27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մեր պետությունը երբեք այսքան ծանր վտանգների առաջ չի եղել. 168 Ժամ

Թերթի զրուցակիցն է 1994-95թթ. ՀՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավար, 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1991-95, 1995-99թթ. ՀՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Շահնազարյանը

Պարոն Շահնազարյան, ԱԺ կանոնակարգ  օրենքում փոփոխություններիհաստատումից հետո կտրուկ լարվեց իրավիճակը ներքաղաքական կյանքում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաք հրավիրեց ԱԺ շենքի մոտ, ապա տեղիունեցավ խոսակցություն խմբակցությունների հետ, որի արդյունքներով  վարչապետը հայտարարեց իր հրաժարականի միջոցով արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու մասին, իսկ ընդդիմությունը, իդեմս  ՀՀԿ–ի,  հայտարարեց, որ բանակցություն, ըստ էության, տեղի չի ունեցել։Ընդհանուր առմամբ այս   պահին իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում ՝ և՛ընդդիմության, և՛ իշխանության   դիրքորոշումները։

– Նախ՝ ուղղակի մի  ուղղում մտցնեմ Ձեր հարցի մեջ. վարչապետն իր համակիրների հետ ներխուժեց ԱԺ տարածք, դա ավելի ճիշտ ձևակերպում է, որովհետև դա փաստ է։ Նախ՝ այն մասին, թե ինչ փոփոխություն մտցրեց ԱԺ-ն կանոնակարգում, որովհետև  հանրության մեծ մասը բացարձակապես տեղյակ չէ դրանից։ Կառավարության ներկայացուցիչները դա ներկայացնում են՝ որպես վարչապետի դեմ արված քայլ, սակայն իրականությունը հետևյալն է. եթե ԱԺ պատգամավորները, իրենցից չկախված պատճառներից ելնելով, չեն կարողանում  նիստը շարունակել կամ գումարել, ապա դա համարվում է ընդհատված նիստ: Սա հատկապես այս իրավիճակի համար չափազանց բնական օրենք էր, որովհետև եթե այն, ինչ ասում եք, հերթական անգամ տեղի ունենա, և նիստը խափանվի,  ինչով Կառավարությունը բազմիցս սպառնացել է ԱԺ-ին, ապա և ենթադրենք՝ ԱԺ-ն որոշ ժամանակ չկարողանա այդ պատճառով ԱԺ նիստեր գումարել, ապա չի համարվի, որ ԱԺ-ն չի աշխատում, անգործունակ է և, օրենքի համաձայն՝ կարող է ցրվել։

Ակնհայտ է, որ սա Կառավարության ծրագրերի մեջ էր մտնում, և այս օրենքով ԱԺ-ն չեզոքացրեց այդ ծրագիրը, ինչը շատ բնական է։ Գործարարներից մեկն ինձ նման համեմատություն ներկայացրեց. «Օրինակ` եթե ես գործարանի  դռները փակեմ, աշխատողներիս մեկ շաբաթ չթողնեմ ներս գան, և հետո, երբ նրանք ներկայանան աշխատանքի, ասեմ՝  ես Ձեզ հեռացնում եմ աշխատանքից, որովհետև երեք օր անհարգելի բացակայել եք»։ Սա նույն բանն է։  Կառավարությունը և հատկապես վարչապետն անընդհատ  հրահրում են անկայունություն ՀՀ ներքաղաքական կյանքում։ Այսինքն՝ անկայունության աղբյուրը, որը շատ բնական է, դարձել է ներկայիս Կառավարությունը։

– Ինչպե՞ս է հրահրում։ Նշում է, որ պայքարում է կոռուպցիայի դեմ…

– Եկեք հերթով գնանք։ Առաջին օրակարգային հարցը, որը  վարչապետն առաջ քաշեց, ներդրումներն էր, ապա՝  կոռուպցիայի դեմ պայքարը, Մարտի 1-ի բացահայտումը, հետո՝ հակահեղափոխության դեմ պայքարը, և ներկայումս` ԱԺ լուծարումը։ Ներդրումային ծրագիրն ամբողջապես տապալված է։ Որևէ ներդրողի մտքով անգամ չի անցնի ներդնել մի երկրում, որտեղ վարչապետը հայտարարում է, որ ոչ թե օրենքը, ոչ թե անկախ դատարանները, այլ ինքն է անձամբ  ներդրումների երաշխավորը, որ ամեն մի ներդրողի կկցվի անվտանգության մի սպա: Այնուհետև`  «փռել ասֆալտին», «ծեփել պատին» սպառնալիքների դեպքում՝ որևէ ներդրողի մտքով  չի անցնի այդպիսի երկրում ներդրում անել։ Ուստի ներդրումների իսպառ բացակայության պատճառն ինքը՝ Կառավարությունն է։

– Հեղափոխական շրջանակները պնդում են, որ մինչև արտահերթխորհրդարանական   ընտրություններն այս երկրում ներդրումներ ևտնտեսական ակտիվություն հնարավոր չէ։

– Կառավարությունն ասում է՝ երկրում ոչ մի լավ բան չի լինի, ներդրումներ չեն լինի, բարեփոխումներ չեն լինի, արևը չի ծագի… (ծիծաղում է.- Ա.Մ.) Դրանք բացարձակապես անհիմն պնդումներ են։ Փաշինյանի կառավարության երկրորդ  առաջնահերթությունը, այսպես կոչված, կոռուպցիայի դեմ պայքարն էր: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այդ ուղղությամբ որևէ քայլ չի արվել։ Մենք ականատես եղանք շոուի մեծ տարրեր պարունակող ձերբակալությունների, կալանավորումների, բայց եկեք արձանագրենք մեկ պարզ փաստ, որ այսօր այդ բոլոր ձերբակալվածներից, չեմ ուզում թվարկել, ազատազրկված է միայն Մանվել Գրիգորյանը, մնացածն ազատ են արձակվել ինչ-ինչ պատճառներով։

Իմիջիայլոց, քանի դեռ Մանվել Գրիգորյանի գործի վերաբերյալ  դատարանի որոշում չկա, որևէ մեկն իրավունք չունի նվաստացնել, ստորացնել Մանվել Գրիգորյանին: Բոլորս էլ լավ գիտենք Մանվելին, շատ լավ գիտենք, անկախ նրանից, թե նա ինչ է արել, թե նա ինչում է մեղադրվում, Մանվել Գրիգորյանը մեր  հայրենիքի առաջ մատուցել է այնքան ծառայություններ, որ այսօր գործող Կառավարությունը՝ բոլորը միասին վերցրած, դրա կեսն էլ չեն արել: Եվ Մանվել Գրիգորյանը վաստակել է, որ նույնիսկ մեր այս ոչ իրավական երկրում իր նկատմամբ լինի արդար քննություն, արդար դատավարություն, և որևէ մեկը չհամարձակվի, քանի դեռ դատարանի վճիռ չկա, նրան նվաստացնել և ստորացնել։ Վերադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին՝  ես կասեմ, որ որևէ քայլ չի արվել։

– Բայց վարչապետը պնդում է, որ Հայաստանում այլևս կոռուպցիա չկա։

– Գիտեք, դա այնքան է համապատասխանում իրականությանը, որքան այն, երբ 80-ական թվականներին  հայտարարում էին, որ Խորհրդային Միությունում սեքս չկա։ Ներկայիս Կառավարությունը չի էլ հասկանում ընդհանրապես, ցավոք սրտի, թե ինչ է իրենից ներկայացնում կոռուպցիա  երևույթը։ Կոռուպցիան  ունի շատ ու շատ բաղադրիչներ, բայց դրա  կարևորագույն բաղադրիչներից մեկը սոցիալական բաղադրիչն է։ Չի կարելի ոստիկանության սպային վճարել, ենթադրենք, 300-350 դոլարին համարժեք աշխատավարձ և պահանջել, որ նա ազնիվ  լինի, որովհետև այդ աշխատավարձով նա պարզապես արժանապատիվ ապրել չի կարող։ Չի կարելի բանտի հսկիչին  վճարել 80 կամ 100 հազար դրամ աշխատավարձ և պահանջել, որ նա ազնիվ լինի։ Բնական է, չէ՞, որ կոռուպցիան բարգավաճում և ծաղկում է աղքատ երկրներում. որքան երկրի  կենսամակարդակը բարձր  է, այնքան կոռուպցիայի մակարդակը ցածր է։

Առանց այս բաղադրիչը լուծելու՝ կոռուպցիայի դեմ կարելի է ժամանակավորապես պայքարել վախի մթնոլորտի ներքո։ Մինչև այս բաղադրիչն իր լուծումը չգտնի՝  կոռուպցիայի դեմ որևէ պայքար լինել չի կարող։ Կոռուպցիայի դեմ պայքարը, առաջին հերթին, բարեփոխումներն են, ինչից այս Կառավարությունը սարսափում է, որովհետև ոչ մի ծրագիր չունի։ Իմիջիայլոց, ասեմ` տեսեք, թե  ԱԺ-ում ինչ իրավիճակ է ստեղծվել. օրակարգ չկա, քանի որ Կառավարությունն օրինագծեր չի ներկայացնում։ ՀՀ-ում երբեք նման բան չէր եղել. ընդհանրապես  օրինագծերը միշտ եղել են բավականին շատ, որևէ երկիր չեմ տեսել նման իրավիճակում։ Պետք է արժանապատիվ աշխատավարձ տալ առաջին հերթին այն ոլորտների աշխատակիցներին, որոնք կոռուպցիոն տեսակետից վտանգավոր են։ Դրա համար պետք են բարեփոխումներ։

Օրինակ` Հայաստանում շատ մեծ է մեկ շնչին ընկնող ոստիկանների թիվը։ Շատ կոպիտ օրինակ եմ բերում. կարելի է, չէ՞, 50 տոկոսով կրճատել և գոնե բարձրացնել մյուսների աշխատավարձերը, բայց այս Կառավարությունը երբեք նման քայլի չի գնա, քանի որ ներկայիս Կառավարության միակ շարժիչ ուժն ամբոխահաճությունն է, այսպես կոչված՝ պոպուլիզմը։ Կոռուպցիան  բազմաշերտ ու բարդ բնագավառ է, որն արմատախիլ անելու համար լուրջ ծրագիր է անհրաժեշտ: Ավելին, կոռուպցիա կա, կոռուպցիան գնալով ավելի մեծանալու է, դրանում որևէ կասկած չունեմ: Ուստի արվածը բացարձակ  անպատասխանատու հայտարարություն էր։ Անցնենք Մարտի 1-ի քննությանը։

– Մարտի 1-ը բացահայտվա՞ծ է։

– Վարչապետը հայտարարում է, որ բացահայտված է, այնինչ դա նույնպես իրականությանը չի համապատասխանում, որովհետև, ըստ էության, բացի այն երեք անձերից, որոնց մեղադրանք է առաջադրվել, մենք ոչինչ չգիտենք։ Եղել են տասը սպանություններ, շատ ու շատ դեպքեր են տեղի ունեցել։ Ավելին, ես կարող եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) տապալել է Մարտի 1-ի բացահայտումը ու այդ գործն ուղղակիորեն տապալել է: Քննությունն ընթանում է շատ վտանգավոր ուղիով, առայժմ չեմ ցանկանում այդ մասին խոսել։ ՀՔԾ-ի պետը, դիվանագիտական լեզվով ասած, ինձ հիասթափեցրեց՝ որպես իրավաբան։

Ընդհանրապես կուզեի ասել, որ այս 5 ամսվա ընթացքում մեր պետականությունը չափազանց թուլացել է։ Նույն ՀՔԾ պետի վերաբերյալ, իրավաբանը չի կարող իրեն թույլ տալ նման ձևակերպումներ: Օրինակ՝ եթե հիշում եք, երբ Վերաքննիչ դատարանի վճռով Ռոբերտ Քոչարյանը ազատ արձակվեց, ՀՔԾ պետը  հայտարարեց, որ դա ապօրինի վճիռ է։ Դատարանի վճիռն օրենք է, այսինքն` ՀՔԾ պետը հայտարարեց, որ օրենքն ապօրինի է։ Սա իրեն թույլ չէր տա նույնիսկ իրավաբանական ֆակուլտետի առաջին կամ երկրորդ կուրսի ուսանողը։ Երկրորդ, եթե ապօրինի է, այդ դեպքում վերոհիշյալ անձի ուղղակի պարտականությունն է՝ քրեական հետապնդում սկսել այդ դատավորի նկատմամբ։

Ի՞նչ մեղադրանք է  հարուցվել այդ երեք անձերին՝ ես նկատի ունեմ ՀՀ երկրորդ նախագահին, ՀՀ Պաշտպանության նախկին նախարարին և նախկինում ՊՆ տեղակալ Յուրի Խաչատուրովին. մեղադրանքը հիշո՞ւմ եք` սահմանադրական կարգի տապալում, ոչ թե՝ տապալման փորձ, այլ՝ տապալում: Պետք չէ իրավաբան լինել՝ հասկանալու համար, թե դրանից ինչ հետևանքներ են բխում։  Նշանակում է, որ 2008 թվականի մարտի մեկին տապալվել է ՀՀ-ում սահմանադրական կարգը, և դրանից հետո 10 տարի ինչ տեղի է ունեցել ՀՀ-ում` ընտրություններ, ԱԺ որոշումներ, միջազգային պայմանագրեր, դրանք բոլորը սահմանադրական կարգից դուրս են։

Եվ կարելի էր ավելի առարկայական մեղադրել: Այո, ես մեղադրում եմ ՀՔԾ պետին, որ նա տապալել  է Մարտի 1-ի  քննությունը։ Ավելին, ես առաջարկել էի, որպեսզի միջազգային փորձագետներ, քննիչներ ներգրավվեն, որպեսզի  հնարավորին չափ չքաղաքականացվի բացահայտման այդ գործընթացը։ Ինչպե՞ս մենք կարող ենք Մարտի 1-ի էջը փակել: Հասարակությունը պետք է վստահ լինի քննության արդյունքներին։ Դա կլիներ միայն այն դեպքում, եթե  միջազգային ներկայություն լիներ քննությանը, այլապես յուրաքանչյուր հաջորդ իշխանություն կբացի այս գործը՝ ըստ իր քաղաքական  նպատակահարմարության: Իշխանությունները  դա բացարձակ չցանկացան անել։ Ուղղակի տապալել են քննությունը, և այդ պատասխանատվությունը կրում է ՀՔԾ պետն անձամբ, և նա պատասխան է տալու դրա համար։

– Հանրային ընկալումներում այս 3 գործիչներն են Մարտի 1-ի պատասխանատուները։ Ձեր խնդիրը մեղադրանքի հիմնավորվածությո՞ւնն է։

– Մեղադրանքը, որ ներկայացվել էր այդ երեք անձերին, երկու փաստաթղթի հիման վրա է։ Կրկնում եմ, եթե  Մարտի 1-ը բացահայտված է, ուրեմն պետք է բացահայտված լինեին այդ 10 սպանությունները, անկարգությունները, ամեն ինչ` հանրային և մասնավոր գույքի ոչնչացում…  Տրամաբանական է, որ քննությունը պետք է ներքևից գնար վերև։  Այս ամենի մասին մենք որևէ տեղեկություն չունենք, դա դարձվել է գաղտնիք, չգիտենք` ինչ է կատարվում, ինչ ուղղությամբ է գնում։ Դա հիմք է տալիս ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ Մարտի 1-ի գործը տապալված է։

Մյուսը, հակահեղափոխությունն է.  այսօր իշխանություններն անընդհատ ասում են, որ  ընդդիմություն չկա։ Բայց ինչպե՞ս կարող է լինել, եթե հեղափոխությունն ընդդիմություն չի ունենում, հեղափոխությունն ունենում է հակահեղափոխություն, որին պետք է ֆիզիկապես ոչնչացնել. բոլշևիզմ, ուրիշ ոչինչ։ Փառք Աստծո, որ մեզ մոտ դեռ հեղափոխություն չի եղել, և ես հույս ունեմ, որ մենք  կփորձենք արգելակել, չնայած հասարակության այսօրվա վիճակին։ Եթե չեմ սխալվում, Նիկոլ Փաշինյանը  բառացիորեն հայտարարել է, որ հակահեղափոխություն ասելով՝ նկատի ունի Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, նրանց շրջապատը։ Նա հայտարարել է, որ նրանք քաղաքական դիակներ են։ Բայց օրինակ` Երևան քաղաքի ընտրությունների ողջ նախընտրական քարոզարշավն ուղղված էր վերոհիշյալ գործիչների դեմ։ Այդ դեպքում, տղա ջան, ինչո՞ւ ես դիակների դեմ պայքարում, սա ի՞նչ դիակապտություն է։ Անտրամաբանությունն ու հակասությունները շատ են այսօրվա Կառավարության դիրքորոշումներում։

Իրականություն է, չէ՞, որ  հասարակության մեծ մասը, չասենք` որքան մեծ, այնուամենայնիվ,  ամբողջովին սատարում է, դա փաստ է։ Շատ պարզ` ատելությունը մթագնել է գիտակցությունը։ Այո, դուք ասացիք, որ հոկտեմբերի 2-ին մեծ բազմություն էր հավաքված Ազգային ժողովի բակում, ներխուժել էին, բայց արդյո՞ք այնտեղ ՀՀ քաղաքացիներ շատ կային։ Ո՛չ, քաղաքացիներ չկային, կար բազմություն։ Եկեք հստակ հասկանանք, որ ատելության վրա դա կարելի էր անել։ Ես չեմ ասում, որ այդ ատելությունն անհիմն էր, բայց դա բազմապատկվեց, և  ներկայումս այդ ատելության քարոզի վրա փորձ է արվում ինչ-որ բան առաջ տանել։ Եթե նախորդ իշխանությունները մեղավոր էին Հուլիոս Կեսարի սպանության, Աբրահամ Լինքոլնի, Ստոլիպինի, Քենեդու սպանության մեջ, հասկացանք, բայց այն, որ   դու այդ իշխանությանը հեռացրել ես՝ դա դեռ չի նշանակում, որ դու ավելի լավն ես, որովհետև առ այսօր բացարձակապես ոչինչ չի արել այս իշխանությունը։ Տնտեսական վիճակը վատացել է, արտաքին քաղաքական վիճակը շատ տխուր է…

Եվ այս իրավիճակում հիմա դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ են պահանջում:   Այն, որ մենք  քաղաքական համակարգ չունենք, կոլապսի մեջ ենք՝ դրա մասին ես մի քանի ամիս առաջ եմ ասել։ Քաղաքական համակարգը դա միայն կուսակցությունները չեն, դա քաղաքացիական սեկտորն է, այսպես ասած, ոչ կառավարական կազմակերպությունները, իրավապաշտպանները, փորձագիտական հանրությունը։ Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ մեր քաղաքացիական հասարակությունը նույնպես նույն վիճակում է, չնչին բացառություններով` այսօր բոլորը հեղափոխական են, իրավապաշտպաններ գոյություն չունեն:  Կարող եմ տասնյակ օրինակներ բերել.  երբ վարչապետը, օրինակ, հայտարարում է՝ «պառկեցնել ասֆալտին», «ծեփել պատին»,  մենք տեսա՞նք, որ քաղաքացիական հասարակության կամ իրավապաշտպանի  ինչ-որ  լուրջ արձագանք լինի:  Բացարձակապես չեղավ: Այս օրինակները ես կարող եմ  անվերջ շարունակել: Նման օրինակները շատ-շատ են:

Զորախումբ է ուղարկվում Սիրիա: Որտե՞ղ են դրա իրավական հիմքերը, գոյություն չունե՛ն: Դա չափազանց  լուրջ վտանգ է Հայաստանի Հանրապետության համար: Թողենք այն հանգամանքը, որ շատ հնարավոր է՝ դրա պատճառով արևմտյան պատժամիջոցների տակ հայտնվենք: Թողնենք այն հանգամանքը, որ Հայաստանն այն երկիրը չէ, որ  ներքաշվի Սիրիայի այս բարդագույն թնջուկում: Կա շատ ավելի մեծ վտանգ,  քան արևմտյան պատժամիջոցները` Հայաստանը և Սփյուռքի հայկական համայնքները՝  բոլորը միասին, դառնում են իսլամական ահաբեկչական տարբեր կազմակերպությունների թիրախ:  Մտածե՞լ է արդյոք կառավարությունն այդ մասին:

– Ըստ Ձեզ` ինչո՞ւ այս  հումանիտար նախագիծը նախաձեռնվեց Սիրիայում:

– Հումանիտար  նախաձեռնություն չկա, հումանիտար նախաձեռնության դեպքում զինվորականները չեն գնում, ՊՆ-ն չի գնում:

– Պաշտպանության նախարարը պնդում է, որ զինվորականներ չեն, բժիշկներ, սակրավորներ են և այլն: Այսինքն` զորախումբ չէ:

– Ես դա լուրջ չեմ համարում: Ուսադիրներով գնում է ՊՆ-ն: Եթե այլ է, մենք ունենք ԱԻՆ-ի ուժեր, նրանց ուղարկեք: Եթե գնում են զինվորականները,  ապա դա օրենքի կոպիտ խախտում է, որովհետև ըստ օրենքի՝ դա պետք է լինի միջազգային պայմանագրով, որը պետք է հաստատվի ԱԺ-ի կողմից: Ես չեմ ուզում վարչապետի լեքսիկոնն օգտագործել, դա հարիր չէ ինձ, բայց այս ի՞նչ կրուտիտներ են: Ասում եմ, որ իրենք լավ հասկանան: Եվ սա չափազանց լուրջ սպառնալիք է:

Վերադառնալով ներքաղաքական վիճակին: Լրատվամիջոց է խուզարկվում բոլորովին անհիմն…  լռություն, չի կարելի այդ մասին խոսել: Երևանի ընտրություններից մեկ օր առաջ մասնակից կուսակցություններից մեկի գրասենյակն է խուզարկվում (ԲՀԿ-ի.- Ա.Մ.)…  լռություն է բացարձակ, որովհետև բոլորը, այսպես կոչված, հեղափոխականներ են, և այս իրավիճակում արտահերթ ընտրությունների անցկացման արդյունքում  մենք կունենանք լրիվ հեղափոխական խորհրդարան:

Կարծում եմ, որ վարչապետի կուսակցությունից բացի, ևս մեկ կուսակցություն, ծայրահեղ դեպքում՝ երկու կուսակցություն,  կկարողանան հաղթահարել անցողիկ շեմը։ Վարչապետը,  հանձինս ընդդիմության, կունենա, ենթադրենք,  իր «Լույս»  դաշինքը` նույնպես հեղափոխական, և կունենանք  բացարձակ միահեծան իշխանություն: Որքան էլ քննադատենք  ներկայիս խորհրդարանը, որը շատ հեռու է այն խորհրդարանից, որը ես կցանկանայի, որ  ունենար  իմ պետությունը, այն միակ պատնեշն է մեր և  անխուսափելի դիկտատուրայի միջև, որովհետև վարչապետն  առանց այն էլ անընդհատ բռնապետական  հակումներ է  ցուցադրում  ու չի թաքցնում: Սա է իրականությունը, և սա պետք է հասկանանք:

Անդրադառնալով հասարակության ներկայիս վիճակին, եկեք բացարձակապես չմեղադրենք հասարակությանը:  Մեր ժողովուրդն է, մեր հասարակությունը, ես ասացի, որ բազմությունը մեծ էր, քաղաքացիները` քիչ, քանի որ քաղաքացիներն այս հարցերը կդնեին Կառավարության առջև անընդհատ:

Ահաբեկչության նոր ձև է գտնվել՝  դա  սոցիալական ցանցերում խուժանի հայհոյանքներն են, բայց դա էլ արդեն չի աշխատում, ուղղակի հայհոյանքներ են: Հենց նույն այն դեպքերը, որից Դուք սկսեցիք հարցազրույցը, ցույց տվեցին, որ այնուամենայնիվ   ժողովրդի ճնշումը  խորհրդարանի նկատմամբ  արդեն հասել է իր սահմանագծին, և դա նույնպես չի աշխատում, սոցիալական ցանցերի խուժանությունը, կներեք, որ այդ ոչ գրական բառն եմ օգտագործում, նույնպես սկսում է իրեն սպառել, և  վարչապետը պետք է դեռ շատ խորը մտածի իր խոստացած հրաժարականը տալու շուրջ:

Դեկտեմբերին  ընտրությունները  կլինեն պարզապես ահավոր, մենք կդառնանք Ադրբեջան՝ առանց նավթի: Դրանում արդեն որևէ կասկած չունեմ և շատ լավ գիտեմ, որ հասարակության մի մասը բացարձակապես չի  ընկալելու իմ ասածը: Բայց այս փուլերը, որ մենք, մեր հասարակությունը, ժողովուրդը  ներկայումս անցնում ենք, շատ երկրներ են անցել:

Գերմանական  ժողովուրդն է այս փուլով անցել, իտալացիներն են անցել, վրացիներն են անցել, ադրբեջանցիներն են անցել այս փուլերով: Համենայն դեպս, պետք է մենք անենք ամեն ինչ, որպեսզի չհասնենք այն արդյունքներին,  ինչ արդյունքներ ստացվեցին վերոնշյալ  երկրներում։ Պետք է հստակ հասկանանք, որ  մեր հասարակությունում կա առողջ մաս, որը հստակ  հասկանում է այս վտանգները, հստակ հասկանում է, որ գնում ենք բռնապետության ճանապարհով, միակուսակցական համակարգի ճանապարհով:

Գիտե՞ք, ժողովրդի անունը չի կարելի շատ շահարկել բառիս բուն իմաստով: Կան քաղաքացիներ, կա ժողովուրդ: Մարդկության պատմության մեջ բոլոր մեծագույն ոճրագործություններն արվել են հանուն ժողովրդի, ժողովրդի անունից և ժողովրդի աջակցությամբ: Քրիստոսի խաչելությունից՝ մինչև ստալինյան Սովետական Միություն, հիտլերյան Գերմանիա, կարող ենք շարունակել…  Պետք չէ շահարկել: Ժողովրդին համոզում են, որ դա դու ես ուզում:

Ժողովուրդ, ա՛յ, դու ներդրումներ էիր ուզում, դու կոռուպցիայի դեմ պայքար էիր ուզում,  հետո Մարտի 1-ի բացահայտում էիր ուզում, հետո հակահեղափոխության դեմ պայքար էիր ուզում, իսկ հիմա  դու ուզում ես արտահերթ խորհրդարանական ընտրություններ, խորհրդարանի լուծարում… Եթե մեր վարչապետին Մատրոս Ժելեզնյակի դափնիները հանգիստ չեն տալիս, ապա դա  իր խնդիրն է:

Մեր պետությունը երբեք այսքան ծանր վտանգների առաջ չի եղել: Տեսեք, թե ինչեր են կատարվում`սկսվում է հարձակում  «Հայաստան» համահայկական հիմնադրամի նկատմամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նկատմամբ, կարող եմ այս շարքը շարունակել` հակահեղափոխություն, նախկինների ամեն ինչի վրա, բանակի վրա, պաշտպանության բանակի վրա: Անընդհատ փորձեր են արվում  իշխանության կողմից, այսպես կոչված, հեղափոխությունն արտահանել Արցախ, փառք Աստծո, չի ստացվում, հիմա փորձում են ահաբեկչություն  արտահանել Արցախ:

Գիտեք, որ Փաշինյանի հետ Միացյալ Նահանգներում որևէ հանդիպում չեղավ: Բազմաթիվ այլ պատճառներից բացի, որ ընդհանրապես  ծրագիր չկա, անելիք չկա, ոչինչ չունենք, ի՞նչ եք կարծում` կարո՞ղ էր հանդիպում լինել մի երկրի ղեկավարության հետ, որտեղ ահաբեկիչները (նկատի ունի «Սասնա ծռեր» զինված խմբավորմանը.- Ա.Մ.) ոչ միայն ազատ են արձակվել, այլև կուսակցություն են ստեղծում, և ներկայումս  էլ իշխանությունը փորձում է ահաբեկչությունն արտահանել Արցախ:  Կասկած չունեմ, որ չի հաջողվելու: Պարզապես այդ ընթացքում ես լուրջ մտավախություն ունեմ, որ մենք անշրջելի կորուստներ կունենանք առաջին հերթին՝ Արցախի հարցում: Այդ մտավախությունը շատ մեծ է, բայց այդ մտավախության մասին՝ մեկ ուրիշ անգամ:

– Ներկայումս կա բավականին լարված ներքաղաքական իրավիճակ: Լուծումը, որպեսզի հնարավորինս անցնցում տեղի ունենան զարգացումները, Դուք ինչպե՞ս եք տեսնում, որովհետև պարզ է, ակնհայտ է, որ վարչապետը երևի թե կդիմի հրաժարականի:

– Ես այնքան էլ վստահ չեմ, որ հրաժարական կտա, թեև կարող է դիմել: Նման իրավիճակներում երկխոսություն  պետք է տեղի ունենա: Պետք է խոսեն. ոչ թե բազմությունը հավաքած գնան խորհրդարան՝  վախեցնելու համար, ոչ թե ուժի ցուցադրում լինի, որը չաշխատեց, և վերջնագրեր ներկայացնել… Այլ պետք է խոսել:  Առայժմ որևէ երկխոսություն չի արվել խորհրդարանի հետ:

Իմիջիայլոց, այս խորհրդարանական ընտրություններն էլ, իմ գնահատականով, ժամանակին շատ վատ էին անցել, բայց  խորհրդարանում ներկայացված բոլոր ուժերը,  ընտրություններին մասնակցած բոլոր ուժերն ընդունել էին այս խորհրդարանի լեգիտիմությունը: Որքան հիշում եմ, գոհ էին իրենց ստացած ձայներից: Այս ԱԺ ընտրությունների ոչ մի մասնակից կուսակցություն  չի հայտարարել, որ իրենից մեկ ձայն գողացել են: Դուք ընդունել եք սա: Կարող է՝ մենք իրար հետ չենք ընդունել, բայց իրենք ընդունել են: Վերջիվերջո, ասում են՝ մեծ լեգիտիմություն ունի, կա մեկ լեգիտիմություն, որն աշխարհը ճանաչում է, դա այն լեգիտիմությունն է, որը ներկայիս Կառավարությունը ստացել է գործող ԱԺ-ից:

Մի բան էլ ավելացնեմ, մենք խորհրդարանական պետություն ենք, չէ՞:  Դա նշանակում է, որ խորհրդարանն է  ամեն ինչ որոշողը, ամբողջ իշխանությունը խորհրդարանն է: Եթե դեկտեմբերին հանկարծ ընտրություններ եղան, կարծում եմ, որ չեն լինի, պառլամենտ ֆրանսերեն նշանակում է՝ խոսելու տեղ, խորհրդարանը կդառնա զուտ քվեարկելու տեղ: Խորհրդարանական պետություններում որոշում ընդունողը ոչ թե վարչապետն է, այլ խորհրդարանը՝ որպես կոլեգիալ մարմին: Վարչապետի որոշումները շատ փոքր որոշումներ են` ինչ-որ վարսավիր նշանակել պաշտոնի, սա անել, նա անել, բայց դա Կառավարության պատասխանատվությունն է:

Այնպես որ, Կառավարության բոլոր անդամները թող հասկանան, որ իրենք պատասխանատվություն են կրում: Մենք տեսնում ենք, որ հեռարձակվում են Կառավարության նիստերը, դրանք նիստեր  չեն, դա քաղաքական մարմնի նիստ չէ: Այո, Կառավարությունը պետք է կոլեգիալ մարմին լինի, ոչ թե միանձնյա  միահեծան կառավարում։ Այնուամենայնիվ, ես հույս ունեմ, որ մենք կխուսափենք դեկտեմբերյան ընտրություններից, հույս ունեմ, որ Կառավարությունը և վարչապետը,  վերջիվերջո, պետք է հասկանան, որ պետք է երկխոսել, և քաղաքականության արվեստը հենց երկխոսելն է, լուծումներ գտնելը,  մանավանդ, երբ չի եղել մի օրինագիծ, որ տանեն խորհրդարան, և խորհրդարանը դեմ լինի:

Չկան այդ օրինագծերը, ծրագրերը։ Ծրագիրն է՝ իշխանությունը դարձնել ամբողջական, նույնիսկ ամենափոքր հատվածներում: Պատերազմի ժամանակ վարչապետը լինելու է Գերագույն գլխավոր հրամանարատարը ԶՈՒ-ի, մենք տեսանք, որ  ոչ ստանդարտ իրավիճակներում ինչպես են որոշումներ կայացվում` կտրել- ջարդել, այս նախարարին փոխել, այս մարզպետներին հանել, որի լիազորությունը նա արդեն չունի, Կառավարությունը պետք է մարզպետների վերաբերյալ որոշում ընդունի… Սա էլ է չափազանց մտահոգիչ, երբ պատերազմի հավանականությունն ավելի քան բարձր է, իսկ վարչապետը «քլունգն առած խրամատներ է փորում», հասարակությունը բևեռացնում, կիսում, բաժանում է սևերի ու սպիտակների:

Վերջում  մի բան ավելացնեմ. ինչպես արդեն ասացի, սովորաբար անկայունությունը փորձում է ստեղծել ընդդիմությունը, հասարակությունը կիսել փորձում է ընդդիմությունը: Ներկայումս մեզ մոտ  բոլորովին հակառակն է, իշխանությունն է կիսում, բևեռացնում հասարակությունը: Այսքան անհանդուրժող իշխանություն Հայաստանի պատմության մեջ  դեռ չէր եղել:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ