Վանաձորի կարիքավոր ընտանիքներն օգնություն ստացան
Օրհնությամբ թեմակալ առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի՝ արդեն յոթերերոդ տարին, Գուգարաց թեմի «Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագրով սննդային օգնություն ստացան Վանաձոր և հարակից գյուղերի կարիքավոր ընտանիքները։
Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ՝ բազմազավակ, կարիքավոր ընտանիքների ձմեռային հոգսերը թեթևացնելու նպատակով, թեմի սոցիալական բաժինը և «Նարեկացի» երիտասարդաց միության կամավորները ձեռք մեկնեցին 50 ընտանիքների։
Սննդամթերքի օգնությունը հնարավոր եղավ կազմակերպել կամավորների ձեռքով սննդի համար նախատեսված արկղերով քաղաքի մթերային խոշոր խանութներից սննդի հավաքագրմամբ և քաղաքի տարբեր խանութներում տեղադրված մի քանի գանձանակներից հավաքված գումարից և բարեխիղճ մարդկանց նվիրատվություններով։
Ծրագրին իրենց աջակցությունը բերեցին նաև կաթնամթերքի «Դիետ» և «Կաթնագործ» արտադրամասերը, «Սարտոն» կարի ֆաբրիկան, «Արևիկ» լիմոնադի արտադրամասը, «Կոկա-Կոլայի» վանաձորյան ներկայացուցչությունը։
Օրերս ամփոփվեց ծրագրի հերթական փուլը ևս և Վանաձորի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու դահլիճում հրավիրվեցին թեմի առաջնորդարան դիմած կարիքավոր ընտանիքները, ովքեր ընտրվել էին ըստ նախապես կատարված տնայցի։ Ընտանիքների հետ զրուցեց, իր օրհնության և Սուրբ Ծննդյան բարեմաղթանքի խոսքեր ուղղեց Սրբազան Հայրը՝ մխիթարելով և հորդորելով վերջիններիս բարի սրտով ընդառաջ գնալ Մարդացյալ Քրիստոսին և հավատքով լեցուն, ուրախ հոգով դիմավորել Սուրբ Ծնունդը։
Ծրագիրը գործում է շուրջտարյա՝ շնորհիվ Վանաձոր քաղաքի խանութներում տեղադրված գանձանակների։ Խանութներում գանձանակների տեղադրումը ընդունված մշակույթ է և տարածված է քաղաքակիրթ երկրներում։
Հայտնի ճշմարտություն է, որ իմաստուն, մեծահոգի և երախտագետ տնտեսվարողը կամ գործարարը պատասխանատվություն և պարտականություն ունի այն երկրի ու ժողովրդի հանդեպ, որտեղ գումար է վաստակում: Ուստի «Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագիրը կոչ է անում բոլորին անմասն չմնալ բարեգործության այս պատեհ առիթից։
Դիվան Գուգարաց թեմի