26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ցմահ դատապարտյալի բաց նամակը Սերժ Սարգսյանին

Մեծարգո´ պարոն Սարգսյան,

 

2018 թվականի մարտի 5-ին ՀՀ քաղաքացիներ Սիրվարդ և Գրավիկ Վարդանյանները գրավոր հայտարարություն են տվել իմ փաստաբան Նարեկ Ալոյանին այն մասին, որ ներում են ինձ՝ իրենց որդիներ՝ Սերգեյ և Սամվել Վարդանյանների դիտավորյալ սպանության համար մեղավոր ճանաչված՝ ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանիս և չեն առարկում, որ ես Ձեր ներումով ազատվեմ պատժի հետագա կրումից: Երկու օր անց՝ 2018 թվականի մարտի 7-ին, ՀՀ քաղաքացի Օսիպյան Ռայան ևս գրավոր հայտարարություն է տվել իմ փաստաբանին այն մասին, որ ներում է ինձ՝ իր որդի Վլադիկ Օսիպյանի դիտավորյալ սպանության համար մեղավոր ճանաչված՝ ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանիս և չի առարկում, որ ես Ձեր ներումով ազատվեմ պատժի հետագա կրումից:

Իմ խորին համոզմամբ, տեղի է ունեցել բացառիկ իրադարձություն: Իրենց որդիների սպանությունից 22 տարի անց որդեկորույս մայրերի ներումը մեծահոգության և վեհության դրսևորում է: Նման պայմաններում առաջ է քաշվում հարցադրում. «Եթե ներում են սպանվածների ծնողները, ինչու՞ 22 տարի անց չների նաև նախագահը»:

Իմ կողմից կատարված հանցանքը չունի որևէ արդարացում, ես երբեք չեմ կարող ամբողջությամբ քավել իմ մեղքը ո´չ սպանվածների ծնողների, ո´չ պետության, ո´չ էլ Ձեր առջև: Ես միայն կարող եմ իմ աշխատանքով և հանրօգուտ գործունեությամբ փոքր-ինչ մեղմել իմ հանցանքով սպանվածների ընտանիքներին և պետության պատճառված վնասը:

Պատժի կրման իմ 22 տարիները միտված են եղել դրան: Պատժի կրման ընթացքում փորձել եմ դրսևորել օրինակելի վարքագիծ, երբևէ չեմ վիճաբանել պատիժ կրող այլ անձանց կամ քրեակատարողական ծառայության աշխատակիցների հետ, իմ զղջման մասին գիրք եմ գրել, ընդունվել եմ համալսարան և այժմ էլ խնդրում եմ Ձեզանից հնարավորություն՝ ներում շնորհել ինձ և հնարավորություն ընձեռել իմ հետագա կյանքը նվիրելու սպանվածների ընտանիքների և պետության առջև իմ մեղքը քավելուն:

 

Հարգանքով՝

Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյան

12.03.2018թ.

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ