Ալիեւը դուրս կմղի՞ Հայաստանին. Իրանի ձայնը վճռորոշ է. Ժամանակ
Ադրբեջանում Պակիստանի դեսպան Սայիդ Խան Մոհմանդը հայտարարել է, որ Պակիստանը ցանկանում է միանալ Իրանը, Ադրբեջանը եւ Ռուսաստանը իրար կապող «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի
նախագծին՝ իր երկաթուղային ճանապարհներով միանալով այս երկրների երկաթուղային ցանցին։
Այս հարցը քննարկվել է Ադրբեջանի նախագահի՝ Պակիստան կատարած վերջին այցելության ընթացքում։ Այս երկու երկրները ծրագրում են «Հյուսիս– Հարավը» միացնել Պակիստանի Գվադար նավահանգստին, իսկ այնուհետեւ միանալ չին-պակիստանյան տնտեսական միջանցքին, որը, ըստ պակիստանցի դիվանագետի, կապահովի Ադրբեջանի մուտքը Չինաստան։
«Հյուսիս-Հարավը», «նոր Մետաքսի ճանապարհն» ու Հայաստանը
Ընդհանուր առմամբ, այս գաղափարն առնչվում է ոչ միայն Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային նախագծին, այլեւ Պարսից ծոցի եւ Սեւ ծովի շուկաները տնտեսապես միավորելու Իրանի ծրագրին եւ նույնիսկ շատ ավելի խոշոր նախագծերի, ինչպիսին է Չինաստանի նախաձեռնած «մեկ ճանապարհ, մեկ գոտի» կամ «նոր Մետաքսի ճանապարհ» նախագիծը, որի գլխավոր նպատակը Ասիայի ու Եվրոպայի միջեւ առեւտուրը զարգացնելն է ու այս ճանապարհին ընկած երկրները տնտեսական գոտու մեջ ընդգրկել։ Այլ հարց է, թե որքանով է իրատեսական տեսանելի ապագայում Պակիստանի, Իրանի եւ Ադրբեջանի միջեւ երկաթուղային ցանց ստեղծելը, առավել եւս Չինաստանին միանալը՝ հաշվի առնելով այն փաստը, որ Իրանն ու Ադրբեջանը մինչ օրս չեն ավարտել Իրանի հյուսիսը եւ Ադրբեջանի հարավը իրար միացնող Կազվին-Ռեշդ-Աստարա երկաթուղային ճանապարհի շինարարությունը։
Մյուս կարեւոր հարցն այն է, թե արդյո՞ք Իրանը նույն կերպ է պատկերացնում «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի կառուցումը, ինչ Հայաստանի մեկուսացման քաղաքականություն իրականացնող Ադրբեջանն ու իր դաշնակիցներ Պակիստանն ու Թուրքիան։ Իհարկե, Իրան-Հայաստան երկաթուղային ճանապարհի կառուցման հեռանկարները շատ մշուշոտ են, եթե չասենք, որ ընդհանրապես չկան, բայց հիշենք, որ Թեհրանն իր նախաձեռնած տնտեսական ծրագրի մեջ դիտարկում Է տարածաշրջանի բոլոր երկրներին՝ եւ Ադրբեջանը, եւ Հայաստանը, եւ Վրաստանը։ Օրինակ՝ ՀՀ վարչապետի Իրան կատարած վերջին պաշտոնական այցի ընթացքում Իրանի փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին հայտարարեց, որ Պարսից ծոցից Աեւ ծով անցնող տրանսպորտային միջանցքներից մեկը կարող է լինել Հայաստանը։
Իրանագետ էմմա Բեգիջանյանը տեղեկացրեց, որ գագաթնաժողովի շրջանակներում առանձին հանդիպում է եղել Իրանի փոխնախագահ էսհաղ Ջահանգիրիի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ, որոնք քննարկել են հենց այս թեման՝ նշելով որ երկաթուղային ճանապարհների կառուցումը կնպաստի տարածաշրջանի երկրների տնտեսական համագործակցության խորացմանը, եւ քանի որ խոսքը Պարսից ծոց– Սեւ ծով տնտեսական ինտեգրման մասին է, բնականաբար Պակիստանն էլ կարող է հեշտությամբ միանալ այս ծրագրին, քանի որ աշխարհագրորեն շատ մոտ է Պարսից ծոցի շրջանին։
«Սա մի արտառոց նորություն չէ։ Ես միշտ ասել եմ՝ եթե Հայաստանը կարողանար կառուցել երկաթգիծը Իրանի հետ, այդ դեպքում մենք կարող էինք այդ ճանապարհներով գնալ Հնդկաստան, Միջին Ասիա, Չինաստան։ Այս հարցը շատ կարեւոր է հատկապես մեզ համար»,– ասում է փորձագետը։
Իրանագետի խոսքով՝ Պակիստան– Իրան-Ադրբեջան եւ այնուհետեւ դեպի Վրաստան կամ Ռուսաստան երկաթուղու կառուցմանը ավելի շատ Ադրբեջանն ու Պակիստանն են շահագրգիռ, իսկ Իրանի շահագրգռվածությունն ընդհանուր առմամբ Հայաստանի կողմն է, քանի որ դա են պահանջում իր շահերը։ Ադրբեջանն իր հերթին օգտագործում է իսլամական եւ առհասարակ միջազգային բոլոր կազմակերպությունների ամբիոնները՝ Հայաստանի դեմ խոսելու նպատակով բայց D-8-ը տնտեսական կազմակերպություն է, եւ կրոնական հիմքի վրա հնարավոր չէ տնտեսական համագործակցություն ձեւավորել պիտի տնտեսական շահերը համընկնեն։
«Իրանի փոխնախագահի եւ Ադրբեջանի նախագահի հանդիպման ընթացքում կարեւորել են հենց այդ հարցը, որ պետք է ավարտին հասցնել Աստարա-Ռեշդ երկաթուղային հատվածի շինարարությունը։ Այո, դա այդքան արագ չի արվում, բայց ի վերջո կկառուցվի։ Ամեն դեպքում Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպումների ընթացքում անընդհատ այս հարցն է օրակարգ մտնում։ Նշանակում է, որ Ադրբեջանն է շատ շահագրգիռ, որովհետեւ Ադրբեջանն ուզում է՝ օր առաջ դա կառուցվի, որպեսզի Հայաստանի հետ երկաթուղին կամ երկրորդ պլան մղվի, կամ ընդհանրապես չկառուցվի։
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: