Օրհասական պահերին առաջին հերթին սկսում են մաքրել… գաղափարական ավերակները՝ մերժելով ու բացառելով բարոյական և քաղաքական որևէ անհեթեթություն
Մեծություններ կան, որոնց նախքան առնչվելը ինքդ քեզ հարց ես տալիս՝ արդյո՞ք ունեմ դրա իրավունքը: Պատասխանը կախված է նույն այդ մեծությունների մեծությունից. նրանց հզորությունից, վեհությունից, բարձրությունից, խորությունից: Մեծություններին սխալ մոտենալու դեպքում հավանական է՝ փշրվես: Նրանց սահմանած բարձունքը դժվար է հաղթահարել. պետք է զգուշանալ հավանական գահավիժումից: Նրանց խորքերը շատ ավելի անհատակ են, և հնարավոր է՝ ելքի ճանապարհ չգտնես: Ինչպե՞ս վարվել:
Այստեղ, հավանաբար, ելակետ պետք է ընդունել նպատակի վեհությունը, որը քեզ անվարան մղում է առաջ, դարձնում ոչ միայն պարտավորված, այլև գայթակղում մաքրագործվելու, ուժեղանալու և հաղորդակցման սրբազան ծիսակատարությանը մասնակցելու բերկրանքով: Մեծությունների մեծագույնը հերոսն է: Ազգայի՛ն հերոսը:
Ժողովուրդն իր հերոսի իսկական գնահատականը տալիս է նրա կենդանության օրոք: Ժողովրդի գնահատականն ամենաբարձրն է, արժեքավորը: Անսակարկելի: Իսկ պետությո՞ւնը… Լեոնիդ Ազգալդյան ազգային հերոսի կոչումը դեռ պաշտոնապես չի՛ հասել իրեն…
Ազգային հերոսները շատ նման հատկանիշներ ունեն: Մեկի գնահատականը, սակայն, երբեք մյուսի հաշվին չի լինում: Նրանք, օրինակ, Հայրենիքի համար ամենածանր, օրհասական պահերին առաջին հերթին սկսում են մաքրել… գաղափարական ավերակները՝ մերժելով ու բացառելով բարոյական և քաղաքական որևէ անհեթեթություն (աբսուրդ): Նրանք դառնում են շատ իրատես ու գործնական: Խստապահանջ: Առանց սենտիմենտալությունների:
Այստեղից սկսվում է հերոսի՝ հերոսականության տանող ուղին: Գաղափարական այդ անհատները միշտ և ամենուրեք առաջին գծում են: Միշտ առաջինն են և միշտ՝ անհաղթ:
Ժան-Ժակ Ռուսոն ասում էր. «Առաքինության ամենամեծ սխրանքները կատարվել են հայրենիքի հանդեպ ունեցած սիրուց»: Այդ սիրո արդյունքում ազգային հերոսները հայրենիքի զոհասեղանին են դնում ամենաթանկը՝ իրենց կյանքը: Արցախյան ազատամարտի մեր առաջին հերոսները… Մտավորակա՛ն հերոսները… Գաղափարակա՛ն…. Որպես տեսակ՝ նրանք դավանում են անանց գաղափարներ: Որպես տեսակ՝ նրանք մեզ համար չափանիշ են և դաստիարակ: Որպես տեսակ՝ նրանք իրենցով նաև հայրենիք են խորհրդանշում և հայրենիքը զարդարում… իրենցով:
ԳԻՍԱՍՏՂԸ
ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆ
(1942–1992)
Իր անձնական, անհատական նկարագրի անզուգականությամբ, առաքինությամբ, դաստիարակությամբ, փառահեղ ու շենշող արտաքինով, մտավոր ունակությունների հարստությամբ և, առհասարակ, իր առինքնող ու եզակի հմայքով Լեոնիդ Ազգալդյանն իսկական ազնվական հերոս էր: Գաղափարախո՛ս: Անհատի այս տեսակը իր ապրածով պարտավորեցնում է, մահով՝ խենթացնում…
Աշխատել է Երևանի հաշվիչ կենտրոններում, նաև՝ Պետպլանի հաշվիչ կենտրոնում: Իսկ երբ սկսվեց 1988-ի ազգային վերազարթոնքը, ԵՊՀ «Լազերային տեխնիկա» գիտահետազոտական ինստիտուտի հաշվողական կենտրոնի տնօրենն էր…
Նորօրյա ազատամարտի սկզբին պարզվեց, որ նաև ոչ պակաս բարձր մակարդակի զինվորական գործիչ է՝ օժտված պետական մտածողությամբ, քաղաքական հեռատեսությամբ: Դեռ պատերազմի սկզբին համոզված էր, որ հաղթանակը մերն է լինելու, և արդեն իսկ մտորում էր, ռազմական գործողությունների ավարտից հետո, արդյունաբերության ու գյուղատնտեսության զարգացման ուղիների մասին:
– Պատերազմը վաղը կավարտվի, իսկ մենք շրջափակման մեջ ենք լինելու դեռ երկար,– ասում էր:– Այսօրվանից պետք է մտածել, թե ինչպես ենք ապրելու: Այսօր մենք հաղթում ենք, բայց վաղը կարող է կրկին ինքնապաշտպանության խնդիր ծագել և խրամատներ փորելու հարց առաջանա, պաշտպանական ամրություններ կառուցելու խնդիրներ ունենանք, տեխնիկա անհրաժեշտ լինի: Հայաստանում պետք է զարգացնել հատկապե՜ս ռազմական արդյունաբերությունը…
*****
Հայոց հողը, երկիրը անբացատրելի զգացմունքներ և խորհուրդներ էին առաջացնում քո մեջ: Մե՛զ համար գուցե անբացատրելի: Այս հողի վրա դու քայլում էիր հպարտ ու հաստատակամ՝ որպես քո երազած Մեծ Հայքի քաղաքացի, տեր: Եվ սերդ սովորական չէր մեր հողի նկատմամբ: Պահանջում ու պարտադրում էիր մաքուր պահել նրա յուրաքանչյուր թիզն ու անկյունը՝ հարազատ տան պես:
Սովորական սեր չէ, որ տածում էին զինվորներդ՝ գաղափարական զինակիցներդ քո՝ գաղափարախոս հրամանատարիդ նկատմամբ՝ հեզությամբ ու սրբությամբ ընդունելով քո սահմանած խիստ օրինակելի կարգ ու կանոնը, բանակային վարք ու բարքը: Եթե սկզբնական շրջանում «Ազատագրական բանակի» զինվորներին դու էիր հավաքագրում, հետագայում նրանք սկսեցին որոնել, գտնել քեզ: Քո խստապահանջությունը օրենքի ուժ ուներ բոլորի համար: Իսկ նրանց մեջ քիչ չէին գիտության թեկնածուները, արվեստագետները, կրթության ոլորտի մարդիկ, առհասարակ` մտավորականները…
Այն ժամանակ նրանք արդեն պատմում էին քո՝ 50-ամյա հերոսիդ առասպելը՝ սկսած Վարդենիսի ինքնապաշտպանությունից մինչև Շահումյան ու Մարտակերտ: Արհամարհելով ամեն մի վտանգ՝ վարդենիսցիները սարերում անխռով ու աներկյուղ արածացնում էին իրենց անասունները, իսկ փախստականները՝ հանգիստ ու ապահով տնավորվում. Վարդենիսը Լեոնի՛դն է պաշտպանում…
Քո ահից Մարտակերտը թուրքաթափվեց: Սրբազան հպարտությամբ պատմում են, որ քո ղեկավարած ինքնապաշտպանության օրոք հակառակորդի ոչ մի տանկ չկարողացավ հատել Մարտակերտի սահմանը: Իսկ սա ԼՂ-ի շուրջ 40 տոկոսն էր…
– Նա կատարյալ էր թե՛ առօրյայում, թե՛ կռվի դաշտում, թե՛ մարտական գործողությունները ղեկավարելիս,– ասում է կորստիդ ցավը հաղթահարել չկարողացող ընկերդ՝ ԵՊՀ դոցենտ, մաթեմատիկոս Նորիկ Գալստյանը:– Կատարյալ մարդ էր, կատարյալ զինվոր, կատարյալ հրամանատար: Գիտնակա՜ն հրամանատար: Առաջնո՛րդ: Խոսքով չես ասի: Մեծ մարդ էր, մեծ մտածող, մե՜ծ զորապետ: Չեմ չափազանցնում: Նրա մեծությունը կարելի է բացատրել Հայրենիքին ծառայելու նվիրվածությամբ: Ամեն ոք չի կարող այդպես ծառայել: Ի ծնե այդպիսի պետական գործիչ-մտավորական քիչ ենք ունեցել: Թող ինձ ներեն մեր մյուս հերոսները: Խոնարհվում եմ նրանց վաստակի և նահատակների հիշատակի առաջ, անպայմանորեն արժանիորեն գնահատում ողջերին, բայց, որպես առաջին մեծության աստղ, Լեոնիդ Ազգալդյանի տեղը, իր մարտական տրամադրվածությամբ, ոգով ու պատրաստվածությամբ, Գարեգին Նժդեհի կողքին եմ տեսնում՝ նույն պատվանդանին…
Այն, որ Լեոնիդ Ազգալդյանը լավ գիտեր իր արժեքը, նրան բոլոր ճանաչողներն են վկայում՝ վերհիշելով նրա խոսքը… «Ղեկավար բոլորն էլ կարող են լինել: Սևագործներն են քիչ…»:
Մի խումբ բարձրաստիճան, պրոֆեսիոնալ զինվորականների հետ հավասարապես լծվել էր բանակի հիմքերը դնելու գործին, իսկ մինչ այդ՝ 1990 թվականից «Ազատագրական բանակի» կազմավորմանը զուգընթաց, համախոհների հետ ստեղծեց ուսումնամարզչական բազա: Նա համոզված էր, որ «Ազատագրական բանակի» կորիզը պետք է բաղկացած լինի գաղափարական մտավորականներից, իսկ վերջիններիս մասնագիտական կրթություն է պետք: Սկսելով բանակի շինարարության գործը սուվորովյան սկզբունքով՝ «զորավարժությունների ժամանակ` շատ քրտինք, մարտի դաշտում՝ քիչ արյուն», «պրակտիկան» անցկացրին կռվի դաշտում՝ մարզանքները շարունակելով հրադադարից հրադադար:
*****
Անցած ուղուդ մասին մտորելիս հաճախ եմ զարմանում, թե ինչո՞ւ ի սկզբանե ռազմական գործը չէիր ընտրել որպես մասնագիտություն: Հարցիս պատասխանը վերջերս կարդացի քրոջդ ամուսնուն գրած նամակ-տրակտատում. «Կարողացիր թիկունքով կանգնել անցյալին, դեմքով շրջվել դեպի ճակատագիրը»: Քո՛ խոսքերն են: Դու կարողացել էիր: Եվ այն էլ` ինչպե՜ս….
Անունդ հիշելիս կամ լսելիս ժպտում եմ՝ հազար տարվա ծանոթ-բարեկամի պես: Ափսո՜ս, չհասցրի քեզ հետ ծանոթանալ: Իսկ քեզ ճանաչելը փառք ու պատիվ է ամեն հայի համար: Քո գործունեության վայրը հայոց վտանգված սահմաններն ու թեժ կռիվներն էին: Անընդհատ մարտադաշտ էիր մղվում: Համոզված էիր, որ թիկունքն այս կամ այն կերպ իր հոգսը հոգալու է, բանակին հաց ու հագուստ է հասնելու: Իսկ կռվել բոլորը չեն կարող: Գիտեիր նաև՝ ում առաջին գիծ տանել քեզ հետ: Զարմանալի է Հայրենիքի «անատոմիան». սրտի զարկերն առաջին հերթին վերքի շրջանում ես զգում: Հայերիս համար այդտեղով է անցնում Ավետյաց երկրի ճանապարհը: Արցախ թե Վարդենիս, Վան թե Մուշ, Բիթլիս թե Սասուն, Տարոն թե Գողթն… Ո՛չ մի տարբերություն: «Սա Հայաստան է և վե՛րջ»: Սա՛ է քո ավետարանը: Մեր հին ու նոր առասպելներն ու առասպելներն էիր հիշեցնում և ասես հայոց ազատագրական պայքարի մեծերի աստղաբույլի մերօրյա ներկայացուցիչն էիր…
Դեռ այն ժամանակ մտածում էի, որ եթե Հայկի կամ Սասունցի Դավթի մասին կինոնկար նկարեին, դերակատարումները քե՛զ համար պիտի նախատեսեին: Իսկ ինչպե՛ս կկերպավորեիր Արա Գեղեցիկին ու Տիգրան Մեծին… Ազնվական, արքայական տեսքդ շատ էր համապատասխանում արորդու քո տեսակին: Դու բարձրացար Արցախյան վերազարթոնքի ալիքի վրա ու հավերժացար ժամանակից շուտ: Չհասցրինք արժանիորեն պանծացնել քեզ, չնայած զինակիցներդ արդեն սրբացրել էին: Դավադիր 1992 թվականի ամռանը «ձյուն մաղեց մեր բաց գլխին»… Քիչ է ասել դաժան ու անգութ «հունձք» կատարեց թշնամին: Զոհվեցիք մեկդ մյուսի հետևից՝ Մարտակերտի հրամանատարներ Վլադիմիր Բալայանը, Վլադիմիր Կարապետյանը, Վագիֆ Գալստյանը, Մանուկ Սահակյանը (Մանչ), Դու: Սեպտեմբերին՝ Վալերի Ղամբարյանը… Ի՜նչ անողոք նախճիր, ի՜նչ լկտի ու վրեժխնդիր ընտրություն…
– Ում ձեռքին է Շուշին, Արցախը նրանն է,– կրկնում էիր իբրև աքսիոմ, իբրև անվերապահ ճշմարտություն:
Դու ճի՛շտ էիր: Դու այդ հրճվանքը չվայելելու իրավունքը չունեիր: Դու զոհվելու իրավո՛ւնք չունեիր: Դու անմահության այնպիսի օրինակներ էիր տվել մարտի դաշտում, որ մահվանդ բոթը «դավաճանության» պես հնչեց: Չէինք հավատում՝ ամեն մեկս փորձելով յուրովի ճշտել գույժի իսկությունը՝ դա ապատեղեկատվության վերագրելու անբեկանելի ցանկությամբ: Ավա՜ղ…
Մեզանից յուրաքանչյուրը քո կորուստը միայն ու միայն իրենը համարեց: Մինչդեռ դա շատ ավելի ծանր էր մեր գաղափարաբանության ճակատում՝ նորանկախ պետության և նորաստեղծ ազգային բանակի համար: Ցավը համազգային էր, անպարագիծ, անամոքելի, վերքը՝ չսպիացող, բառերը՝ անզոր ու անճարակ: Չկար և չէր կարող լինել մխիթարության դարմանող բալասանը…
Դու, որ պատասխանատվության եզակի բարձր զգացում ունեիր և ամեն ինչի համար քեզ պատասխանատու էիր զգում, ինչու՞ այդպիսի անփարատելի ցավ պատճառեցիր քո ժողովրդին, որին սիրում էիր պաշտելու աստիճանի… Դու հեռացար՝ հարստացնելով, սակայն, հայոց փառքի պանթեոնը: Հեռացար, բայց միշտ մեզ հետ ես լինելու՝ քո հավերժական ներկայությամբ և ուղեցույց հայացքով հսկելու ես մեր շարունակական երթը՝ գնահատելով անցյալը, իմաստավորելով ապագան: Քեզանից ճառագող ոգեղեն լույսով լուսավորելու ես մեր ազատագրական պայքարի հետագա ուղին: Եվ քանի դեռ անցնելիք ճանապարհ ունենք, քեզ, միայն քեզ հատուկ սթափ ու զգոն հայացքով հետևելու ես մեր երթին՝ հնարավոր վրիպումները կանխելու կամ նվազագույնի հասցնելու համար` թույլ չտալով կրկնել անցյալի սխալները և արժանապատվորեն առաջնորդվել մեր հզոր նախնիների՝ մեզ համար սահմանած ուղիով, որովհետև մենք հայ ենք, իսկ «սա Հայաստան է և վե՛րջ…»:
«Սփիւռք» (Բեյրութ), 2001 թ., թիվ 4-6
«Голос Армении», «Это – Армения! И точка…» («Գոլոս Արմենիի», «Սա Հայաստան է և վե՛րջ…»), 21. 11. 2002
«Օր», «Սա Հայաստան է և վե՛րջ…», 28–29 նոյեմբերի, 2002 թ.