Ինքնասպան եղած զինվորի մայրը նամակը չի բացել. զինվորին կհուղարկավորեն վաղը
Հայաստանի ՊՆ N զորամասում մահացած զինծառայող, Չինարի գյուղի բնակիչ, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանի մորն ուղղված նամակը դեռ չի բացվել:
“Չգիտեմ ինչ են գրում, բայց դրա ժամանակը չէ, գյուղը սգում է երիտասարդի մահը: Մոր դարդն այս պահին նամակ կարդալը չէ” ,-Henaran.am-ի հետ զրույցում նշեցին զինծառայողի հարազատները:
Վանիչկայի հուղարկավորությունը վաղն է լինելու: Հարազատների պատմելով, երբեք չէր դժգոհել ծառայությունից՝ ընդհակառակը, ոգեւորությամբ էր պատմում մարտական դիրքում հերթական հերթապահությունից:
Ավելացնենք, որ ըստ Panorama.am-ի, Վանիչկա Հովակիմյանի մահվան մեջ կասկածվող զինծառայողներից մեկը` Աբովյանից զորակոչված 19-ամյա Շմավոն Կյուրեղյանը ձերբակալվել է, իսկ մյուսը` Սեւանից զորակոչված 20-ամյա Պարույր Մկրտչյանը փախել է զորամասից:
Հիշեցնենք, որ Հովակիմյանը ինքնասպան է եղել դեկտեմբերի 10-ին: ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի`ինքնասպանության հասցնելու հատկանիշներով՝ հարուցվել է քրեական գործ:
Ի դեպ, Վանիչկայի ընկերները Ֆեյսբուքում ցավակցել են նրա ծնողներին եւ գրել, որ չեն հավատում ինքնասպանության վարկածին: “Չէ… Չեմ հավատում: Չի կարա տենց բան լինի… ինչքան երազանքներ ունեիր, որ պիտի իրագործեիր… ինչիիիիիիիիիիիիի՞…”-գրել է ֆեյսբուքի օգտատեր Դավիթ Վանյանը:
“Մեր հետ ես միշտ դու: Երեւի աստված կպատժի քեզ այդ քայլին դրդողին: Շատ շուտ էր քո կյանքից հեռանալը: Ախր դու շատ ուժեղ էիր: Հաղթահարում էիր ամեն խնդիր: Ինչի սենց արեցիր, կասեեե՞ս”,-գրել է օգտատեր Արուս Կարախանյանը:
Նշենք նաեւ, որ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անդրադառնալով միջադեպին՝ ասել էր, որ միջանձնային հարաբերությունների հետեւանք էր:
Լուսանկարը Վանիչկայի ընկերոջ Ֆեյսբուքի էջից