Սյունիքում բացահայտվել են գողության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու դեպքեր. քրեական գործն ուղարկվել է դատարան
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում գողության դեպքի առթիվ քննվող քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում բացահայտվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության և ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու դեպքեր։ Մեղադրանք է առաջադրվել 4 անձի:
2017 թվականի հունիսին հաղորդում էր ստացվել, որ լույս 27-ի գիշերը գողացել են Ագարակի բնակչի 2 գլուխ ոչխարը։ Գողության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով, որով նախաքննությունը կատարվել է ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում։ Ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Կապանի բնակիչներ՝ ծնված 1980 և 1991 թվականներին, մեխանիզմը:
Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2017թ. հունիսի 26-ին Կապան քաղաքի երկու բնակիչը անձնական գործերով մեկնել են Սյունիքի մարզի գյուղերից մեկը և վերադարձի ճանապարհին՝ հունիսի 27-ի գիշերը, Ագարակ գյուղի բնակչի անասնագոմից հափշտակել են երկու ոչխար և դիմել փախուստի, սակայն նրանցից մեկը դեպքի վայրի մոտակայքում մոռացել է իր վերնաշապիկը:
Քրեական գործով իրականացված բազմակողմանի քննությամբ հիմնավորվել է, որ Կապանի 1980թ. բնակչի անմիջական առնչությամբ ձեռք է բերվել նաև «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, ինչպես նաև պարզվել թմրամիջոցն իրացնողի ինքնությունը, բացահայտվել թմրամիջոցի ապօրինի շրջանառության և ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու այլ դրվագներ ևս։
Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 4 անձի. նրանցից մեկին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, մյուսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 268-րդ հոդվածի 1-ին մասով, երրորդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), 268-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, ևս մեկին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով: Երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: