Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Նախիջեւանի եւ Ճամբարակի ուղղությամբ. Ժամանակ
Հայաստանի սահմանի նախիջևանյան հատվածը գնալով ավելի մեծ կարևորություն է ստանում հայ-ադրբեջանական հակամարտության համատեքստում:
Ադրբեջանական կողմը փորձում է մշտական լարվածության մեջ պահել Հայաստանի և Արցախի զինված ուժերին ոչ միայն արցախա-ադրբեջանական շփման գծում և Հայաստանի սահմանի հյուսիս-արևելյան հատվածում, այլև պարբերաբար սադրիչ գործողություններ է իրականացնում Նախիջևանում՝ ռազմական կամ ռազմաքաղաքական ինչ-ինչ խնդիրներ լուծելու նպատակով: Կիրակի օրը ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաղորդեց, որ սույն թվականի ապրիլի 7-ին և ապրիլի 7-8-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերը մի քանի անգամ խախտել են հրադադարի ռեժիմը նախիջևանյան հատվածում և կրակ արձակել հայկական զինված ուժերի ուղղությամբ՝ հիմնականում հրաձգային զենքերից: ՀՀ զինված ուժերը պատասխան գործողություններով լռեցրել են հակառակորդին։
Նախիջևանի բռնակցումը Ադրբեջանին
Ընդհանրապես Նախիջևանը առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության համատեքստում՝ հաշվի առնելով ոչ միայն ռազմաքաղաքական իրողությունները, այս շրջանի աշխարհագրական դիրքը, այլև պատմությունը: Նախիջևանը Հայաստանի պատմական տարածքներից է: Հայաստանի առաջին հանրապետության տարիներին այն միջազգայնորեն ճանաչվել է Հայաստանի անբաժանելի մաս, սակայն բոլշևիկների ու քեմալականների ջանքերով 1921 թ. բռնակցվել է խորհրդայնացված Ադրբեջանին: 1921 թ. մարտի 16-ին Մոսկվայում ստորագրված ռուս-թուրքական պայմանագրով Նախիջևանը ինքնավար հանրապետության կարգավիճակով անցնում էր Ադրբեջանին՝ Թուրքիայի և Ռուսաստանի խնամակալության ներքո: 1921-ի հոկտեմբերի 13-ին Կարսում հարավկովկասյան երկրների խորհրդային իշխանությունների և թուրքական կողմի միջև ստորագրված պայմանագրով Նախիջևանի մարզը ինքնավար հանրապետության կարգավիճակով անցնում էր Ադրբեջանին` պայմանով, որ Ադրբեջանը չի փոխանցի այն որևէ երրորդ պետության: Բնականաբար, պարզ էր, որ խոսքը Հայաստանի մասին է:
Թուրք-ադրբեջանական ջանքեր Նախիջևանում
Վերջին շրջանում Ադրբեջանը իր դաշնակից Թուրքիայի օգնությամբ ուժեղացնում է ռազմական ներկայությունը Նախիջևանում: Այստեղ պարբերաբար անցկացվում են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ: Ըստ երևույթին, Ադրբեջանում հասկանում են այս շրջանի խոցելիությունը Հայաստանի կողմից, այդ պատճառով փորձում են ուժեղացնել շրջանի պաշտպանությունը: Որոշ փորձագետների տեղեկություններով՝ ներկայումս Նախիջևանում կա 20 000 ադրբեջանցի զինվոր, 400 զրահամեքենա, հակաօդային պաշտպանության և հրթիռահրետանային համակարգեր:
Երկու ուղղություններից
Փորձագետները տարբեր կերպ են մեկնաբանում վերջին միջադեպը սահմանի նախիջևանյան հատվածում: Արցախյան ազատամարտի վետերան, հետախույզ Վովա Վարդանովը շեշտեց, որ ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը ոչ միայն Նախիջևանի, այլև Ճամբարակի հատվածում: Ռազմական գործչի կարծիքով՝ Ադրբեջանի զինված ուժերը պատրաստվում են ակտիվ ռազմական գործողություններ իրականացնել այս երկու ուղղություններից և փակել Հայաստանից դեպի Արցախ տանող երկու ճանապարհները:
«Թուրքերը ստիպված են լինելու ակտիվ գործողություններ սկսել Նախիջևանի ուղղությունից, որպեսզի փակեն Արցախը սնուցող երակը: Կարծում եմ, որ հիմա Ճամբարակի ուղղությամբ կրակելը ուղղված է դրան: Նրանք իրենց հասարակությանը և զինված ուժերին պատրաստում են ակտիվ գործողությունների՝ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը և Երևանից Վայքով, Գորիսով, Զանգեզուրով Արցախ տանող ճանապարհը փակելու համար, որովհետև այդ ճանապարհների առկայությունը թույլ տվեց, որ մենք երկու տարի առաջ շատ արագ արձագանքեցինք Արցախում եղած ակտիվություններին՝ կամավորների տեսքով, զենքի տեղաշարժ և այլն: Թուրքը դա տեսել է: Նա հիմա պատրաստվում է, որ անհրաժեշտության դեպքում, եթե չգրավի այդ ճանապարհները, ապա գոնե կրակի տակ պահելով՝ խոչընդոտի ռազմատեխնիկայի, զինված ուժերի և կամավորների հոսքը դեպի Արցախ»,- նշեց Վովա Վարդանովը:
Ռուս-հայկական համագործակցության ուժը պետք է զգան բոլորը
Նախիջևանն իրականում յուրօրինակ տարածաշրջանային հանգույց է, որտեղ կարող են բախվել ռեգիոնում ազդեցություն ունեցող գրեթե բոլոր պետությունների շահերը: Այն մտնում է Ադրբեջանի կազմի մեջ, սակայն այստեղ լուրջ ազդեցություն ունի Թուրքիան: Նախիջևանը մի կողմից սահմանակցում է Հայաստանին, մյուս կողմից՝ Իրանին: Բայց հաշվի առնելով ռուսական զորքերի ներկայությունը Հայաստանում՝ Նախիջևանի հարցում վճռորոշ կարող է լինել Ռուսաստանի դիրքորոշումը:
Արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկն ասում է, որ Ռուսաստանն առնվազն երկու պարտավորություն ունի Հարավային Կովկասում ընդհանրապես և երկու ռազմաքաղաքական պարտավորություն՝ մասնավորապես կապված Հայաստանի և ռուս-հայկական հարաբերությունների հետ: Դրանք են Հայաստանում ռուսական ռազմաբազայի առկայությունը և Հայաստանի ու Ռուսաստանի անդամակցումը միևնույն ռազմաքաղաքական կազմակերպությանը՝ ՀԱՊԿ-ին:
«Կոլեկտիվ անվտանգությունը պետք է արտահայտվի կայունությամբ՝ այդ թվում նաև Հարավային Կովկասում: Հայաստանը միշտ հավատարիմ է եղել Ռուսաստանի հետ ռազմավարական պարտավորություններին, ավելին՝ մշտապես հարց է բարձրացրել այն մասին, որ ՀԱՊԿ-ն ավելի ակտիվ գործի Հարավային Կովկասում անվտանգության ամրապնդման առումով, ուստի, կարծում եմ՝ իրավիճակը հասել է նրան, որ Ռուսաստանը պետք է ոչ միայն մտահոգություն հայտնի որևէ միջադեպի կապակցությամբ, այլ այստեղ անհրաժեշտ է նոր քաղաքական գործիք՝ ցույց տալու համար, որ ռուսական ռազմաբազան Հայաստանում քնած չէ, այլ վերահսկում է իրավիճակը, և ապակայունացման դեպքում արվելու են այս, այս, այս քայլերը: Խոսքերով որևէ մեկին չես վախեցնի, բայց ռուս-հայկական համագործակցության ուժը պետք է զգան բոլոր արտաքին խաղացողները»,- ասաց Տրոֆիմչուկը:
Ամենավտանգավոր ուղղությունը
Գրիգորի Տրոֆիմչուկի կարծիքով՝ Նախիջևանը ռազմավարական և ամենավտանգավոր ուղղությունն է հայ-ադրբեջանական հակամարտության համատեքստում. «Այն միշտ էլ եղել է վտանգավոր ուղղություն՝ հատկապես 2016 թ. ապրիլից հետո: Սա, ըստ էության, տարածաշրջանային ձող է, լծակ, որի մի կողմում Ղարաբաղն է, մյուս կողմում՝ Նախիջևանը: Եթե ինչ-որ բան է տեղի ունենում Ղարաբաղում, կարելի է ճնշում գործադրել Նախիջևանի միջոցով: Ղարաբաղյան հակամարտության սրացման դեպքում Նախիջևանը անտեսված չի լինելու, և դա պետք է հասկանալ:
Կարծում եմ՝ Ադրբեջանը, հասկանալով նախիջևանյան ուղղության կարևորությունը, փորձում է ոչ միայն ամրապնդել իր ներկայությունն այնտեղ, այլև ցույց է տալիս, որ եթե Ղարաբաղում սկսվեն ռազմական գործողություններ, Երևանը չպետք է հույս ունենա, թե կարող է ապակայունացնել իրադրությունը Նախիջևանի շրջանում»:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: