Հավատացողը գիտի դիմել Կենդանի Աստծուն
«Տրտմությունն ըստ Աստծո ուզածի ապաշխարություն է առաջ բերում փրկության համար» (Բ Կորնթ. 7:10)
Երբ մարդը ցավ է ապրում Աստծուց իր խորթացման համար, ցավում է այն չարության համար, որ կա իր և մերձավորների միջև, ծնվում է զղջումը: Բայց զղջումը միայն այդ ցավի ներքին խոր վերապրումը չէ, այլև՝ Աստծուն դիմելը:
Յուրաքանչյուրը կարող է տխրել սեփական անձի, հասարակության, աշխարհում տիրող չարիքի համար, սակայն Աստծուն հավատացողը գիտի այդ ցավի վերապրումով դիմել Կենդանի Աստծուն՝ իմանալով, որ Աստված է իր արարիչը, որ Աստված սիրում է իրեն և մարմնացել է՝ Իր կյանքով, մահվամբ և հարությամբ մեզ փրկելու համար։
Ու ամենակարևորը, երբ Աստված մեզ կոչում է փրկության, չի ասում որ մենք լինենք «հնարավորիս լավը», ասում է՝ եղեք Մարդ: Ս. Հովհան Ոսկեբերանը խորհուրդ է տալիս. «Եթե ուզում եք իմանալ, թե ով է մարդը, մի նայեք արքաների ու մեծամեծերի գահերին, ձեր հայացքը բարձրացրեք Աստծո գահին, և կտեսնեք փառքից շողացող Մարդուն»։ Ահա թե ուր մեզ պիտի տանի զղջումը, ուր պիտի ուղղվի մեր հայացքը:
Տեր Եսայի քահանա Արթենյան