09 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Ավելի լավ կլիներ վարչապետը լռեր. Ռոբերտ Քոչարյան.2rd.am

Ամանորից առաջ 2rd.am-ը մի քանի հարց էր ուղղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, եւ իր գրասենյակի միջոցով ստացել այդ հարցերից մեկի պատասխանը, ինչպես նաեւ խոստում, որ մյուս հարցերի պատասխաններն էլ կլինեն: Նկատի ունենալով, որ դեկտեմբերի 30-ի հարցազրույցը դարցավ բուռն քննարկումների առարկա, ինչպես նաեւ այն, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երկու անգամ անդրադարձավ երկրորդ նախագահի այդ հարցազրույցին, կայքը նաեւ համապատասխան հարց հավելեց:

Պարոն նախագահ, ինչպիսի˚ կարծիք ունեք 2013-ի դեկտեմբերին “Գազպրոմ”-ի հետ ստորագրված եւ քաղաքական դաշտում ու մամուլում այդքան աղմուկ հանած գազային համաձայնագրի մասին:

Գազային համաձայնագրի հետ կապված բոլոր հարցերը ես կբաժանեմ երեք մասի:

-Գազի իրական գնի թաքուն պահելը եւ դրա հետեւանքով 300 միլիոն դոլարի պարտքի կուտակումը:
-Հայռուսգազարդի հայկական 20 տոկոսանոց փայաբաժնի բուն վաճառքը:
-Համաձայնագրով մինչեւ 2043 թվականը հաստատված մենաշնորհի բացառիկ պայմանները:
 
1. Եվ այսպես, գազի իրական արժեքի թաքուն պահելու մասին: Մինչեւ հիմա ինձ համար անհասկանալի է գազի գնի փոփոխությունը թաքցնելու կառավարության տրամաբանությունը, որը հանգեցրեց հսկայական պարտքի գոյացմանը: Ակնհայտ էր, որ գազը հանրապետություն էր մտնում շատ ավելի թանկ գնով, քան սպառողների համար հաշվարկվող սակագներն էին:  Դա երեւում էր մաքսային ապրանքագրերից, ինչի մասին մի շարք հրապարակումներ եղան մամուլում: Ընդ որում, հենց սկզբից հասկանալի էր, որ կառավարությունը չի կարող խուսափել տհաճ բացատրություններից, քանի որ օրենսդրությունն ուղղակի թույլ չի տալիս շրջանցել խորհրդարանը: Գուցե, այնուամենայնիվ, հույս ունեին “Գազպրոմ”-ի հետ համաձայնության գալ որեւէ այլ սխեմայով, բայց չստացվեց: Արդյունքում ստացվեց շատ տհաճ պատմություն, եւ կառավարության հեղինակությունը լրջորեն տուժեց: Քննարկումներն ԱԺ-ում ճնշող տպավորություն թողեցին, կարծում եմ, ոչ միայն ինձ վրա: Կառավարությունը չուներ կատարվածի վերաբերյալ ողջամիտ բացատրություններ եւ ծայրահեղ անհամոզիչ էր: Ավելի հեշտ կլիներ պարզապես ներողություն խնդրել: Նույնիսկ իշխող կուսակցության պատգամավորների մի մասը ակնհայտ շփոթմունքով էին քվեարկում համաձայնագրի օգտին:
Սա վատ նստվածք թողեց հասարակության կողմից համաձայնագրի ընդհանրական ընկալման վրա, նաեւ՝ դրա լեգիտիմության առումով: Հասարակությունն ընտելացել է բազմաթիվ քաղաքական գործիչների անսկզբունքայնությանը, բայց իշխանության ինստիտուտ¬ներից մեկի հանրության աչքի առաջ այսչափ «ճարպիկանալը» շոկ է առաջացնում: Հայաստանը, ցավոք, երբեք աչքի չի ընկել պետական ինստիտուտների նկատմամբ բնակչության վստահության բարձր մակարդակով (բացառությամբ բանակի(, իսկ այսպիսի իրադարձությունները քայքայում են այդ վստահության մնացորդները: Վստահ եմ, որ հենց սկզբից պետք էր ուղիղ ասել թե գազի գնի թանկացման, թե այդ խնդրի լուծման ուղղությամբ  իշխանության գործադրած ջանքերի մասին:

2. “Հայռուսգազարդ”-ի 20 տոկոս բաժնեմասի վաճառքի մասին: Գանք մի փոքր հեռվից:  “Հայռուսգազարդ”-ի հիմնադիրներն ի սկզբանե եղել են ՀՀ էներգետիկայի նախարարությունը, “Գազպրոմ”-ը եւ “ԻՏԵՐԱ” ընկերությունը, համապատասխանաբար՝ 45-45-10 տոկոս բաժնեմասերով: Տնօրենների խորհուրդը ձեւավորվում էր ըստ այդ բաժնեմասերի համամասնության, ընդ որում խորհրդի նախագահ էր նշանակվում “Գազպրոմ”-ի ներկայացուցիչը, իսկ գործադիր տնօրենին ներկայացնում էր հայկական կողմը: Փաստորեն ընկերության մենեջմենթն իրականացնում էր ՀՀ ներկայացուցիչը: Ավելի ուշ, 5-րդ էներգաբլոկում եւ Իրան-Հայաստան գազատարում “Գազպրոմ”-ի կատարած խոշոր ներդրումների հետ կապված, բաժնեմասերի համամասնությունը փոփոխվեց (20-80), քանի որ հայկական կողմը այդ ներդրումների մեջ ֆինանսական մասնակցություն չունեցավ (մինչ այդ էլ “Գազպրոմ”-ը գնել էր “ԻՏԵՐԱ”-ի բաժնեմասը): Այդքանով հանդերձ, ընկերության կառավարման համաձայնեցված ձեւաչափը չփոխվեց. գործադիր տնօրենը առաջվա պես նշանակվում էր հայկական կողմից: Դա, իհարկե, ընկերության կառավարման մեջ ասիմետրիկ մասնակցություն էր (ի շահ մեզ): 
Այժմ, վաճառելով իր բաժինը, ՀՀ կառավարությունը ամբողջապես հեռացավ ընկերության կառավարումից՝ ստանալով միայն Տնօրենների խորհրդի նիստերին դիտորդ լինելու իրավունք: Այնքան էլ հաճելի չէ, իհարկե, կորցնել ազդեցությունը, սակայն ամեն դեպքում դա տեղավորվում է բիզնեսի տրամաբանության շրջանակում, եթե չլինեին բացառիկ իրավունքները, որոնք տրամադրվեցին այդ բնական մենաշնորհին մինչեւ 2043 թվականը: 

3. Մինչեւ 2043 թվականը մենաշնորհի բացառիկ պայմանները: Համաձայնագրի այս հատվածը ծայրահեղ խոցելի է: Ես փորձեցի բնական մենաշնորհների մասով նմանատիպ համաձայնագրերի օրինակներ փնտրել  համաշխարհային պրակտիկայում, բայց անօգուտ: Հնարավոր է վատ եմ փնտրել, գուցե պիտի ուրիշ մայրցամաքում եւ այլ ժամանակներում որոնեի: Եվ սա կատարվում է այն ժամանակ, երբ աշխարհում նավթագազային բնագավառը եւ ընդհանրապես համաշխարհային էներգետիկան դինամիկ փոփոխությունների փուլ է մտել:

Դա կարող է տեսանելի ապագայում  պահանջել օրենսդրական փոփոխություններ ու մոտեցումների լուրջ վերանայում էներգետիկայի բնագավառում: Պատանդ չի դառնա արդյո˚ք երկրի էներգետիկան վերոհիշյալ համաձայնագրի ձեռքում: Հիշեք «Արմենթել»-ի դեպքը: 
Այստեղ ամեն ինչ շատ ավելի լուրջ է. այս համաձայնագրով կառավարությունը դիտորդ դարձավ ոչ միայն Հայռուսգազարդում, այլեւ ընդհանրապես հանրապետության գազի բնագավառում:  
Ես «Գազպրոմ»-ի հետ խիստ արդյունավետ համագործակցության տասնամյա փորձ ունեմ, որի արդյունքներից են Հայաստանի լայնածավալ գազաֆիկացումը,  ստորգետնյա պահեստարանների նշանակալի ընդլայնումը, Հրազդանի ՊՇԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի կառուցումը, Իրան-Հայաստան գազատարը, եւ վերջապես՝ շահավետ գնով երկրի տասնամյա կայուն գազամատակարարումը: Երբեք «Գազպրոմ»-ը չի դրել այսպիսի պայմաններ, այս թեմայով նույնիսկ խոսակցությունները կթվային անտեղի: Եվ դա մեր տնտեսության մեջ հարյուրավոր միլիոնների ներդրումներ կատարելու պարագայում: Իսկ թե ինչու հիմա տեղի ունեցավ այս ամենը՝ չեմ կարող ասել, որեւէ բացատրություն այս կապակցությամբ չեմ լսել: 

-Պարոն նախագահ, կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի ընդունումը դժգոհության զգալի ալիք բարձրացրեց երկրում: Ինչպիսի˚ վերաբերմունք ունեք Դուք, եւ քննարկվե˚լ է արդյոք դրա կիրառումը Ձեր նախագահության օրոք:

– Մի փոքր նախապատմություն: Հարցը ակտիվորեն քննարկվել է 2004-2005 թվականներին՝ ՀՀ ԿԲ-ի նախաձեռնությամբ: Քննարկումներն, ըստ էության, դիմակայության ձեւով ընթացել են կառավարության եւ կենտրոնական բանկի միջեւ, քանի որ կառավարության միասնական դիրքորոշումը դեմ էր պարտադիր կուտակային ֆոնդի ներդրմանը:
Ինձ մոտ մի քանի խոշոր խորհրդակցություն տեղի ունեցան վարչապետի, կառավարության տնտեսական բլոկի պատասխանատուների եւ  կենտրոնական բանկի ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկվում էր   համաշխարհային փորձը, գնահատվեցին Հայաստանի ընդհանուր տնտեսության վրա այդ ռեֆորմների ռիսկերն ու ազդեցությունը: Կառավարության փաստարկները շատ ավելի համոզիչ էին, քան ԿԲ-ինը: Ընդ որում, ռեֆորմի իրականացնողը  հանդիսանում էր հենց կառավարությունը, ոչ թե ԿԲ-ն, եւ պարտադրել կառավարությանը ռեֆորմ՝ ի հակառակ իր համոզմունքների, կլիներ սխալ: Այդ պատճառով էլ որոշում կայացվեց չներդնել կենսաթոշակային ապահովագրության պարտադիր կուտակային համակարգ: Այսինքն՝ մնալ մայրցամաքային Եվրոպայի կենսաթոշակային ապահովման մոդելի պարագծում, որը հիմնված է սերունդների համերաշխության սկզբունքի վրա: 
Ի դեպ, խոսքը լավ կամ վատ մոդելի ընտրության մասին չէ: Երկու մոդելներն էլ ունեն իրենց առավելություններն ու թերությունները  եւ տարբեր երկրներում կիրառման հաջողված կամ ձախողված օրինակներ: Խոսքը վերաբերում է կոնկրետ երկրի իրադրությանը առավել չափով համապատասխանող մոդելի ընտրությանը, եւ դրա ներդրման հետ կապված հնարավոր ռիսկերի ճիշտ գնահատմանը: Կուտակային ֆոնդերն ամենից շատ տարածում ունեն ԱՄՆ-ում, որտեղ ֆինանսական եւ ֆոնդային շուկայի զարգացածության շնորհիվ կուտակումներն արդյունավետ կառավարելու, սեփական տնտեսության պարագծում պահելու լայն հնարավորություններ կան: Էֆեկտն այստեղ կրկնակի է. փողերն աշխատում են ինչպես քաղաքացու, այնպես էլ երկրի տնտեսության օգտին: 
Ինչպիսի˚ն է ներկայիս իրադրությունը Հայաստանում:  Մի կողմից ծերացող բնակչությունը, նրա ակտիվ մասի երկրից հեռանալը վատթարացնում են աշխատողների եւ թոշակառուների առանց այդ էլ խնդրահարույց հանդիսացող համամասնությունը եւ բարդացնում աշխատող մասի կողմից թոշակառուների թոշակների վճարումը: Մյուս կողմից աղքատության աճը կուտակային հատկացումները երիտասարդ աշխատողների համար դարձնում են չափազանց զգալի եւ ռեալ կերպով վատթարացնում են նրանց ֆինանսական վիճակը: 

Քննարկումները ցույց տվեցին, որ կուտակային հատկացումներին կառավարության մասնակցությունը բավարար շարժառիթ չէ երիտասարդության համար՝ նկատի առնելով ռեֆորմի երկարատեւ բնույթն ու վստահության մեծ դեֆիցիտը: Դրա հետ մեկտեղ, միեւնույն է՝ դրանք հարկատուների գումարներն են: 
Հայաստանը գործնականում չունի ֆոնդային շուկա եւ ակնհայտ է, որ կուտակված միջոցների մի մասը պարտքի տեսքով տրվելու է կառավարությանը դրա՝ պարտքային պարտավորությունների ձեռքբերման միջոցով: Կառավարությունը հարմար առիթ է ստացել մեծացնելու ներքին փոխառությունները եւ շատ հավանական է կխանդավառվի դրանով: Միջոցների մյուս մասը դուրս է բերվելու Հայաստանի սահմաններից, որովհետեւ մենք դրանք կառավարելու բավարար ֆինանսական գործիքներ չունենք: Սա դժվար է դրական հանգամանք անվանել երկրի տնտեսության համար (հաշվի առնելով նաեւ արդեն իսկ գոյություն ունեցող զգալի պարտքը:

Որեւէ հրաշագործ լուծում այստեղ պարզապես չկա: Ակնհայտ է միայն, որ տնտեսական աճի լավ տեմպի եւ բնակչության զբաղվածության բարձր մակարդակի պարագայում  հարցի սրությունը նշանակալիորեն մեղմ կլիներ: 
Իմ կարծիքով ամենամեծ խնդիրը ֆինանսական շուկանների աճ գրանցած  տատանողականությունն է, ինչի հետեւանքով մեծանում են թե կուտակված միջոցների կառավարման, թե դրանց մասնակի կորստի հետ կապված ռիսկերը: 
Վերջին ճգնաժամի հետեւանքով բազմաթիվ կենսաթոշակային ֆոնդեր լուրջ գումարներ կորցրեցին եւ չկա ոչ մի երաշխիք, որ այդպիսի բան էլ չի կրկնվի: Նման կորուստները փոխհատուցելու բավարար միջոցներ ՀՀ կառավարությունը չունի: Երաշխավորումը բյուջեով՝ փաստարկ է միայն միամիտների համար: Իսկ թե որքան արդյունավետ կկառավարվեն քաղաքացիների կուտակած միջոցները՝ մեծ հարց է: 
Կենսաթոշակային բարեփոխման մակրոպատկերի մասին այսքանը: Չեմ ուզում մխրճվել ընդունված օրենքի խնդրահարույց մանրամասների մեջ: Դրանց մասին շատ են խոսել (եւ բավականին փաստարկված) կառավարության ընդդիմախոսները ինչպես ԱԺ-ում, այնպես էլ մամուլում հրապարակված տարբեր հոդվածներում եւ ծավալված քննարկումներում: Կարծում եմ, այդ դիտողություններից շատերին պետք էր ականջալուր լինել:

Միայն ժամանակը կարող է ցույց տալ, թե արդյոք ճիշտ վարվեց կառավարությունը՝ սկզբնավորելով պարտադիր կենսաթոշակային կուտա-կում¬ները: Ցավոք, այդ ռեֆորմի յուրահատկությունը շատ երկարաժամկետ լինելն է, եւ որպես կանոն, երբ խնդիրներ են ծագում, ռեֆորմների հեղինակներին արդեն քչերն են հիշում: 

Իմ վերաբերմունքը ընդունված օրենքին բացասական է, նկատի առնելով ձախողվելու բարձր հավանականությունը՝ մեր քաղաքացիների միջոցների կորստով: Կարելի է հետադարձ հայացքով մոդելավորել իրավիճակը եւ հաշվարկել, թե կուտակումների ինչ մասնաբաժին կկորցնեին մեր քաղաքացիները ճգնաժամի պատճառով, եթե մենք 2005 թվականին ներդրած լինեինք պարտադիր կուտակումը: Ներողություն խնդրելը ինձ հաստատ չէր փրկի: Իսկ ճգնաժամերը պարբերաբար կրկնվում են եւ, որպես օրենք՝ այն ժամանակ, երբ դրանց ոչ ոք չի սպասում:

Մեր կայքին Ամանորի նախօրեին տված Ձեր հարցազրույցը մինչ օրս էլ ներքաղաքական օրակարգի կենտրոնական թեման է մնում: Քաղաքական գործիչներից ու լրագրողներից շատերը հակված են գնահատել այն որպես մոտ ապագայում Ձեր՝ մեծ քաղաքականություն վերադառնալու հայտ: Բացի այդ, մամուլն ամեն օր գրում է վարչապետի հետ Ձեր բանավեճի շարունակության տարբերակների մասին, առավել եւս, որ անցած շաբաթ վարչապետը հանդես եկավ ծավալուն հոդվածով, ուր փորձեց արդարացնել իր արտահայտությունները այսպես կոչված “շինարարական փուչիկի” վերաբերյալ: Ի˚նչ կասեք այդ բացատրությունների կապակցությամբ: Եվ, արդյո˚ք Ձեր դեկտեմբերյան հարցազրույցը իրոք յուրահատուկ մի հայտ է՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու համար: 

-Նախ, գույնզգույն աղյուսակներով վերջին հոդվածի մասին: Ավելի լավ կլիներ վարչապետը լռեր: Եթե դու այդքան շատ հիփոթեք ունես՝ ինչո˚ւ այդքան քիչ է շինարարությունդ (բառափոխում եմ հայտնի ամերիկյան ասացվածքը): Եթե հավատանք թվերին, ապա հոդվածը հանգեցնում է մեկ եզրակացության. չնայած, որ հիփոթեքը կայուն աճ է արձանագրում, եւ դրա պայմանները բարելավվում են, միեւնույն է՝ շինարարության ծավալները շարունակում են նվազել: Բայց դա ոչ միայն չի հերքում իմ հարցազրույցի հիմնական փաստարկները, այլեւ ամրապնդում է դրանք: Սակայն ես հակված չեմ հավատալ թվերին. դրանց մեջ խորամանկության մեծ չափաբաժին կա: 

1. Աղյուսակներում դրված տվյալները հեռու են հիփոթեքի իրական ծավալներից եւ պայմաններից: Այդ թվերի զգալի բաժինը կազմում են անշարժ գույքի վերաձեւակերպված ժամկետանց գրավային պարտավորությունները: Այսպիսի “թղթաբանական հիփոթեքը” որեւէ ձեւով չի խթանում իրական շինարարությունը: Բանկերի համար սա ժամանակավոր ելք է իրավիճակից, որն առաջացել է գրավադրվող անշարժ գույքի խնդրահարույց լիկվիդայնությունից: Դրան հնարավոր է ըմբռնումով մոտենալ՝ հանուն բանկային համակարգի կայունության:
Այստեղ հեգնանք կա ու ցինիզմ, որովետեւ այս երեւույթից զգուշանալ է պետք (դա հիվանդ տնտեսության հատկանիշ է), այլ ոչ թե դրանով հպարտանալ:

2. Տարբեր տարիների ցուցանիշները կոռեկտ է համեմատել միայն համադրելի թվերով: Այսինքն, մեր դեպքում, անցած 6 տարիների կուտակային գնաճի (ավելի քան 37 տոկոս) եւ 2009թ. դրամի փոխարժեքի արժեզրկման (30 տոկոսից ավելի) հաշվարկով: “Տնտեսագիտական կատեգորիաներով” դատողություններ անող մարդը, հավանաբար, պետք է իմանա սրա մասին: Դա վերաբերում է ինչպես հիփոթեքային վարկերի ծավալին, այնպես էլ՝ կապիտալ ծախսերին:  

3. Առաջին աղյուսակում մի հետաքրքիր բան կարելի է տեսնել: Պարզվում է, տնտեսության անկումը 2009թ. եղել է 18,5, այլ ոչ թե՝ 14,1 տոկոս, ինչպես պնդում էր մեր վիճակագրությունը: Եթե դա այդպես է, ապա անկման մակարդակով 2009թ. մենք աշխարհում զբաղեցրել էնք ոչ թե երկրորդ, այլ առաջին տեղը, ճիշտ է՝ վերջից:

Շնորհավորում եմ վարչապետին: Ըստ նույն աղյուսակի, 2001-2007թթ. տնտեսության միջին տարեկան աճը ընդհանրապես առանց շինարարության կազմել է 8,6 տոկոս: Ցանկացած երկրի վարչապետ կարող է երազել դրա մասին: 

Հիմա իմ հարցազրույցի շարժառիթների մասին: 
Ես արտահայտվել եմ եւ արտահայտվելու եմ Հայաստանի ներկայի եւ ապագայի օրախնդիր հարցերի վերաբերյալ՝ անկախ մեծ քաղաքականություն վերադառնալու հանգամանքից: Ես չեմ կարող անտարբերությամբ նայել երկրում կուտակվող խնդիրներին եւ անկեղծ արտահայտում եմ իմ վերաբերմունքը դրանց: Գուցե երբեմն չափից դուրս շիտակ է ստացվում, բայց նաեւ մատչելի ու կարեւորը՝ ազնիվ: 

Բանավիճել որեւէ մեկի հետ, առավել եւս վարչապետի, չեմ պատրաստվում: Նրա վերջին հոդվածը ցույց է տալիս, որ նա անհույս է: Անիմաստ է բանավիճել մեկի հետ, ով 6 տարի շարունակ արդարացնում է իր ձախողումները նախորդների գործողություններով:
Ցանկացած իշխանության գործունեության գնահատման գլխավոր ցուցանիշը շատ պարզ է. մարդկանց կյանքը այդ իշխանության օրոք լավացե˚լ է թե˚վատացել: Այստեղ ոչ մի հնարք չի օգնի:

Իրենց կենսամակարդակի մասին մարդիկ ոչ աղյուսակներից են տեղեկանում, եւ ոչ էլ՝ նկարված վիճակագրությունից:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ