«Նման անորակ օրենքներ մի՛ բերեք խորհրդարան»
Ազգային ժողովում այսօր քվեարկության դրվեց Կառավարության կողմից ներկայացված «Միջհամայնքային միավորումների մասին և կից փաթեթը» ընդունելու հարցը:
«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն ասաց, որ այս օրենքով սահմանափակվում է մանր ու փոքր բնակավայրերի մասնակցությունը համայնքային, մարզային կյանքին, սրանով նաև կանանց և ընդդիմախոս ձայներն են լռեցվելու: Նա հայտարարեց, որ իրենց դաշինքը դեմ է քվեարկելու այս օրենքին:
Նույն խմբակցության անդամ Արտակ Զեյանլյանն էլ ասաց, որ այս օրենքի նախագիծը հակասահմանադրական դրույթներ է պարունակում: Նա կոչ արեց նման անորակ օրենքներ չբերել ԱԺ:
«Ծառուկյան» խմբակցությունից ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն էլ ասաց, թե միակողմանի ռեֆորմ անելը նշանակում է հավասարակշռությունը խախտել, ինչը նաև այս դեպքում է, այնպես որ իրենք էլ են դեմ քվեարկելու:
ՀՀԿ-ական Խոսրով Հարությունյանն էլ ընդգծեց, որ միջհամայնքային միավորների ինստիտուտը բացառիկ կարևոր է ՏԻՄ-երին վերապահված լիազորություններն իրականացնելու համար, իհարկե, սա փոփոխությունների, այսինքն՝ լրամշակման ենթակա է, և արդյունքում կարող են բավարրավել ընդդիմադիրների պահանջները հետագայում:
Նախագիծը դրվեց քվեարկության և առաջին ընթերցմամբ 61 կողմ, 38 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց: