28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Երբ ճշմարիտ սիրես Քրիստոսին` վախդ կանհետանա. Հոգեւոր Նժդեհը

Նժդեհի քրիստոնեականը խտացումներով է արտահայտվում։ Նժդեհը նեղություններից ծնված իմաստությամբ, հոգատար մեծ եղբոր նման, որդուն սիրող հոր նման՝ ընթերցողին քաջալերում է Քրիստոսի նշած երկու ամենակարևոր պատվիրանների մեջ: Այդ պատվիրանները յուրաքանչյուր ազգ ու ժողովրդի գոյության հիմքն են։ Նախ՝ Տե՛րն Աստված, որ է ամենայնը, որով է ամենայնը, ապա՝ հայրենիք-ժողովուրդը, որ մեր մերձավորներն են, մեր ընկերները, մեր ազգակիցները։ Որովհետև. եթե չլիներ Ամենայնը՝ ինքդ չէիր լինի և մերձավորներդ չէին լինի:

Որովհետև՝ ոչնչից՝ ոչինչ, բարուց՝ բարին և չարից էլ՝ չարն է առաջ գալիս։ Այսինքն, Քրիստոսի այն պատվիրանի ըմբռնումն է Նժդեհի ասածը, թե. «ՍԻՐԻՐ ՔՈ ՏԵՐ ԱՍՏԾՈՒՆ ՔՈ ԱՆՁԻՑ ԱՌԱՎԵԼ (որովհետև նա է կյանքի աղբյուրը) ԵՒ ՍԻՐԻՐ ԸՆԿԵՐՈՋԴ, ԻՆՉՊԵՍ ՔՈ ԱՆՁՆ ԵՍ ՍԻՐՈՒՄ (որ կյանքի աղբյուրները միանալով՝ ծովանան իրենց մեկ ակունքի մեջ. այստեղ` երկրավոր հայրենիքում, ինչպես երկնքում է)», Նժդեհը թարգմանում է այդ ամենին հավատարմելու, հանձնառության մեկ պատգամով.

ԱՍՏՎԱ՛Ծ ԵՒ ՀԱՅՐԵՆԻՔ, որ հայ մարդու համար ամեն հարցի նախադուռը պիտի լինի:
Պիտի արքայականորեն մաքուր լինել, հրեղեն խոսքի մարգարե լինել այս բաները դիտել կարողանալու և Հոգով լեցուն` սրտանց հանձնառելու համար: Տգետը, փոքրոգին, խորամանկը չի՛ հանձնառի, թե նախ Աստված, ապա հայրենիքը: Ի բնե Իմաստունը կհանձնառի հանուն արդար արդյունքի։ Իսկ մեծի նման խոստովանությունն իսկ՝ արդեն նաև փորձառություն և դաս է դառնում ըմբռնողի համար։ Ինչպես՝ Նարեկացու Մատյանը։

Այն թեպետ խիզախ խոստովանությունների շարքերից է բաղկացած, բայց այնքան լի է Աստծով, մեղք գործելու պատճառով ափսոսանքի և այնպիսի՜ մեծությամբ և ահռելի, բնական հառաչանքներով, ապաշխարանքի այնպիսի՜ խորամուխ, բանական ջանադրությամբ, որ խոստովանությունները դառնում են արդեն կյանքով լեցուն հաղթանակներ և պատվար՝ այդ նույն մեղքերի դեմ, որ խոստովանությամբ թվարկվում են։ Որովհետև գաղտնիք չէ, որ մեղք խոստովանողն սկսում է մի օր զզվել իր խոստովանած մեղքից, իսկ մեղքից հեռանալն արդեն՝ սկսում է առողջացնել մարդուն՝ թե՛ հոգեպես և թե՛ մարմնապես։

Շատեր երկար տարիներ և ավելի առողջ կապրեին և ներքին խաղաղությամբ կապրեին, եթե ժամանակին իրենց մեղքերը խոստովանեին Աստծոն և միմյանց առաջ։ Եվ հակառակը. շատեր իրենց կյանքն են կրճատում՝ իրենց մեղքերը չխոստովանելով միմյանց ու Աստծուն։ Նույնն է թե՝ Նարեկով կամ ի սրտե ջերմեռանդ խոստովանությամբ՝ Կյանքի սերը հաղթանակ է տոնում ամենուրեք և ամենքի մեջ, ովքեր անկեղծորեն քրիստոնեավայել են խոստովանում, բնական է, արժանի ընկերներին և ոչ թե անարժաններին։

Ճշմարտությո՛ւն, ճշմարտությո՛ւն և առավել ևս ճշմարտությո՛ւն. այս բանին են հետամուտ մեծերը, որոնց խոստովանություններն անգամ հաճախ վարվելակերպի, փորձառության և սրբազանը ճանաչելու, Կյանք մտնելու մեծ բալասաններ են, վիմական բալասաններ, երբ անկեղծորեն հարգենք, ընդունենք նրանց հաղթանակները: Դեղ կարող են դառնալ` փորձության մեջ գտնվողների համար և կյանքի դպրություն՝ հավատավոր ժողովուրդներ սնուցող։ 

Մեծերը՝ սուրբ են և ակնածելի։ Եւ մարդկության ճշմարիտ մեծերն են մեր հոգևոր Հայրենիքը կառուցում։ Իր վստահեցնող հավատով սուրբ և ակնածելի է նաև հոգևոր մեր Նժդեհը: Նժդեհ մարգարեն:

Խոստովանությունները նաև վերացնում, ջախջախում են կուռքերին։ Խոստովանողն արդեն կուռք չէ, որքան էլ մեծ լինի, այնքան քեզ հեռու է պահում իրեն կուռքի նման բարձրացնելուց: Ընդհակառակը. եթե ուշադիր լինես, իր անկեղծությամբ քեզ էլ է խոստովանել տալիս, և Աստված նրանց միջոցով հովվելով քեզ` քայլ առ քայլ մոտեցնում է Իրեն` Սիրո աղբյուրին:

Այդ է պատճառը, որ ճշմարիտ մեծերն անկարելի է, որ երբևէ կուռք դառնան։ Որովհետև հոգով կենդանի են, իսկ ինչ հավիտենական Կյանքի մեջ է և կենդանի` նա մաս է, մասնիկ Քրիստոսի բանական մարմնի ու այդպես կուռք երբևէ չի դառնում։ Օրինակ՝ անհեթեթ կլիներ, եթե մեկն Աստծուն կուռքի պես սիրեր։ Դրանով կբարկացներ Աստծուն և ինքն էլ կապականվեր։ Նույնպես և՝ Աստված դեմ է որևէ մարդու կուռք դարձնել, մարդուն կուռքի պես սիրել, որքան էլ նա մեծություն լինի։ Տգետները կամ մոլորվածները միայն կարող են ճշմարիտ մեծերին կուռք համարել, բայց նրանց գնահատանքը մեզ համար երբևէ չափանիշ չէ։ Ինչպես որ չափանիշ չէ հիվանդի հիվանդ կարծիքը բժշկության մասին կամ խեղ մարմին ունեցողի կարծիքը` կատարյալ մարմին ունենալու մասին: Առանց Աստծո ո՞վ կարող է կատարելանալ այս կամ այն հարցում:

ԱՌԱՆՑ ԻՆՁ ՉԵՔ ԿԱՐՈՂ ՈՉԻՆՉ ԱՆԵԼ, ասում է Հիսուս Աստված Ավետարանում: Կուռքը ընդհատում, սահմանափակում է կյանքը։ Կուռքը մոլորեցում է, երբ սատանան գայթակղում է հոգին նյութականացնելով գեղեցիկ որևէ պատկերով պատրել ու կորստի գայթակղել մարդուն, այդ պատկերը Աստված համարելով` նա այդպես երևույթը կուռք է դարձնում և խաբվողին մահվան կեր։ Իսկ ինչ կուռք է, մի օր փլուզվում է և մարդը մնում է ամայի` իր շեղ սիրո պատճառով առաջացած ավերակների վրա:

Մեծերը կարող են լինել հենման չափանիշ, եթե այդ չափանիշը Աստծոն գնալով ես ինքդ լրացնում: Որովհետև մեծերն էլ մարդ լինելով սխալներ ունեն, հանկարծ չբռնվես նրանց սխալներից: Եթե Աստծով ես, չես բռնվի և մեծերը կմեծացնեն քեզ` քո սիրո համեմատ, իրենց շնորհների համեմատ: Ուստիև՝ որևէ մեկին, մանավանդ մեծերին կուռք դարձնելը՝ մեղք է։ Վնաս կուռք դարձնողին: Ով որևէ մեկի կուռք է դարձնում, նա դեռ չի ճանաչում, դեռ չի սիրում նրան: Եվ իր բժշկումը չի որոնում: Նրանք են մեծերին կուռք դարձնում, ովքեր տգետ են, ճշմարտությամբ հասու չեն նրանց գործին:

Կուռք դարձնողները անգիր կապկումների են սովոր, ստեղծագործ հոգի չունեն և անգիրներով են բավարարվում։ Եվ եթե մեծերից մեկն ու մեկին որպես կուռքի ենք մոտենում՝ այդ մեր մեղքի կաղությունից է միայն։ Որովհետև կուռքը ոչ թե կենդանի կյանքն է, այլ քարացածության է պարտադրում զարգացումը, թե իբր այլևս աճ չկա, այս գագաթնակետն էր, ամենակատարյալը: Ես հասել եմ որոշակի կատարելության, բայց իմ հասած կատարելությունը երբևէ ամբողջականը չէ, անսահմանը չէ, որ Աստված է և Աստված Սեր է իրեններին հավիտենարժեք դարձնող:

Իսկ մենք, երբ Աստծո Սիրո ճառագայթն ենք ներկրում, և ներկրում ենք, որովհետև դա է մեզ կյանք, այդ չի նշանակում թե Նրա Սիրո մեջ լինելով` Ամբողջականից մասնակի ճառագայթներ արտահայտելով` հավասարվեցինք Նրան` Ամբողջին: Սակայն երբ հասկանում ենք, որ Աստված ջանում է մեզ ամբողջապես Աստվածացնել, այդժամ առավել ենք սիրում նրան և հեռանում ամենայն կռապաշտությունից: Այդտեղից է սկսվում նորմալ մարդու խաչակրությունը: Ժամանակի մեջ է Աստծո ողորմածությունը և գթությունը, ապա երբ իրենով մեզ կերտելու գործընթացն ավարտի, այդժամ պիտի կտրի մեզնից ու կրակի մատնի մեր բոլոր ավելորդությունները, որ հավիտենական կյանքի համար անպիտան են կամ հավիտենական Սիրոն են խոչընդոտում:

Այդ էտումից կրկին մենք ենք շահում, որովհետև ազատվում ենք չար սովորույթներից, որ արգելակ էին մեր հոգևոր աճին և մեր Աստծո հետ հոգով մեկանալուն, որտեղից էինք նախքան ադամական անկումը:

Անձնապաշտն իր ընկերոջն անկարող է իր անձի պես սիրել, որովհետև ինքն իրեն որպես Աստծոն է պաշտում: Կորած մարդ է նմանը: Վախ չունի Աստվածճանաչություն չունենալու կամ միայն արտաքնապաշտ լինելու պատճառով: Երբ իմաստուններն ասում են. «Տիրոջից վախեցողն է իմաստուն դառնում»: Որովհետև, ով Տիրոջից վախենում է, նա իր հավիտենական սերն ու կյանքը կորցնելուց է վախենում, քանի որ ադամական մարդ է մեղավոր:

Եթե Տիրոջից վախենաս քո կյանքի համար, ապա և նրան անսահման կսկսես սիրել` քեզ անսահման սիրելու և կյանք տալու համար: Իսկ երբ ճշմարիտ սիրես Քրիստոսին` վախդ կանհետանա, որովհետև Աստծո մեջ վախ չկա:

Կռապաշտների Աստվածն իրենց որովայնն է, ասում է Պողոս առաքյալը: Որևէ մարդու ունեցած կատարելությունը, շնորհը` Անսահմանից մաս պիտի դիտենք, իսկ եթե մասն ամբողջականն ենք համարում, որ անհնար է և սուտ, ապա այդքան իսկ կռապաշտում ենք ուրեմն:

Այդքան իսկ սակավացնում ենք Աստծո պատկերացումը մեր մեջ: Որովհետև մարդու ոտն երբևէ չի նշանակում մարդու ողջ մարմինը, այլ` մասը մարմնի: Եվ ոտը որպես ողջ մարմին դիտողը` հպարտանում է միայն իր տգիտության պատճառով: Ինչպես ժողովուրդն է ասում. «Անսիրտ մարդը չի փափագում ճշմարիտ Աստվածճանաչ լինել և ողջ կյանքն էլ Աստվածաշունչ կարդա, նույնն է մնում կամ կարող է դառնալ ավելի վատթար` գայլ այսինքն»: Ինչի պատճառով և հերձվածներ կան կամ շատ մոլորվածներ: 

Ես իմ որդուն ասացի. որդի, ես մարդ եմ մեղավոր և սխալական և ապաշխարող` սխալներիս համար, մեղքերիս համար էլ` խաչս եմ տանում կարողացածիս չափ: Որպեսզի իմ սխալները հանկարծ ճիշտ չհամարես և դրանք չկրկնես, և դրանց պատճառով իզուր չչարչարվես, և դրանցով վայր չընկնես` ի սրտե կարդա Ավետարանը, Աստվածաշունչը լավ ուսումնասիրիր, և իմ սխալները կտեսնես, կզգուշանաս ու հեռու կպահես քեզ դրանցից: Երբ քո մարմնավոր հայրն եմ, ինձ կուռքի պես մի սիրիր և Աստված կազատագրի քեզ իմ սխալներից ու թերի մասերից, իմ բոլոր մեղքերից:

Սա արդեն զարգացում է: Ճշմարիտ զարգացում: Որովհետև հաճախ չե՞նք հայրերս կուռք դառնում մեր որդիների համար և չարաչար կասեցնում նրանց հոգևոր զարգացումը, նրանց անհատականացումը: Նմանվել մե՞զ, մեր մեջ եղած բարուն` այո, բայց ոչ մեր անկատարություններին, որոնց համար ապաշխարում ենք:

Եւ մեզ հարկ է այնպես ապաշխարել, որ մեր սխալների պատիժը մեր որդիների վրա կասեցվի: Կամ հնարավորինս կասեցվի: Այլ մարդուն հարկ է ձգտել Տիրոջը նմանվել, այդ է ամենքիս էլ կատարելացնում: Որովհետև ինչ կուռք է՝ պատրանք է, զարգացում մահացնող, այսինքն թե՝ կեղծը որպես ճշմարտություն ներկայացնելով է խաբող մեզ և մեր երկրավոր կարճ ժամանակը չարաչար վատնող:

Կեղծը ճշմարտախառն` մարդուն կարող է Հայր Աստծու առաջ խորթ զավակ դարձնել, ինչպես որոշ քարոզիչների օրենքներին գայթակղեցնող գրականությունը, երբ մեղավորի համար փրկությունը Ավետարանի խոստումներով է, այսինքն` հավատով և ոչ թե օրինապահությամբ, քանի որ մեղավոր մարդու օրենք պահելը ծանր լինելու համար շնորհն եղավ: Օրենքով դատ անելն ու դատվելը դյուրին է, բայց շնորհով է հնար մեղքի համար անկեղծ կուրծք ծեծել` Տիրոջով արդարանալ, որովհետև ամենքս էլ մարդ ենք ադամական մեղանչման պարտքերով և, ըստ այդմ` ներող մեր նմանակիցներին, ովքեր շնորհներով են ընթանում: 

Չէ՞ որ Տիրոջ մանկանց համար Սուրբ Հոգին Ուրախականն է, Մխիթարողը և Շնորհաբերը ի բժշկում Հանդիմանողը և ոչ թե նրանց այսահարողը: Եթե մեղավորից նրա մեղքի դիմաց օրենքի դատ պահանջես, ապա էլ ու՞ր կմնա Քրիստոսով փրկությունը: Կեղծ քրիստոնյա չե՞ս արդեն: Քրիստոս իրավունք ունի դատելու, բայց նման դեպքում չի դատում, ինչպես շնացող կնոջն էլ չդատեց, այլ ցույց է տալիս, թե որոնք են մարդու համար երանելիները և որոնք` վայերը, որպեսզի քաջալերի շնորհով ընթանալ և ոչ թե օրենքի ծանր լծով ու դատով, որպեսզի սրտով արժանավորները, ճշմարիտ հավատավորները մտնեն հոգևոր ասպարեզ, իսկ սրտով խոզերը դուրս մնան:

Սակայն խոզերը խոզ էլ մնում են ամեն տեղ, նրանք իրենց անձը Աստծուց առավել սիրելու պատճառով, այլոց անվամբ (մորթիով) եկեղեցի խցկվելով, իրենց անձը կուռք դիտել տալով, իրենց փափուկ, գարշակեր մարմնին փշրանք իսկ չարչարանքներ չտանելով, և Քրիստոսի անեղ անունը գործադրելով` իրենց սուտը կյանքին խմորելով` չեն էլ տեսնում, որ այդպես օրըստօրե, կամա թե ակամա, հակաքրիստոնեությանն են ընդառաջ ելել: Ցավոք, Քրիստոսի անունը գործադրելով են այդ անում, որ հավելյալ մոլորեցումներ կարող է ավելացնել ու ավելացնում է: Քրիստոնեությունը կուռքեր չունի։

Քրիստոնեության մեջ կան առաքյալներ, մարգարեներ, Հայրեր, սրբեր, քահանաներ, նահատակներ, իմաստուններ, սուրբ զորավարներ, եղբայրներ, բարեկամներ, բայց ոչ երբևէ կուռքեր և ամենքն էլ կենդանի են՝ 2000 տարի առաջ ծնված լինեն թե մեր ժամանակում։ Որովհետև «Աստված՝ կենդանիների Աստվածն է» և ոչ թե դատարկ, մեռած անունների, և ոչ թե` արձանների վերածած գերեզմանների։

Քրիստոնյաները մեկը մյուսի համար օգնական և միաբան են Աստծո մեկ Հոգով, և ամենքն էլ՝ նույն Արեգակի ճառագայթներից են ու Տիրոջ նույն հաղթանակի մեջ, որ է ԱստվածՈրդին` կենդանի Քրիստոս։ Եվ (բոլոր քարոզիչները) մեծ են այնքանով, որքանով (խոսքով թե գործով) Քրիստոսին են մատնացույց անում՝ որպես ճշմարտության Հովիվ, Կյանք, Դեղ, Բժիշկ, Ուսուցիչ, ՈՒղեկից, առավել կատարյալ, քան մարդը, այսինքն՝ Աստծուն են քարոզում մարդու մեջ և չեն կեղծում։ Ամենքն էլ (մեծերը) Քրիստոսին՝ Ամենամեծին են արտահայտում և ոչ իրենց անձերը կամ ամենասակավ` իրենց անձերը։

Եթե իրենց անձերը արտահայտեին և ոչ թե Աստծուն իրենց մեջ, ապա այդքանով իսկ կզզվեինք նրանցից: Եվ մարդկության մեջ նա է առավել մեծ, ով իր վարքով, ով իր միջոցով, իր կյանքով առավել է Քրիստոսին Հոգով արտահայտում, որպես Բան ու Բանականություն, այսինքն՝ կենդանություն, որով եղավ ամեն բան և անմահականությունը մարդուն: Եղավ ճշմարտությունը, անվերջ կենսասիրությունը և անձանձրալի Կյանքն Աստծով։ Եվ երգում է նման մարդը և կյանք է նրա երգը` բանական օրհներգություն և սաղմոս:

Ուրեմն ինչու՞ Նժդեհն այնքան նվիրական էր ընդունում Աստծուն՝ Հայրենիքն էլ ետնադասելով Աստծուն. բնական է, նա վստահ էր, որ Հայրենիքի կյանքն Աստծուց է։ (Այդպես էր և Վարդան Մամիկոնյանը, որովհետև առանց հոգևոր կյանքի առաքինի Հայրենիք չի լինում, մանավանդ՝ հոգևոր Հայրենիք)։ Ոմանք ասում են նախ՝ Հայրենիքը, ապա Արարիչը։ Այսինքն՝ նախ անհոգի և անկյանք հողատարա՞ծքը։ Երիցս ոչ նման խեղ մտքին:

«Մեր Հայրենիքի բախտի համար Ես բռնել եմ Աստծու փեշից՝ դուք էլ ինձանից բռնեցեք» ասելով, Նժդեհը ոչ այնքան իր ընկերներին նկատի ունի, ովքեր պիտի իր նման ազգի բանականության հաղթանակների լուծը կրեն, այլ նրանց, որ սիրելի են, բայց դեռ հասու չեն հանուն ազգի ավելի ծանր խաչ վերցնել. նրանց՝ որ դեռ աշակերտում են և դեռ մշակ չեն հանուն Հայոց, հանուն մարդու։ Այսինքն՝ դպրոցի, ԲՈՒՀի աշակերտներին, մտավորականների դեռ կազմավորվող մի խավին, ժողովրդի մի խավին է ասում, որ դեռ լիարժեք մշակ չեն և իրենով կերտվելու քաղցը դեռ չեն հագեցրել։

Բնականաբար իր նման խաչ կրողներին Նժդեհն այլ բան չի ասում, քան թե՝ «Ես բռնել եմ Աստծու փեշից՝ ԴՈՒՔ ԷԼ ԻՆՁ ՆՄԱՆ ԱՍՏԾՈՒ ՓԵՇԻՑ ԲՌՆԵՑԵՔ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆՅԱՅՑ»։ Հիսուս իր աշակերտներին, երբ նրանք արդեն պատրաստ էին առաքելության, թեպետ Տերն էր նրանց, բայց նրանց եղբայր անվանեց, այսինքն՝ արդեն ավելի բարձր տեսավ նրանց, քան առաջ էին՝ որպես աշակերտ։ Ի վերջո, աշակերտելը ոչ թե հավիտենական մի բան է, այլ ընթացք, ձեռք բերված գործնական իմացություն, որ աշակերտելու արդյունքում՝ գործակիցը և նմանը դառնաս նրա, ում աշակերտում ես։ Նժդեհին աշակերտողի համար բնական և կենսատու կաթ է «ԴՈՒՔ ԷԼ ԻՆՁԱՆԻՑ ԲՌՆԵՑԵՔ» ը։ Բայց հասուն մշակի համար, ինքն իրեն հայրենասեր ճանաչողի համար արդեն պահանջ է դառնում Նժդեհի բուն նպատակը՝ «ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԲԱԽՏԻ ՀԱՄԱՐ ԴՈՒՔ ԷԼ ԻՆՁ ՆՄԱՆ ԱՍՏԾՈ ՓԵՇԻՑ ԲՌՆԵՑԵՔ, ՈՐՊԵՍԶԻ ՁԵՐ ՀԵՏԵՒՈՐԴՆԵՐՆ ԷԼ ՁԵԶԱՆԻՑ ԲՌՆԵՆ՝ ՄԻՆՉԵՒ ԻՐԵՆՔ ԵՒՍ ՁԵՐ ՆՄԱՆ ՀԱՍՈՒՆԱՆԱՆ ԵՎ ՀԱՅՐԵՆՅԱՅՑ ՀԱՄԱՐ ԻՐԵ՛ՆՔ ԵՎՍ ԱՍՏԾՈ ՓԵՇԻՑ ԲՌՆԵՆ»։

Այս ասում եմ այն բանի համար, որ ոմանք իրենց գիտակցական կյանքի ողջ ընթացքում, հասուն այրեր իրենց համարելով, չեն առաջանում այնքան, որ Աստծո փեշից բռնեն: Երբ յուրաքանչյուր առաքելության, նաև Նժդեհի առաքելության նպատակը նույնն է` մարդուն «նշանել» իր Փրկիչ Աստծո հետ: Այդժամ է միայն այդ մարդը ապահով դառնում: Եվ իր Փրկիչ Աստծո հետ նշանված Հայրենին է ամենաապահովը ու ամենայն փորձություններ հաղթանակողը: Ամե՛ն:

Մաքսիմ Ոսկանյան «Հոգեւոր Նժդեհը» գրքից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ