26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հոգեւոր Նժդեհը

«Զոհաբերի՛ր… Զոհաբերի՛ր անվերջ՝ առանց մնացորդի։ Սովորի՛ր և սիրի՛ր զոհաբերել ու տանջվել բավականության լուսափայլ ժպիտը երեսիդ… և դու կմոտենաս Աստծուն, դու կդառնաս մարդ Աստված…

ԱՅԴՊԵՍ Է ՊԱՏԳԱՄՈՒՄ ԻՄ ՄԱՐԳԱՐԵՆ ԻՐ ՀՐԵՂԵՆ ԽՈՍՔԸ… (ՆԺԴԵՀ. «Դաշնակցության պանթեոնը» շարքից)։

Բնականաբար` ամենօրյա Խաչելության նման կյանք ապրելու մասին է խոսքը, որ շեփորում է հոգևոր Նժդեհը: ԵՎ արդ, Նժդեհն ինքն է ասում, թե մարգարեական շնորհ ունի: Պողոս առաքյալը հաստատում է նույնը, թե Տիրոջ եկեղեցուն են վերապահված առաքելական, մարգարեական և այլ շնորհները: Նժդեհն ահա ինքնաճանաչմամբ հայտնում է, որ իր ասած այս ազնիվ խոսքերը ոչ թե իրենն են, այլ իր ներսում բնակվող մարգարեկան հոգունը: 

Նժդեհը Տիրացուի թոռ էր ու քահանայի որդի: Իսկ մոր եզակի Աստվածապաշտության մասին` արդեն իսկ հիշատակել ենք: Ուստիև, այս մեծ անհատի ճանաչողության սանդղակը ճանաչված շատ մտավորականներից իր իմաստությամբ և ծնունդով անհամեմատ բարձր էր: Նաև որ` Նժդեհը կենդանի հաղորդություն ուներ Աստծո հետ, ինչպես ինքն է ասում թե` իր ներսում հրեղեն խոսքով մարգարե է ապրում: 

Եվ առանց հաշվի առնելու, որ Նժդեհը նաև քահանայանման մարգարե էր, նրա կյանքից շատ դրվագներ անհասկանալի էլ կմնան՝ մանավանդ Խորհուրդների անհավատ երկրում ապրած, լենինստալինյան խառնակումներով բոլոր խեղվածներիս, զարկվածներիս, աղավաղվածներիս, դեն գցվածներիս համար։ Երբ ամեն օր էր քարոզվում ծուռը շիտակ, շիտակը` ծուռ դիտել: Քարոզվում էր ճնշում հոգևոր ազատության վրա և նյութաստվածություն:

Խորհուրդների պետությունն օրինակ՝ չէր ընդունում Նժդեհին, որովհետև Աստվածաշնչյան հայտնատեսությամբ հոգևոր Նժդեհը համոզված էր, որ ԽՍՀՄԸ չար պետություն էր, մարքս լենինյան սկզբունքը՝ անհավատություն, անաստվածություն սերմող, ուստիև` մեծ արատներ կրող։ Երբ Նժդեհը Քրիստոսին անվանում է. «Ոգու հսկա, ում ետևից պիտի գնալ», նույն դեպքում Մարքսին անվանում է. «Մարդկայնորեն անասնականը, ում, բնական է՝ ամենևին չպիտի հետևորդել»։ Աստված սկզբից էլ, ջրհեղեղից հետո՝ դեմ եղավ մարդկանց ու ազգերի միատեղմանը, գլոբալացմանը, որովհետև մարդն ի բնե չար լինելով, ազգերի միաբանությամբ առավել սոցիալական, նյութապաշտ և մեծ ապստամբ է դառնում և սակավանում կյանքից, այսինքն` հոգևորից, երբ միայն վերջինովս է մարդու համար հավիտենական կյանքը, սերը, ամեն արժեքավոր բան, արդար մշակություն և Աստծո տված բարիքի արդար վայելումը։

Սակայն Գլոբալացվելով՝ մարդն ինքն իր կյանքի և հոգու դեմ է սկսում գործել։ Գլոբալացումն, ուրեմն, ինչպես առաջին Բաբելոնի ժամանակ, պատմության էջերում երբ էլ ի հայտ է եկել՝ դժոխքի լայն դռներ և որոգայթներ է բացել մարդկության առաջ, որովհետև բանականությունը թողած՝ մարդկությունը հակվում է մարմնայինը, ցանկությունները, կռապաշտությունը, սոցիալականը, նյութականը աստվածացնելուն, այդպես ընդդիմելով կենդանի Աստծուն, որով է ամեն բան և բարիքը և օգտակարը և կյանքը: Բաբելոնացումն ընդունում է մարմնի բարեկեցությունը և ոչ թե հոգին և հոգևոր աճը: Այսինքն՝ անհոգի կամ սակավհոգի լինելով, վաղ թե ուշ մարդը դատապարտվում է կործանվող նյութին նմանվել, նյութին կռապաշտել, որի համար է, թվում է, այլևս ապրում: Եվ այդպես մարդիկ ստրկանում են միմյանց հանուն նյութի և ոչնչանում:

Բանականությունից հեռանալու չափազանցությունն է այդ, որ կրքերի, ինքնաապականման և վաղ թե ուշ՝ ինքնաոչնչացման է տանում մարդ արարածին: ԽՍՀՄ-Բաբելոնը ևս ավարտվեց հանկարծահաս փլզումով, ինչպես Գիրքն էր նախազգուշացրել:

Եվ այսօր եկող Նոր, Վերջին Բաբելոնն է կազմավորվում, որ Հայտնության Գրքում նմանեցվում է գազանի, որը մարդուն տանում է մարմնի առավել գազանացման ու ԿՐՔԵՐԻ ՄՈԼԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ, իր առավել ծայրահեղ ապականվելու ծրագրերի գործադրմամբ: Բնականաբար, ինչպես Գիրքն է ասել` սա ևս ընկնելու է մեծ կործանումով։

«Կրքերն ու կարիքները ծառաներ պիտի լինեն և ոչ թե տեր ու բռնակալ», ի հակադիր այդ ամենի` քարոզում է հոգևոր Նժդեհը (Նժդեհ. «Որդիների պայքարը հայրերի դեմ»):
«Ազգերն ունեցել են, ունեն և պիտի ունենան իրենց արժանի ճակատագիրը: Քեզանից զատ. խրատում է պատմությունը, ոչ ոք կարող է բարեփոխել քո դրությունը», քարոզում է Նժդեհը (Նժդեհ. «Որդիների պայքարը հայրերի դեմ»):

«Հիվա՜նդ, դժբախտ ժողովուրդ, որ մինչև այժմ երկու առաքինություն է ունեցել` իր դժբախտությունները վերագրել արտաքին պատճառների և փրկությունը հուսալ արտաքին ուժերից» (Նժդեհ. «Բաց նամակներ հայ մտավորականությանը»)։ 

«Օտար լծերի տակ երկարորեն ապրած ժողովուրդներին հատուկ է մի հոգեգիծ, որը հոգեգիտությունն անվանում է «Ստրկական երկյուղ»: Այդ ամոթալի արատից, այդ չարիքից զերծ է հայ էությունը, որովհետև օտար իշխանությանց լուծը կրելով հանդերձ նա չէ դադարել իրեն զգալ ավելի բարձր իր երկրին բռնորեն տիրողից» (Նժդեհ. «Բանտային գրառումներ»)։

Իզուր չէ գլոբալացվող պետությունը նոր ծնվող մանկանը կուլ տալ ցանկացող վիշապի տեսքով նկարագրվում Հայտնության գրքում։ Նժդեհը գիտեր, որ ԽՍՀՄՆ էլ է գլոբալացվող Բաբելոն և կողմ էր միայն ՀՈԳԵՒՈՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ, որ քննեցինք թե ինչպես էր հնարավոր ձևավորել, որ «Եվրոպական հովերով տարված խաբեական ու ապական միաբանություններով» անկարելի էր։ ԵՎ ԿԱՐԵԼԻ ԷՐ ՄԻԱՅՆ «ԱՍՏՎԱԾ ԵՒ ՀԱՅՐԵՆԻՔ» ՈՒՂԵՆԻՇՈՎ: Նժդեհը ուղենիշ դրեց գազանի բռնատիրող ուժերի դեմ՝ ոտքի հանել ՎԱՐԴԱՆԱՆՑ ՀՈԳԵՂԵՆ ՄԵՐ ՏԵՍԱԿԸ: Գտնելով, որ միայն մեր այդ տեսակը կարող է դիմակայել ապագա փոթորիկներին: Նահատակությամբ էլ մերժել չարը և երբևէ չնսեմանալ: ԵՎ որ` Նոյ Նահապետի թոռներն իրավունք չունեն աշխարհի մոլորմամբ մոլորվել, երբ «Սկզբից ի վեր հայերը քրիստոնյա են»` Ադամից և Նոյից սկսած: Նկատի ուներ Նոյի, Հաբեթի և Հայկի ուղիղ Աստվածպաշտությունը:

Ուշադիր լինենք, Նժդեհը չի ասում մոտ 2000 տարիներ ի վեր հայերը քրիստոնյա են, այլ` ՍԿԶԲԻՑ Ի ՎԵՐ, այդպես փառավորելով Աստծուն, որ Սկզբից էր հոգածու հայկական հոգեղեն մտքին ու սրտին, հայկական առանձնահատուկ գենին: Եվ որ «ՍԿԶԲԻՑ ԷՐ ԲԱՆԸ ԵՒ ԲԱՆԸ ԱՍՏԾՈ ՄՈՏ ԷՐ», այսինքն թե` Քրիստոսն սկզբից էր և հավիտենական Աստվածություն և միայն ժամանակի մեջ մարդկային մարմին առավ, որ ճանապարհ ու ճշմարտություն ցույց տա մարդկության հավատավոր մասին:

Այդ Ավետարանական ճշմարտությանը Նժդեհը տեղյակ էր իր ներսում ապրող «Մարգարեի հրեղեն խոսքով»: Մի բան, որ այսօր Նժդեհին մակերեսորեն տեսնողները, ցավոք, հոգեպես թերուս մնացած մարդիկ, ամենևին ո՛չ ըմբռնում են, ո՛չ ընդունում, թե Քրիստոս ոչ թե 2000 տարիներ ի վեր կա, այլ Սկզբից կար, ինչպես որ իր ներսի հրեղեն մարգարեով ճանաչեց և հայտարարեց նաև Նժդեհը:
«Սիրի՛ր թշվառին, ծառայի՛ր սրան, թող քո ցավը թշվառի ցավը, Քո Աստվածը՝ թշվառի Աստվածը լինի…

…Գոյությունդ քարշ տալու համար մի՛ սողա, մի՛ ստորանա, մի՛ ստիր…
Ստել՝ նշանակում է՝ հայհոյել ճշմարիտը, ուրանալ՝ նշանակում է դադարել մարդ լինելուց…
Եղի՛ր բացարձակ… ԱՅՍՊԵՍ Է ՊԱՏԳԱՄՈՒՄ ԻՄ ՄԱՐԳԱՐԵՆ ԻՐ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ ԽՈՍՔԸ և հոգիս նրա հրեղեն պատգամներին գերի, վեհորեն իր թևերն է պարզում… («Դաշնակցության պանթեոնը» շարքից. «Ժայռ» 1917)։

Բնականաբար էլ, ինչպես մարգարե Հովհաննես Մկրտիչը Հերովդեսից դատվեց, Նժդեհն էլ` սուտ մեղադրանքով դատվեց ԽՍՀՄ Բաբելոնից և բանտում, բազում չարչարանալից տարիներից հետո, մարտիրոսվեց՝ մարգարեի էլ վախճանով։

Բաբելոնը ժամանակակից բառով՝ ազգերի գլոբալացումն է, որ սկզբից ևեթ հանգում է Աստծո դեմ ապստամբության։ Առավել ճիշտ՝ հենց ապստամբությամբ էլ սկսվում է այդ միաբանությունը՝ նյութը որպես աստվածություն՝ գայթակղեցնելով։ Հայտնի է, որ Խորհուրդների «օրենքով» անհավատ միությունը ոչ միայն բանտարկեց ու կոտորեց մեծաթիվ հոգևորականների, որոնց ստվերն էլ չարժեր, ապա կենդանի մնացածների վրա էլ՝ բռնացավ, աքսորեց, ավերեց նաև մեզ մարդ կերտող, իր տեսքով անգամ մեզ առաքինության կոչող լուսավոր հենարանները՝ մեր շատ եկեղեցիներ, հոգևոր փրկության ճրագի դարավոր վկայարաններ։ Եվ այն ժամանակ Աստծոն հավատալը, ըստ ԽՍՀՄ ներքին օրենքի՝ հանցանքի նման բան էր դիտվում։ Այս ապստամբության մասին Աստվածաշնչյան մարգարեություններում Աստված ասում է. 

«Բաբելոնին 70 տարի ժամանակ եմ տալու և ապա պիտի այցելեմ Բաբելոնին և այն ազգին, որին (գետնաշարժով) հավիտենական ավերակների եմ վերածելու»։ 

Կազմավորման ուղիղ 70 տարին լրանալուց հետո, Աստծո աներևույթ այցելությամբ՝ ԽՍՀՄը, ճշմարիտ որ, ըստ Գրվածքի՝ փլուզվեց, կրկին տարաբաժանվեց ազգ ու ցեղերի, ինչպես առաջին Բաբելոնը. և տարաբաժանվեց, որպեսզի կրկին Աստծո կամքին դառնայինք։ Քիչ դարձանք կամ հարկին չդարձանք։ Եվ… ԽՍՀՄ 70 տարին լրանալուց հետո, մեծ երկրաշարժով հավիտենական ավերակների վերածվեց Հայաստանի 1/3 րդ մասը, երբ Հայտնատեսական գրականության մեջ (ՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ԳԻՐՔ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ) Աստված ասում է, որ 1/3 ը իր բերած աղետների չափ նշանն է, կնիքը, ստորագրության նման մի բան։ Իսկ պատիժն այն էր, որ մենք սոցիալական, նյութական գոյության ախտով ավելի էինք վարակվել, խաբվել, խիստ սակավացրել հոգևոր մեր խնջույքները, հարկ եղածին չափ չէինք պայծառացրել մեր եկեղեցիները, հոգևոր արժանի մակարդակի գործերով ու կյանքով հարկ եղածին չափ չէինք ապրում, որովհետև սովորել էինք սոցիալիստական մտածողության, որ խաբեություն էր։ Սոցիալիստական մտածողությունը հանուն միայն մարմնավոր բարեկեցության առանց Աստծո ապրելն էր, ըստ Մարքսի այն հիմար տեսության էր, թե իբր` կեցությունն է որոշում գիտակցությունը: Երբ խելամտություն է հարց տալ. ԱՌԱՆՑ ԿԱՏԱՐՅԱԼ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ` Ի՞ՆՉ ԿԱՏԱՐՅԱԼ ԿԵՑՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ: ՊԻՏԻ ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱ՞Ս, ՈՐ ՔՈ ՈՒՆԵՑԱԾ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԿԵՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵՍ: ԲՆԱԿԱՆԱԲԱՐ, ՑԱԾ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾԱԾ ԿԵՑՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ՑԱԾ ՊԻՏԻ ԼԻՆԻ:

Ի ծնե հանցասերի կեցությունը բարելավես` կկամենա ողջ աշխարհն էլ ապականել իր հանցանքով: Ամեն օր եթե խորոված կերցնենք և փափուկ գորգերի վրա քնեցնենք շան բնույթի մարդուն, չէ՞ որ լավ բանաստեղծ կամ ընտիր երաժտահան չի դառնա: ԵՎ ինչ կեցությամբ էլ շրջապատեցին կապիկին` նրանից մարդ չծնվեց: 

Ուստի և առանց Աստծո արդարության ոչ մի օգտակար կեցություն չի բարելավվի, եթե բարելավվի էլ, ավելի մեծ վնաս կտա, խաբեական և բաբելոնյան բարելավում լինելով (լավ կեցություն առանց Աստծո կորստաբեր մոլորությամբ) շուտով փուլ կգա` խորտակվող մարդկանց վայնասունները առաջացնելով:

«ՆԱԽ ՓՆՏՐԵՑԵՔ ԱՍՏԾՈ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՆՐԱ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ԱՊԱ ՄՆԱՑԱԾԸ ԻՆՉ ՊԵՏՔ Է (ՈՒՏԵԼՈՒ ԵՒ ՀԱԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ) ԱՍՏՎԱԾ ԱՎԵԼԻՈՎ ԿՏԱ, ԹԵՐԱՀԱՎԱՏՆԵՐ», ՈՒՍՈՒՑԱՆԵՑ ՀԻՍՈՒՍ:

Այսինքն թե` արդար ու բարի գիտակցություն ունեցեք, որ արդար ու բարի կեցություն ունենաք:
Միթե գիտակցություն ունեցողն իր կառուցած տան ցեմենտը կգողանա՞ր, որ տունը երկրաշարժից փլվեր: Նորմալ գիտակցություն ունեցողը նման բան չէր անի: Մարդատյացության այն չափանիշը, որ իր ազգակիցների համար տուն կառուցողները ցեմենտ չէին խառնում ավազին, որ տունն ամուր չլինի, սովորական, ընդունելի անեծք էր դարձել:

Անաստված, գայլային վարք էր դարձել: Այսինքն, հարկ եղած չափի՝ մենք հավատավոր էլ չէինք, այլ` հակառակն ավելին էր դիտվում ու թութակվում, տեղ չտալով հավատավորների ազնվական ըմբռնումներին: Մենք մեր 1/3 ով՝ նյութագոյությունից խաբված՝ չարություն գործող, եղծված ազգ էինք դարձել։ Ինչու՞։ Եվ 1/3ով էլ ընկանք, առանց պատերազմի: Երկրաշարժն հարվածեց Հայատանի 1/3րդ տարածքին: Որովհետև ԽՍՀՄ փոքր Բաբելոնից ելնում էինք՝ ոչ թե Աստծուն խոնարհվելու, ոչ թե համազգային ապաշխարության, այլ` ամենամեծ Բաբելոնին ինտեգրվելու, նրան ևս խաբվելու, մի քանի կտոր հացի դիմաց նրանից ևս առավելս խարդախվել-ապականվելու, փչացվելու։ 
Մարգարեական գրքերում սոցիալիզմից խաբված իրողությունը ավելի տեսանելի, հասկանալի բնորոշումով է արտահայտվում հետևյալ խոսքերով. 

«Նրանք ասացին՝ իմ քսակը, իմ քսակը և թե` տանենք տուններս լցնենք»։  Այդպես էր ասում 1/3 րդ «մեր հասարակությունը», այս էր մեր 1/3 րդ հասարակության կյանքն ու կամքը, անօրեն չափանիշը դարձել։ Բան, որին ամոթ է հոգևոր կյանքի անհրաժեշտ չափ ու մակարդակ, անգամ հոգևորի ստվերը կոչել, եթե ոչ միայն՝ պատժաբերություն և խայտառակություն պիտի անվանենք։ Այնքան չկայունացանք հոգևորով, որ աղետն Աստված ի չիք աներ Հայաստանից, ինչպես դա արեց Նինվե քաղաքի համար, երբ քաղաքացիները չարհամարհեցին Աստծո զգուշացումները, այլ լսեցին Հովնանի քարոզներն ու լացով ու կոծով ապաշխարեցին և… հարվածը նրանց չխփեց։ 

Է, մենք չունեի՞նք այդ զգուշացումները, որ Նինվե քաղաքն ուներ: Ամբողջ մի մատենադարան ունենք` լի այդ զգուշացումներով: Բայց լավ է, որ մատենադարանը մեր ներսում լիներ և ոչ միայն շենքի մեջ, որպեսզի հավատայինք, հասկանայինք և մեր Աստծուն լսեինք:
Է, ու՞մ է պետք այն անհավատությունն ու հպարտությունը, որ այնուամենայնիվ աղետով, լացով ու կոծով է ավարտվում, այն էլ՝ լաց ու կոծ՝ արդեն…. դաժան աղետի իրականացումից, կորստից հետո միայն։

Ավելի լավ չէ՞ նախապես վիշտն ու լացը՝ փրկությամբ, ինչպես Նինվեի օրինակում, քան դաժան ավերումից ու մարդկային մեծ կորուստներից հետո միայն։  Եվ ինչի՞ է նման «Ընկերոջիցս գողանամ, տանեմ իմ տունը լցնեմ» կամ «իմ քսակը հաստացնեմ, ընկերս քաղցած էլ յոլա կգնա» հոգեբանությունը, որ ամենևին չի հուշում մերձավորին սիրելու, նրան օգնելու Աստվածային պատգամները:

Եվ երբ սոցիալական մտածողությունը հակադրություն է Աստծուն, հակադրություն սրտանց ողորմած լինելուն, հակադրություն՝ «մերձավորին անձի պես սիրելուն», հակադրություն՝ «ձրի առաք, ձրի տվեք» սրբավարք արտահայտությանը, հակադրություն՝ «քո ձախ ձեռքը չիմանա թե (մերձավորիդ) ինչ տվեցիր քո աջով»ին: Մի խոսքով, հակադրություն է մեկ միաբան ազգ լինելուն, այդպես Աստծո կամքը գործելուն, հապա միթե ի վերջո պատժի ենթակա չպիտի լիներ նման անբնական և հակաստվածային որևէ ընթացք:
Այսօր էլ՝ մի՞թե այդպես չէ։ Մեր 1/3րդ մասը տռզում է, երբ չքավոր մասը հանապազորդ հաց գտնելը՝ արկած կամ օրվա բարեբախտություն է համարում։ Երբ միմյանց ծառայելու սուրբ պատվիրաններով է ազգն ազգ դառնում ու պահպանվում։ Երբ միմյանց ծառայելով և օգնելով է սերը սեր: Այսօր անգամ ընկերասիրությունն ասես որոգայթ է դարձել: Մինչդեռ՝ Աստվածային խոսքին, այսինքն թե՝ վերին մարդասիրություն և եղբայրասիրություն քարոզելով ապրելուն պիտի կողմ լինեինք։ Իմացեք, որ Աստվա’ծ կա, վա’խ ունեցեք։
Այսօր «իմ քսակը» պնդողների մեջ ո՛չ ընկերասիրություն կա, ո՛չ մարդասիրություն, ո՛չ աղքատասիրություն, ո՛չ էլ, առավել ևս` փոքր ինչ ողորմածություն։ Առավել ևս՝ ո՛չ էլ՝ Քրիստոս և քրիստոնեություն։ Կամ առավել ճիշտ աշխարհում արդեն կա` կեղծ Քրիստոս ու կեղծ քրիստոնեություն, և դրամի համար` երեսպաշտություն անելը սովորական երևույթ է դառնում, կազմվում է քրիստոնեություն նմանակողների և վարպետորեն ի փորի շահի կապկողների բանակներ: 

Այսօր էլ, նոր գլոբալացման սոցիալական խոստումները հսկա չափերով տառացիորեն նույն մոլագար, անձնապաշտության սարդոստայնով դրսի «գրանտներով» որսում են մեր՝ հոգևոր գիտելիքից թշվառ, բայց ունեցվածքի խոստումներից հիպնոսացված միամիտ կամ անգետ հայրենակիցներին, ովքեր «դրսից» ի մահ որս անող խայծերն ու ուռկանները չգիտես ինչ հրաշքով «չեն տեսնում»։ Շատեր, մի կտոր հացի, մի քանի կոպեկ շահի, մի կեղծ պատվի գայթակղությունից` դիտմամբ չեն տեսնում: Բնականաբար, իշխողների և սուտ հովիվների կողմից նման խայծերի հանդուրժումը՝ բարկացնում են Աստծուն և «տարերային» անվանվող աղետներ և մեծ պատիժներ են ներկրում իրենց մեջ, հասունացնում եկող օրերի մեջ Երկնայինի Բարկության առավել պայթելու դրդումներով։ 
Դրսի այդ ծրագրերից մեկով, ինտեգրող ուժերը մի դպրոցում սպիդից պաշտպանվելու համար սեռական օրգանների ապահովիչներ են բաժանել աշակերտությանը: Ռադիոյով մեր մի խումբ մտավորականներ դատապարտեցին այդ եղելությունը: Որովհետև դեռահասը արդյո՞ք չէր գայթակղվի այդ «Նվերները» փորձել ու ընկնել անբարոյականության որոգայթը: Ինչպես Քրիստոս է ասում` վայը պիտի լինի գայթակղողին:

Երկյուղենք, որ անգամ ՄԵԾ ՆԵՐՄԱՆ ԱՎԵՏԱՐԱՆԸ ժամանակին դարձ չապրողների համար հիմք էլ չի թողնի. «ԵԹԵ ՉԱՊԱՇԽԱՐԵՔ՝ ԱՄԵՆՔԴ ԷԼ ՊԻՏԻ ԿՈՐՉԵՔ», ասել է մեր Տերը։ Մեծ եղեռն և մեծ երկրաշարժ տեսած ժողովրդի համար այս առավել ևս պիտի զգոնացնող լինի: ԵՎ ամոթ է հայի համար հոգևորը թողած ապրուստի ետևից միայն վազել` ապագա դժնիկ ու ապագա պատիժ դիզելով:

Այսինքն, իզուր չէր Նժդեհի գարշումն ու մեծ անհանգստությունը ընդհանրապես գլոբալացման նկատմամբ և իզուր չէր Նժդեհը ԽՍՀՄի ու թուրքերի չարությունը ինչոր տեղ՝ նույնը դիտում։ Որովհետև Հայաստանը Նոյյան Հայրենիք լինելով, առավել ևս պարտավոր էր Աստծուն խոնարհվել և հետևորդել, այլ ոչ թե խառնակվել գլոբալացման սուտ ընկերային վիշապի, սոցիալական ախտերով ցնորողների և ցնորվածների հետ։ Հին Կտակում ասվում է, որ Աստծո պատվարժանությունը թողած ժողովուրդներին Աստված Ինքն է Բաբելոնին խառնելու: ԱՅԴ ՓՆՏՐԵՑԻՐ, ԱՅԴ ԷԼ ՔԵԶ, ՃԱՇԱԿԻՐ ՈՒ ՏԵՍ, ՈՐ ՎԱՅԴ ԵՍ ՓՆՏՐԵԼ: Ուրեմն. եթե հոգևոր լինենք, այդ չենք փնտրի, այլ կուղղորդվենք դեպի Աստծո փրկության Ավետարանը:

«ՉԱՐՈՒԹՅՈՒՆ Է ՇՆՉՈՒՄ ԱՄԵՆ ԱՆԿՐՈՆ: ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՆՀԱՏԸ ՄԻԱՅՆ ԱՅՆ ՉԱՓՈՎ Է ԸՆԿԵՐԱՅԻՆ, ԻՆՉ ՉԱՓՈՎ, ՈՐ ԴԱ ԿՐՈՆԱՇՈՒՆՉ Է: ԿՐՈՆԱՊԵՍ ՏԿԱՐԱՑԱ՞Վ ՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ԱՀԱ ԱՅԼԵՒՍ ԵՐԿԻՆՔ ՉՈՒՆԻ ՆԱ, ՓԼԱՎ ՆՐԱ ՀՈՒՅՍԵՐԻ ԱՇԽԱՐՀԸ, ԱՅՍՕՐ ԱՅՆՏԵՂ ԷԼ ՄԱՀՆ Է ԳՈՐԾՈՒՄ ԻՐ ԴԵՄ… ՉԿԱ ՄՇԱԿՈՒՅԹ ԱՌԱՆՑ ԿՐՈՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՒՄԻ: ՑԱՄԱՔՈՒՄ ԵՆ ՆՐԱ ՍՏԵՂԾԱԳՈՐԾ ԽԱՆԴԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ, ՀԵՆՑ ՈՐ ԴԱ ԴԱՌՆՈՒՄ Է ՆՅՈՒԹԱՊԱՇՏԻԿ» (ՆԺԴԵՀ. «ՌԱԶՄԻԿ» ԹԵՐԹ, 1943Թ.):

Գրվածքն է զգուշացնում թե՝ Աստծո պատվիրաններն անտեսողները պիտի որոգայթվեն (գերավարվեն) Բաբելոնով, նույնն է` Գլոբալացմամբ։ Այդպես եղավ երեկ՝ ԽՍՀՄով, իսկ այսօր, քանի դեռ չենք հասցնում խրատվել, ապա Համաշխարհային մեծ գլոբալացման հզոր ալիքներն են կամենում Հայաստանին ևս իր մեջ ներառել ու խեղդել, խեղել, ապականել և ապա՝ կուլ տալ, ինչպես Հայտնության գլոբալացման վիշապն է ակնկալում կուլ տալ նորածին մանկանը։

Այսօր հարկ է մեր հայրենասերներին զինվել Աստվածաշնչի մեկնողական խոսքով և հավատով, և վերին ներշնչմամբ Վարդանանց նման բարի դաշտ կազմել հայրենյայց վրա եկած վտանգների ու ապականման արհավիրհքների առաջ։ Մենք մեծ եղեռն տեսած ու մեծ երկրաշարժ ապրած ժողովուրդ ենք։ Ասել է թե՝ մեզ վայել չէ Աստվածաշնչյան մարգարեությունների իմաստություններն անտեսել, մի կողմ դնել կամ չտեսնելու տալ: 

Նժդեհը տեսավ «Հային խաչի վրա, իբրև Աստված Որդուն», որ խաչի վրա ծաղրվում էր բթամիտ, նյութապաշտ «ուժի իրավունքից» և ոգեկոչեց մեր նախնիների ու ներկաների զորությունը, ազնվականների զորությունը, Լույսի որդիների զորությունը` բթամիտ, «նյութապաշտիկ» (Նժդեհի բառն է) անասնուժից ծագած ուժի կեղծ իրավունքի դեմ: Իմաստությունն է, որ ծնում է զորության այրեր: Մարդկության տիտաններ: Բնականաբա՛ր:

Եթե մարմնավոր ուժի, թվաքանակի ծնած իրավունքը ճշմարտության իրավունքը լիներ` թուրքերն էլ Նարեկացի կունենային: Կամ Բաբելոնն էլ ամենքի Արարիչ Աստծուն կունենար իր սրտում և այլևս ապական Բաբելոն չէր լինի: Ճշմարտության իրավունքը մինչդեռ Խաչի վրա է: Բայց հաղթական և բոլոր ուժերին հաղթող Խաչի: Մնացածը` միայն ժամանակի հարց է կամ ժամանակների: Քա՛ջ լինենք և համբերատար: Մարգարեկան Նժդեհը երբեք հուսահատության կողմ չեղավ: Որովհետև Օրհնյալ է մեր Փրկիչ Աստված, որ հույս է ու կյանք: Ամե՛ն:

Այստեղ լավ է հիշենք Սուրբ Սահակ Պարթևի մարգարեությունը, որ Համաշխարհային Նեռին հայերը՝ եկեղեցու զավակներով հաղթելու են, և հաղթողների մեջ ոչ քիչ թվով իշխանավորներ են լինելու։ Օրհնյալ է Աստված։

Մաքսիմ Ոսկանյանի «Հոգևոր Նժդեհը» գրքից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ