պատրաստակամությամբ: Իհարկե, իրական հաշտեցումը չի նշանակում անցյալի մոռացում կամ երիտասարդ սերունդներին ժխտողականության հեքիաթներով սնուցում:

Քաղաքակիրթ աշխարհը վճռականորեն մերժում է ատելության, ռասիզմի հրահրումը, անհանդուրժողականության տարածումը, ցեղասպանության, մարդկության դեմ գործած հանցագործությունների ժխտումը՝ ազատ արտահայտվելու իրավունքի պատրվակով: Միջազգային ցեղասպանագետների կարծիքն այն է, որ ժխտումը ցեղասպանության շարունակությունն է:

Տիկնայք և պարոնայք,

Եզրափակելով ես կցանկանայի հիշատակել Հայաստանի կողմից նախաձեռնած և անցյալ տարի Մարդու իրավունքների խորհրդում կոնսենսուսով ընդունված Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևը, որի նպատակը միջազգային հանրության միասնական ջանքերով ապագայում ցեղասպանությունների կրկնության կանխարգելումն է: Այս բանաձևում սահմանված առանցքային մեխանիզմը վաղ կանխարգելման միջազգային կարողությունների հետագա զարգացումն է: Քաջալերող է, որ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մասնագիտացած միջազգային կառույցները իրենց առաջնային խնդիրն են դարձրել վաղաժամ զգուշացումը և ցեղասպանության կանխարգելումը:

Շնորհակալություն

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ