Ալավերդու պղնձաձուլարանի հետ կապված կառավարությունն առաջարկներ է արել
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը ֆեյսբուքյան հանրագրում անդրադարձել է Ալավերդու պղնձաձուլարանի փակմանը վերաբերող հարցերին:
«Ցանկանում եմ ընդգծել, որ Ալավերդու պղնձաձուլարանի հետ կապված մենք լուծումներ ենք փնտրում և ամենօրյա կապի մեջ ենք «Վալլեքս» խմբի ղեկավարության հետ: Արդեն իսկ ունենք մի շարք առաջարկներ, որոնք նախատեսում ենք քննարկել երկուշաբթի օրը, երբ կկայանա փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի և «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի հերթական հանդիպումը:
Նշեմ, որ ավելի վաղ նախատեսվող հանդիպումը հետաձգվել է մինչ երկուշաբթի, քանի որ պարոն Մեջլումյանը բացակայում է Հայաստանից: Բացի այդ, այսօր երեկոյան ընդունելու եմ Ալավերդու պղնձաձուլարանի մի խումբ աշխատակիցների՝ նրանց հուզող հիմնախնդիրները լսելու նպատակով», – նշել է նա:
Ալավերդու պղնձաձուլական գործարանն հոկտեմբերի 19-ից տեխնիկապես չի աշխատում: Գործարանի աշխատակիցները ի նշան բողոքի մի քանի ժամ փակել են միջպետական ճանապարհը: