Հպարտություն, արցունքներ ու կարոտի սկիզբ… Տարվա առաջին զորակոչը Գյումրիում /ֆոտո, տեսանյութ/
Այսօր Գյումրիում մեկնարկեց 2018 թվականի առաջին զորակոչը։ «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքից, պարտադիր զինվորական ծառայության մեկնեց գյումրեցի նորակոչիկների առաջին խումբը:
Զինակոչիկներին խաղաղ ու անվտանգ ծառայություն մաղթեց Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, զինվորական ծառայության մեկնող երիտասարդներին մարզպետը հորդորեց ամենայն պատասխանատվությամբ ու պատվով կրել հայ զինվորի կոչումը. «Սիրելի նորակոչիկներ, յուրաքանչյուր տղայի համար այս պահը բեկումնային է, տղան տղամարդ է դառնում, համազգեստ է հագնում, որ պաշտպանի իր հայրենիքը: Հայրենիքը վերացական հասկացություն չէ, այն առաջին հերթին ծնողներն են ու հարազատները, հայրենակիցներն են, ովքեր իրենց հույսը դնում են ձեզ վրա, որ ձեր հզոր թիկունքի հետևում կարողանան ապրել ու կառուցել մեր երկիրը: Ձեզ վրա մեծ առաքելություն է դրված, դուք մեր խաղաղ կյանքի երաշխավորներն եք, մաղթում եմ ձեզ բարի ու անփորձանք ծառայություն, ծնողներին համբերություն ու բոլորիդ բարի վերադարձ»:
Միախառնվել էին հուզմունքն ու հպարտությունը․ չնայած պաշտոնյաների հայրենասիրական ելույթներին՝ մայրերն անկարող էին զսպել արցունքները, նրանցից շատերն ամբողջ ընթացքում լուռ արտասվում էին։ Հայրենսիրական երգերից ոգևորվեցին զինակոչիկները, ընկերները պարում ու բարի ծառայություն էին մաղթում, իսկ հարազատների հայացքներում հույզերի մի ամբողջություն էր:
Տիկին Թամարան նշեց, որ իր որդուն էլ է մի քանի տարի առաջ բանակ ճանապարհել, հիմա էլ բարեկամի որդուն են ուղարկում բանակ, հպարտ են, որ ծառայելու է ազգային բանակում:
Այս զորակոչն առանձնահատուկ է Պաշտպանության նախարարությունը ներդրել է «Ես եմ» ծրագիրը, որով նորակոչիկին ծառայության նոր մոդել է առաջարկվում` ժամկետային–պայմանագրային, որը տևելու է 3 տարի: Ծառայության ավարտին զինծառայողի անձնական հաշվին կփոխանցվի շուրջ 5 մլն ՀՀ դրամ, որը զորացրված զինծառայողը կկարողանա օգտագործել նպատակային երեք ծրագրերից մեկում՝ մատչելի բնակարան, մինի–ֆերմա կամ ուսման վարձի փոխհատուցում: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց Գյումրու զինկոմ Գագիկ Խաչատրյանը նոր ծրագրով հետաքրքրվողներ ու դրանում ընդգրկվելու ցանկություն հայտնողներ արդեն կան Գյումրիում: