27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Եվ մեռնում էի հանկարծակի,,,

Ամենայնի արարումից մինչ այսօր
Պատերազմի ուրվականն է մոլագար
Շրջում վայրի տիեզերքի քաոսում,
Որտեղ միտքն է բանականի բորբոքուն
Մղվում առաջ որպես հրձիգ ու ցասում։

Եվ հեռու է պահում Աստված իրենից
Նրանց, ում որ այնքան սիրով արարեց,
Երբ նայում է, ա՜խ է քաշում ու նորից
Դեմքն է շրջում պատրող չարի հայացքից
Եվ չի հիշում, թե նրա՞ն երբ արարեց,

Որ դիմացկուն ստվարացավ դավելով,
Խարդախելով ու սադրելով շարունակ-
Գոհանում է խառնակություն սփռելով,
Ճոխանում է բարությունը պղծելով
Ու տիրելով մարդաշխարհին բովանդակ։

Նաև այնտեղ՝ տիեզերքում անհասցե,–
Ուր տառապյալ մարդու երկիր կա մի այլ,–
Չարի ձեռքն է իրեն կարգել տիրակալ,
Այնտեղ էլ են իրար անդուլ հոշոտում,
Փորձում են զուր երկրամարդուն մերձենալ։

***
Ձգվում է ու ձգվում մի անհասցե ուղի,
Մի մոռացված երազ իր տիրոջն է փնտրում,
Մշուշների խորքից և ցավերի միջով
Երգն իմ հոգիների ունկնդրում է խնդրում։

Բարձրանում է կամաց մի վարագույր կանաչ,
Հետո մի վարագույր,– հոգենվագ մի շեր,–
Եվ դռներ են բացվում հուշիկ ունկնդրության՝
Իմ խորքերից քամող անապական հևքեր։

Գրանիտե ժայռից մզված մի կաթիլ ջուր
Իր բոլորուն ներսում հոգիներ է կերտում,
Որ բարձրանան մի օր վերադարձի ճամփով,
Մրջյունների ճամփով՝ դեպի վերակերտում։

Մրջյունների երկրից սկիզբ առնող ճամփան
Ես անցել եմ վաղուց ու դառնացել այսպես,
Ունկնդրում է խնդրում ամեն-ամեն վայրկյան՝
Երգը իմ մահամերձ, սակայն վառ ու հրկեզ։

Եվ ձգվում է, ձգվում իմ անհասցե ուղին,
Կարծես թե ուրիշի երգերն են ինձ հսկում,
Բարձրանում եմ հուշիկ և ընկնում եմ թափով,
Եվ մեռնում եմ վերջին իմ երազի գրկում։

***

Թևապարում եմ խավարի մեջ,
Դա մի դյութանք է գեհենական,
Չկա շրջագիծ ու չկա ծիր,
Գուցե վախճանն է իմ իրական։

Ահա, անցնում եմ մի տան մոտով,–
Առանձնատուն է սև ճակատով,
Դրսում դրված է մի բաց դագաղ՝
Անտարբեր չանցա նրա մոտով։

Անձրև էր, այսինքն՝ թոն էր փափուկ,–
Բայց թե արյունս հանկարծ սառավ,–
Կռկռում էին՝ նաշին փարված,
Երկու սև ագռավ -երկու պառավ։

էլ հոգի չկար դագաղի մոտ,-
Սմքած – սևավոր երկու պառավ,-
Սրթսրթում էին ու սրսփում.
Դիակը մարդ չէր, այլ՝ սև ագռավ։

Այդ պառավները,– սևախավար ,-
Որպես գոլորշի, որպես գիշեր,
Ահագնածուփ ու ժանտատեսիլ,
Սև փեշերը՝ սև մաքառումներ,

Ինծ ողողեցին ահեղամութ
Ու սև աչքերով գիշահայաց՝
Ասես իջեցրին գլխիս թափով
Մի ահաթմբիր – ծանր հարված։

Ես տապալվեցի դագաղի մեջ,-
Պառավատեսիլ– ագռավացած,-
Դիակր հուշիկ հեռանում էր՝
Գլխաբաց -ճերմակ ու մանկացած։

Եվ տեսնում էի ճախրանքը իմ,-
Ամպերի միջով ու կայծակի,–
Ե՚վ հանգչում էի, և՛ բոցկլտում,
Եվ մեռնում էի հանկարծակի։

Ահա, հասնում եմ ծիածանին,
Վերջին ճիգերով մարդեղացած,
-Բայց կոտրվում են թևերր իմ,
Եվ որպես ագռավ րնկնում եմ ցած։

***

Ես մարդուն որոնեցի կյանքի մեջ,
Բայց չգտա,
Ես մարդուն որոնեցի մարդկանց մեջ,
Բայց չգտա,
Ես մարդուն որոնեցի մարդու մեջ,
Չգտա, բայց նմանեցրի…
Ես մարդուն որոնեցի իմ մեջ.
Գտա և սարսափեցի։

***
Ես այն ժամանակ արդեն գիտեի,
Որ ինձ չեն ների,
Քանի դեռ հստակ չեմ գիտակցել ես
Հետևանքներր իմ խոտոր վարքի,-
Անփութությունը իմ վարուցանքի,
Պակասությունը իմ աշնան բերքի,-
Չեմ գնահատել չափուկշիռը
Իմ գործած մեղքի…
Եվ սպասել եմ,
Մինչև մեղքերիս գավաթն անգիտակ
Հիմնովին լցվի։

ՎԱՀԱԳՆ ՄՈՒՂՆԵՑՅԱՆ

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ