Ողբերգական դեպք Սյունիքում. դաժան ծեծելով՝ սպանել են ազգականին
Փետրվարի 18-ին, ոստիկանության աշխատակիցները, ստացված օպերատիվ տվյալները իրացնելով, Բագրատաշենի մաքսակետից Հայաստանը լքելու պահին բռնվել են Կապան քաղաքի բնակիչներ, 23-ամյա Մհեր Մանուչարյանը, 44-ամյա Սասուն Կարապետյանը եւ 34-ամյա Արտաշես Հակոբյանը:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վերջիններս կասկածվում են փետրվարի 17-ին Քաջարան քաղաքի Չարենցի փողոցի բնակիչ, 53-ամյա Վալերիկ Մանուչարյանին դաժանաբար ծեծի ենթարկելու եւ դին այլ տեղ տեղափոխելու մեջ:
Այդ օրը, ժամը 22:30-ի սահմաններում, ոստիկանության Կապանի բաժին՝ ոստիկանության Քաջարանի բաժանմունքից հաղորդում է ստացվել, որ Շահումյան փողոցի թիվ 1 շենքի մոտ տղամարդու դի կա:
Դեպքի վայր ժամանած դատաբժիշկը, ոստիկաններին եւ քննիչներին հայտնել է, որ դիակի զննությամբ, դեմքի շրջանում առկա են արյունազեղումների եւ քթի ախտաբանական շարժունակության վնասվածքների հետքեր:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 112 հոդվածի 2-րդ մասի 14 կետի հատկանիշներով: Մահացածը աշխատում էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, որպես մոդելագործ: Իսկ կասկածյալ Ս. Կարապետյանը, կասկածյալ Մհեր Մանուչարյանի քեռին է: Վերջինս էլ մահացած Վ. Մանուչարյանի եղբոր տղան է:
Կայքի տեղեկություններով, նշված անձինք Վ. Մանուչարյանին ծեծի են ենթարկել ու սպանել մեկ այլ տեղ, իսկ հետո դին տեղափոխել Շահումյան փողոց:
Նշված անձինք, որպես կասկածյալ, քննիչի որոշմամբ ձերբակալվել են։