Բուլղարիայի մի շարք քաղաքների օրենսդիր մարմիններում հիշատակվել են Օսմանյան կայրությունում իրականացված հայերի կոտորածները

Հունվարի 31-ին Քարլովո քաղաքի Համայնքային խորհորդը (նախագահ՝ Սթայո Քարագենսկի) ընդունել է հայտարարագիր, որն ուղղված է Բուլղարիայի խորհրդարանին, ԲՀ նախագահին, վարչապետին և Համայնքների ազգային միությանը: Հայտարարագրում դատապարտվում է Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունը բուլղարների հանդեպ: Նրանում շեշտը դրված է այն փաստի վրա, որ չնայած ներկայիս Թուրքիայի Հանրապետությունը չի
թաքցնում Օսմանյան կայսրության իրավահաջորդը լինելու իր հավակնությունը, սակայն լռում է ու հաճախ էլ ժխտում կայսրության գոյության ժամանակաշրջանում նրանց կողմից կատարված չարագործությունների մասին: Այս համատեքստում նշվում են 1903 թվականի բուլղարացիների
Իլինդենյան-Փրեօբրաժենյան ապստամբության և 1913 թվականի բուլղար խաղաղ բնակչության նկատմամբ թուրքական կանոնավոր բանակի և բաշիբոզուկների կողմից 20-րդ դարի սկզբին իրականացված կոտորածները, որոնք լիովին համապատասխանում են ցեղասպանություն բնութագրմանը: Հայտարարագրի հեղինակները նշում են, որ բուլղար ժողովրդի այդ ողբերգությունը 1915 թվականին 1,5 միլիոն հայերի և 1 միլիոնից ավելի ասորիների հանդեպ դաժանորեն իրականացված կոտորածների կանխանշան է հանդիսացել:
Փետրվարի 28-ին Բլագոևգրադ քաղաքի Համայնքային խորհրդի (նախագահ՝ Ռադոսլավ Թասքով) հերթական նիստի ժամանակ առաջարկվել է այստեղ ևս ընդունել վերոհիշյալ հայտարարագիրը և 31 հոգուց 27 ձայն «կողմ» արդյունքով այն ընդունվել է: Բլագոևգրադը Հարավարևմտյան Բուլղարիայի տնտեսական, մշակութային և կրթական կենտրոն է, որն իբրև բնակավայր
կազմավորվել է մոտավորապես մ.թ.ա. 300 թվականին: Ըստ 2012թ. մարդահամարի, քաղաքում բնակվում են 70 562 հոգի, որոնցից աննշան թիվ են ներկայացնում իսլամը դավանողները, այնինչ մարզի մակարդակով բնակչության 324 110 ընդհանուր թվից մուսուլման-սյունիթները կազմում են 40 000 հոգի և մարզպետն էլ էթնիկ թուրքերի ԴՊՍ կուսակցության անդամ, ծագումով թուրք
Մուսա Ջեմալ Փալևն է:
Փետրվարի 27-ին Բուլղարիայի Վրացա քաղաքի Համայնքային խորհուրդը նույնպես կայացրել է որոշում, որով սատարում է Քարլովոյի Համայնքային խորհրդի ընդունած հայտարարագիրը, որը ճանաչում և դատապարտում է 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության և երիտթուրքերի ռեժիմի կողմից կատարված ցեղասպանությունը բուլղարների, հայերի, ասորիների և այլ ժողովուրդների նկատմամբ: