Գյումրիում սկսվել է ռուս զինծառայողի սպանության գործով ՝ Իսլամական պետության համակիր երիտասարդի դատավարությունը
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, սկսվեց Գյումրու Բուլվարային թաղամասում գտնվող «Արգո» վաճառատան դիմաց 102-րդ ռազմաբազայի 21-ամյա պայմանագրային զինծառայող Յալպաև Դմիտրիի սպանության մեջ մեղադրվող Արման Ջանջուղազյանի նկատմամբ հարուցված քրեական գործի քննությունը։
Դատական նիստը հետաձգվեց մեղադրող դատախազի չներկայանալու պատճառով։ Ըստ մեղադրական եզրակացության. «Արման Ջանջուղազյանին մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր այն բանի համար, որ նա <<Իսլամական պետություն>> ահաբեկչական խմբավորման համակիր ներկայացած,քննությամբ դեռևս չպարզված անձանց օժանդակությամբ 2017թ.ապրիլի 22-ին, ժ.17:30-ի սահմաններում,կրոնական մոլեռանդության շարժառիթով ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ Գյումրի քաղաքի Դուդկոյի փողոցի 4 հասցեում տեղակայված <<Արգո>> վաճառատան մոտակայքում,ապօրինի կերպով կրելով քաղաքացիական շեղբավոր սառը զենք հանդիսացող դանակը,դրանով մի քանի անգամ հարվածել է Ռուսատանի Դաշնության թիվ 102 ռազմաբազայի զինծառայող Դմիտրի Յալպաևին` սպանելով վերջինիս»:
Հիշեցնենք, որ 22 տարեկան Արմանը մեծացել է Հունաստանում, նա այդ օրը Գյումրի էր եկել Ստեփանավանից և իրեն բերման ենթարկող ոստիկաններին հայտնել էր, որ ինքը մուսուլման է, «Իսլամական պետության» համակիր է։
Արման Ջանջուղազյանի շահերը պաշտպանում է փաստաբան Գուրգեն Հարությունյանը, ով լրագրողների հետ այս թեմայով չցանկացավ զրուցել։
Ըստ բնակիչների ռուս զինծառայող Դմիտրին «Արգո» խանութի դիմաց տեղադրված սուրճ պատրաստող սարքից սուրճ է վերցրել: «Արգո» խանութից մի քանի քայլ առաջ շարժվելով՝ վրա է հասել մի երիտասարդ ու դանակով հարվածել զինվորականի պարանոցին: Արման Ջանջուղազյանը փախուստի է դիմել, սակայն «Արգո» խանութի առաքիչներից մեկը վազել է հետևից, կարողացել է հասնել, գետնին է գցել նրան ու պահել:
Դատը հետաձգվեց՝ նշանակվելով փետրվարի 23-ին, ժամը 14.00-ին։