Այսօր Ուսանողների միջազգային օրն է /վիդեո/
Նոյեմբերի 17-ին նշվում է Ուսանողների միջազգային օրը:
Տոնը հիմնադրվել է 1946-ին Պրահայում` այն ուսանողների միջազգային հանդիպմանը, ովքեր ներկայացրել են ֆաշիզմի դեմ պայքարող երկրները: Օրն ընտրվել է ի պատիվ չեխ ուսանողների` Դիմադրության հերոսների, հաղորդում է “calend.ru”-ն:
Այս տոնը, բնականաբար, ասոցացվում է երիտասարդության, զվարճանքների եւ ռոմանտիկայի հետ, սակայն նրա պատմությունը, որն սկսվել է Չեխոսլովակիայում 2-րդ Համաշխահային պատերազմի ընթացքում, կապված է ողբերգական իրադարձությունների հետ:
1939-ի հոկտմեբերի 28-ին օկուպացված Չեխոսլովակիայում Պրահայի ուսանողները եւ նրանց դասախոսները ցույցի են դուրս եկել պետության տարեդարձը նշելու համար: Սակայն զավթիչները ցրել են ցույցը, որի արդյունքում սպանվել է ուսանողներից մեկը` Յան Օպլետալը, ում հուղարկավորությունը նոյեմբերի 15-ին եւս բողոքի ակցիայի է վերածվել: Նոյեմբերի 17-ին ոստիկանները շրջափակել են ուսանողական հանրակացարանը եւ ձերբակալել 1200 ուսանողների, իսկ այնուհետեւ տարել նրանց համակենտրոնացման ճամբարներ: 9 ուսանողների եւ ակտիվիստների մահապատժի են ենթարկել առանց դատավճռի: Հիտլերի հրամանով` չեխական բոլոր բուհերը փակվել են մինչեւ պատերազմի ավարտը:
Այդ ուսանողների պատվին էլ ուսանողական համաշխարհային կոնգրեսում հիմնադրվել է այս տոնը, որն այժմ նշվում է բազմաթիվ երկրներում: