26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ծանր վարագույրի հետևում․ կյանք, սեր, հարցեր

Խորհրդային  տարիներին Հրազդանի ջերմաէլեկտրակայանի աշխատակիցներին հատկացված հանրակացարանում այսօր 30-ից ավելի սոցիալապես անապահով ընտանիք է ապրում։ Ծանր վարագույրի հետևում հաճելի երաժշտությունն է, վառարանի տաք շունչՂազարյանների տունը բետոնե միջանցքից բաժանող միակ սահմանագիծն է։

-Մաման տանը չի,- կասկածանքով ասում է 10-ամյա Զավենը, ապա մտաբերելով մեր նախորդ հանդիպումը՝ ներս հրավիրում, մոտեցնում աթոռակը։

Հետաքրքրվում եմ՝ արդյոք հաճա՞խ է մենակ մնում, չի՞ վախենում․

-Գիշերը քույրս ա հյուր գալիս․․․Երբ մաման գործի ա լինում, ոչ մի բանի ձեռ չեմ տալիս։ Մեծ ու պուճուր ախպերներ ունեմ՝ Արամն ու Արենը։ Արենը չար ա, տունը թափթփում ա, ջուր լցնում սեղանին, մի օր էլ «ուգալոկի» բանալին էր թաքուն վերցրել։  Վրեքները ջղայնանում եմ, մեկ ա՝ չեն լսում։

Աչքս առնում է գետնին ընկած ծանր պայուսակին։ Խնդրում եմ թվել՝ մեջն ինչ գրքեր են։ Բողոքում է՝ դեռ չորրորդ դասարան է, բայց երկու օտար լեզու է անցնում՝ ռուսերեն ու ֆրանսերեն։ Մյուս տարի անգլերենն է ավելանալու․ ինքը միայն «մայրենին» է սիրում։ Չնայած դրան՝ ֆրանսերենի տնային առաջադրանքներից միշտ 9 ու 10 գնահատական է ստանում։

– Էդ դեպքում ո՞վ է տնայինդ գրում, Զա՛վ։

20180225_171402

 

– Դե… Մաման գրում ա, ես արտագրում եմ։ Երբ մենակ եմ լինում, շատ եմ սխալներ անում։  

Մինչ քննարկում ենք տղայի կուռքի՝ Միհրան Ծառուկյանի վերջին հիթն ու տարեկան եկամուտը, մայրը՝ 54-ամյա Անահիտ Ղազարյանը, վերադառնում է աշխատանքից։ Խոնավ եղանակին դրսում մաքրություն անելիս փոքր-ինչ մրսել է, հազում է․ Զավենը շտապում է մոր համար տաք ջուր բերել։

Կինը ծնունդով Արտաշատից է, 25 տարի շարունակ հանրակացարանից «քարե շենք» տեղափոխվելու, սեփական տանիք ունենալու հույսը չի կորցրել։ Միակ մտահոգությունը կրտսեր որդու ապագան է․ բազմաթիվ դռներ է թակել՝ բնածին հիդրոցեֆալիա ունեցող երեխայի օգնության համար։ Տարիներ առաջ գլխուղեղի փորոքի շունտավորմանը նախորդած «բժշկական սխալն» էր պատճառը, որ տիկին Անահիտին ստիպեց հրաժարվել վիրահատության մտքից։ Հիվանդանոցում, ապա Կարմիր Խաչի ընկերության վերականգնողական կենտրոնում անցկացրած ամիսները, քայլել սովորելու ջանքերը մինչ վերջերս ապարդյուն էին։20180225_170939

Արդեն մեկ տարի է՝ Զավենն առանց անվասայլակի է տեղաշարժվում։ Հրազդանի քաղաքապետարանն ու Վիլյամ Սարոյանի անվան թիվ 11 միջնակարգ դպրոցի տնօրինությունը համաձայնել են տաքսի ծառայության դիմաց օրական 400 դրամ հատկացնել։ Տեղացի վարորդները տղայի համար 100 դրամ «զեղչ» են անում։ Տուն վերադառնում է դպրոցին կից հատուկ ստորաբաժանման աշակերտներին տեղափոխող ավտոբուսով։ Իսկ տաք եղանակին մայր ու տղա զբոսնելով են դպրոց գնում։

Զավենը նաև ներառական կրթական ծրագրի շրջանակում տրամադրվող անվճար սննդի շահառուներից է։ Մոր խնդրանքով ճաշացանկի մաս կազմող պանրիկն ու խաչապուրին հոթ-դոգով են փոխարինել՝ կաթնամթերքի հարցում որդու բծախնդրության պատճառով։20180225_170642

-Չաղլիկությանը մի՛ նայեք, ուտելուց չի,- նկատում է մայրը։

Զավենին աչքով եմ անում, իբրև համակարգչի դիմաց ժամեր վատնելու փոխարեն կարելի է դրսում խաղալ։

-Հոգնում եմ երկար քայլելուց։ Համ էլ՝ արդեն խաչապուրի եմ ուտում, մա՛մ, -արդարանում է։

Հայաստանի երեխաների աջակցության կենտրոնի Հրազդանի մասնաճյուղում նկարչության, համակարգչի, շախմատի և շաշկիի խմբակների է հաճախում, ֆիզիոթերապևտիկ բուժում ստանում։ Տիկին Անահիտը հպարտանում է՝ դպրոց հաճախելու առաջին տարում նույնիսկ գրիչ բռնել չգիտեր։ Այսօր ինքնուրույն գրում է, կարդում, երգում, նկարում։ Ուսուցիչներն իր աշխատասիրությունն են սիրում, ճշմարտախոսությունը։ Մի ժամանակ նույնիսկ դհոլի պարապմունքի էր գնում, թեպետ սեր չուներ դեպի երաժշտական գործիքը։20180225_170519

Դպրոցում Զավենին հավասարի պես են ընդունում, բարձրդասարանցիներն ուղեկցում են մի մասնաշենքից մյուսը։ Իր հասցեին ուղղված ամեն խոսքի նկատմամբ նրբազգաց է․ կռվարար չէ, սակայն հարկ եղած դեպքում ինքնապաշտպանվել գիտի։  

Օրերը տաքանալուն պես նրան դրսից տուն բերելը դժվարանում է։ Նախկինում բակ տանող աստիճանները նստած էր իջնում, այժմ օրական մի քանի անգամ ոտքով բարձրանում է երեք հարկը։ Քայլելուն զուգահեռ ավելի ինքնուրույն է դարձել։

Միաժամանակ որպես հյուրասենյակ և խոհանոց ծառայող բնակարանը կոմունալ հարմարություններ չունի․ որդին հանրակացարանի ընդհանուր խոհանոցից ջուր է բերում, որ մայրը ճաշ պատրաստի։

Հանդիպման ավարտին առաջարկում եմ շախմատ խաղալ։ Զավենը ջենտլմենի պես շարում է թե՛ սև, թե՛ սպիտակ խաղաքարերը։ «Էս նկարում մաման ա, գրկել ա Ռուզանի աղջկան՝  Գայուշին։ Ինչի՞ ես փոքր ժամանակվա նկար չունեմ, մա՛մ»,- մեկնաբանելով ձեռքումս հայտնված ընտանեկան լուսանկարները՝ հարցնում է մորը։20180225_170402

Երկկողմանի «շախումատ»-ից հետո խաղը շարունակում ենք դեմքի նույն լուրջ արտահայտությամբ․

-Մա՛մ, փիղը կարա՞ հետ գնա։ Ա՛յ մամա, ձին կարա՞ շախ տա։

Շախմատից անտեղյակ մայրը թոթվում է ուսերը։

-Հանձնվում եմ,- ասում եմ կտրուկ։

-Ո՞նց թե,- վեր է թռչում,- լավ չեք խաղում, շախմատում հանձնվել չկա։

Մայրը ժպտում է․

 – Զավենս մենակ հաղթել ա սիրում։

 

Անի Անտոնյան

 

Հոդվածը ներկայացված է «Այո՛, երեխաները կարող են» քարոզարշավի շրջանակներում «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայտարարած «Նույն արևի տակ» խորագրով լրագրողական մրցույթին։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ