Մի’ հապաղիր, արտագաղթիր … ինչ տվեց հունվարի 18-ը
”Հունվարի 18-ի հանրահավաքը, ինչպես և կանխագուշակել էինք, ոչինչ չտվեց”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:
Վերջինս նշեց, որ Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ կայացած հանրահավաքը վերաբերում էր մոտ 200 հազար մարդու, սակայն հրապարակում ընդամենը 7000-9000-ն էին: ”Իսկ եթե հանենք թոշակառուներին ու ոչ իշխանական կուսակցության անդամներին, որոնք ղեկավարվում էին ղեկավարության կոչերով, բուն հանրահավաքի մասնակիցների թիվը, ովքեր բողոքում են այս ”բարեփոխումների դեմ”, հասնում է 2, 3, լավագույն դեպքում 4 հազարի”,-շեշտեց Բադալյանը:
Սա, ըստ քաղաքագետի, չի նշանակում, որ մյուսներն, ում վրա ազդում է այս ”բարեփոխումն” կողմ են դրան: ”90%-ի մոտ այն գիտակցումն է տիրում, որ մեր երկիրն ապագա չունի՝ պետք է հեռանանք: Մտածում են, որ գնալուց հետո այնտեղ կաշխատեն մոտ 30 տարի ու այնքան գումար կվաստակեն, որ կապահովվի բարվոք ծերություն: Դա է պատճառը, որ քիչ մարդիկ են գալիս հանրահավաքին”:
Մեր զրուցակիցը վերլուծեց նաեւ ընդդիմադիր դաշտի դիրքերը: ”Ընդդիմությունը հասարակության դիմադրողականության ջերմաչափն է. եթե հասարակությունն ուժեղ է, ունենում ես ուժեղ ընդդիմություն, եթե հասարակությունը ցանկանում է արտագաղթել, ընդդիմադիրները ոչինչ չեն կարող անել: Հասարակությունը պատվեր չի տալիս ու նրանց որպես գործիքներ չի օգտագործում”:
Բադալյանը հավաստիացրեց, որ եթե հասարակությունը պայքարելու ցանկություն ունենա, կստեղծի նոր ընդդիմություն` նոր ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ ու ՛՛Ժառանգություն՛՛, և այդ ուժը կառաջնորդի իրեն: ”Բայց եթե հասարակությունն ընտրել է պայքարի արտագաղթի ձևը, այդ միջավայրում ընդդիմադիր ուժերը չեն կարող ոչինչ անել: Հասարակության մեջ նաև նման մի արտահայտություն է տարածվել`”Մի հապաղիր, արտագաղթիր”,-եզրափակեց նա: