27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ազատ եղա, կզանգեմ…

Սրճարանային մտորումներ…

և ոչ միայն

Բացօթյա սրճարանը լավագույն փրկիչն է,
հատկապես, երբ
օրը կորցնում է տարեթիվ և խորհուրդ…

շարժվում տիեզերական ներքին-օրենքներով,
ուր մարդը լոկ հետևանք է…

եվ ինձ թվում է, թե անտեսանելի եմ
մարդկային այս օվկիանում,
և իրականություն-ծերություն որսացանցը միշտ
կողքովս է անցնելու,
ամենաշատը` ոտնաթաթիս քսվելով…

Այո, տանից դուրս գալը, երբեմն օգնում է բոլորից թաքնվել…
միշտ չէ, որ սուզումը անկում է,
մոտոցիկլետ-պոռթկումը` մահ և հաշմանդամի սայլակ…

սրճարանը մի նոր իրականություն է,
մատուցողուհին` մի ամբողջ տիեզերք,
և մոռացություն…

Եվ մինչ ես սպասում էի նրա աշխատանքային օրվա ավարտին,
Եղանակը կրկին փոխվում էր…

Անհոգության ժամերը մոտենում են,
նույնիսկ կարելի է ուրախանալ,
ժպտալ կողքի սեղանի ջահելներին (թեկուզ եվրոպացու չտպավորվող ժպիտով),
հրճվել,
որ ծաղիկը կարող է բետոն խարանել,
որ քաղցկեղը նույնպես բթանում է և քուն մտնում,
որ ես ու հարևաններս ամենակարևորն ու
անփոխարինելին ենք տիեզերքում,
և առանց ինձ էլ ոչ մի պտույտ և բազմացում…
ոչ մի պարտություն…
հա…, հա…
պարտություն…

Դե ինչ,
չխոսենք էպիլյացիայի վերջին տիեզարական-ձեռքբերումներից
և մեքենաների վակումային փակվող կափարիչներից,
կայարանը ինքը մեզ կգտնի,
և այս շուրջպարը, թվում է, մեր էությունն է անվարան,
ամեն քայլափոխի ընդհատվող:

Ժամը շատ ուշ է,
առօրյա գործերի համար սնանկ,
արդեն կարող եմ մտովի զբոսնել,
ճաշել, սեռահարաբերվել և վերհիշել-մասնակցել
«Կանաչ կենտրոն» ինքնամաքրմանը:

Վերցրու ուրիշի դեն նետածը և դարձրու այն քո մի մասնիկը,
թափոնը վերածիր խաչի և բարության,
փրկիր ինքնասպանությանը հակվածներին,
նրանց ասելով, որ…

սրա նման ռոմանտիկ-քրիստոնեական բաներ,
իսկ դպրոցականների մի խումբ ինձ էր նայում այդ օրը
առավոտյան,
սվիֆթյան ծիծաղով-քմծիծաղով,
նորատունկ ծառերը դարձնում անիմաստ…
կանխատեսելի…
օտար…

Հերթով հանգչող լույսերը ինձ հաճախորդից վերածում են
օտար մարմնի,
ստիպում արագացնել խզբզոցս մթությանը ընդառաջ,

և այս կաֆեն էլ շուտով կմնա անտեր-
-պահակին ընկեր,
իսկ մատուցողուհին ինձ աչքով է անում…
լուռ հուշում,
որ Ձիահը ահն է միայն ձիերի,
ինձ համար հեռու անիրական…

Առավոտյան-
-օտար-խոնավ անկողին,
մեկժամյա քնից անդին շոշափեցի իրականությունը և մրմրթացի-
-Ազատ էղա, կզանգեմ…

Հեռացող Հայելի

Ձյունը մեղմ ծածկեց ինքնություն-քաղաքս,
և դատապարտված`
ես բարձրացա փաթիլն ի վեր,
դեպ ձնաղացները նախնական:
Ոչ շատ հեռու`
լոգարանիս խոսող հայելում,
օդը կախարդական գորգ է դառնում
և գանգատվում բրդյա բախտից:

Փողոցից`  նրբանցք,
նրբանցքից` փողոց,
սուլելով քամու սիրերգ ոռնոցը`
ես սահեցի
դեպի շենքերը ապակեպատ,
որ փարոս են,
թե ապակին կոտրես մերկ ձեռքով
և վարագույրը թևեր սարքես քամուն:

Փարոս էր ամեն մի կայծ,
լուսատիտիկ,
թե` քարակերտ նախնական կրակ ու
կրակայրիչով տաքացվող գդալ:
Հենց այստեղ է աղբյուրն արարման`
աղոթքը ծածկագիր է,
աղոթատեղին` նստարան,
և կիսարթուն մի ժամապահ համրում է
հեռացող քայլ-արձագանքնե՜ րը, նե՜ րը, նե՜ րը, նե՜ րը, նե՜ րը…

Ամենը կրակ էր`
ջրահարս, թե տատասկ-փշալար,
և թե լռությունը անտառի:
Եվ Արևն Աստված էր,
փոքրիկ մի արև գրպանումս պահված:

ՎԱՀԵ ԱՐՍԵՆ

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ