Արքայազնի կնոջ կիսամերկ լուսանկարներն այսուհետ արգելված է հրապարակել Ֆրանսիայում
Բրիտանական արքայազնի կնոջ` Քեյթ Միդլթոնի կիսամերկ լուսանկարներն այսուհետ արգելված է հրապարակել Ֆրանսիայում: Այդպիսի որոշում է ընդունել Փարիզի արվարձան Նանտերի դատարանը` ֆրանսիական “Closer” ամսագրի դեմ թագավորական ընտանիքի ներակայացրած հայցի համաձայն, հաղորդում է “Эхо Москвы”-ն:
Բրիտանական միապետության ներկայացուցիչներն առաջին անգամ են հանդես եկել ֆրանսիական ամսագրերի` սկանդալային լուսանկարներ տարածելու իրավունքի դեմ, եւ առաջին դեպքը հաջողությամբ պսակվեց: Նանտերի դատարանը մեղավոր է ճանաչել ամսագրին անձնական կյանքի անձեռնմխելիությունը խախտելու մեջ: Մի քանի օրվա ընթացքում ամսագիրն ստիպված է լուսանկարների բոլոր օրինակները փոխանցել Ուիլյամ եւ Քեյթ ամուսնական զույգին: Այդ լուսանկարներն ագելված է տարածել Ֆրանսիայի տարածքում կամ վաճառել մեկ այլ ամսագրի:
Եթե լուսանկարները հայտնվեն համացանցում, ամսագրի սեփականատերերին տուգանք է սպառնում` համացանցում` լուսանկարների գտնվելու յուրաքանչյուր օրվա համար ամսագիրն ստիպված կլինի վճարել 10 հազար եվրո: Ամսագրի գլխավոր խմբագիր Լորենս Պյոն հայտարարել է, որ լուսանկարների հրապարակման մեջ որեւէ շոկային բան չի տեսնում: Նա նշել է, որ լողափերում կարելի է տեսնել միլիոնավոր նման կիսամերկ կանանց:
“Closer”-ից հետո Քեյթ Միդլթոնի կիսամերկ լուսանկարները հրապարակել էին նաեւ իտալական “Կի” տաբլոիդը եւ իռլանդական “Irish Daily Star” թերթը: