«Պապին բացականչում է՝ աման, հոկտեմբերի 27-ն է այսօր…»
«Ավտոբուսս Հայաստանն է. վերջում նստած պապիներից մեկը թերթ է գնել առավոտ շուտ ու լուրերն է աչքի անցկացնում, կողքի տղամարդն աչքի տակով պապի ձեռքի թերթն է կարդում: Պապին բացականչում է՝ աման, հոկտեմբերի 27-ն է այսօր: Մի պահ բոլորը պապին են նայում ու հետո անցնում իրենց «գործին»: Պապին ամեն լուրի հետ բերանն է ճպպացնում, տղամարդը՝ դեմքը խոժոռում:
Նրանց դիմացը նստած կինը, ով մի կերպ բարձրացավ ավտոբուս՝ ձեռքին կանաչեղենի լիքը տոպրակներ էին, նախանձով է նայում պապի ձեռքին թերթին ու երևի մտածում՝ քանի կապ կանաչի կփաթաթեր դրա մեջ ու կվաճառեր: Կնոջ կողքին մի աղջիկ է նստած՝ դեմքը թթված՝ կնոջ կանաչեղենի տոպրակները երևի քսվում են հագուստին՝ ինքն էլ, թարսի պես, այսօր ամենասիրուն շորերն է հագել:
Ականջակալներով մի տղա երգի մեջ խորացել ու գլուխն է հաճույքով տարուբերում՝ էն սիրուն զգեստով աղջկան չի էլ նկատում, չնայած աղջկա հայացքը հաճախ է տղայի վրա կանգ առնում. շատ բան չէ, աղջիկն ուղղակի կուզեր, որ տղան իրեն նկատեր /հայացքը մենակ էդ է հուշում/:
Կողքս կանգնած երկու տղաները միջանկյալ քննություններից են խոսում. մեկն ասում է՝ ամբողջ գիշեր չի քնել ու պարապել է /2 տուփ ծխախոտ ծխելով/, մյուսը՝ ծիծաղում է՝ բա քեզ պե՞տք էր:
Զինվորական զգեստով մի տղա էլ է նստած՝ հայացքն անընդհատ ժամին է: Հոսպիտալի մոտ իջնելիս շշուկով վարորդին ասաց.«Շնորհակալ եմ»: Վազելով փորձեց իջնել /առանց վճարելու/, վարորդը, ով մինչ էդ անհասկանալի երաժշտության տակ ճոճվում էր, ավտոբուսի դռները փակեց, երաժշտությունն անջատեց ու ցուցադրաբար բարձր ձայնով ասաց.«Ախպերս, ես եմ քեզ շնորհակալ, ընչի մասին ա խոսքը, հլը գլուխդ բարձր իջի մեքենայից»: Բոլորը լսեցին վարորդին՝ վարորդը գոհ էր, զինվորն էլ ժպտաց ու իջավ: Վարորդը ոգևորվեց, անհասկանալի երաժշտության ձայնը մինչև վերջ բարձրացրեց:
Մի կին պատուհանը բացել ու ձեռքը «պատահաբար» դուրս է հանել պատուհանից՝ եղունգների լաքը քսել ու տնից դուրս է եկել՝ չորացնում էր: Այնպիսի դեմքի արտահայտությամբ է բաց պատուհանից փչող քամին ընդունում՝ իբր մաքուր օդն է վայելում: Կողքը նստած աղջկա մազերը քամին տանում-բերում է, աղջիկը ժպտում է՝ իրոք վայելում է մաքուր օդը:
Դիմացս նստած տղամարդը քնած է, կինը պատուհանից դուրս է նայում, բայց մտքերով է՝ ոչ մի պատկերի վրա հայացքը կանգ չի առնում: Հենց ամուսինն աչքերը բացեց՝ կինը հարցրեց.«Այսօր սպաս եփե՞մ»: Ամուսինը գլխով արեց ու նորից աչքերը փակեց:
Առջևում նստած տատիկը, գրողը տանի, էդ ինչ սիրուն է՝ կանաչ բլուզով, մատներին էն թվերի մեծ քարերով մատանիներով ու շագանակագույն երկար շարֆով: Բա հայացքը՝ բոլորին նկատել է, բայց ոչ ոքին չի նայում: Տատի կողքը նստած տղան հեռախոսն է բզբզում՝ ծլնգ ու տղան ժպտաց՝ իր սրտով նամակ էր եկել:
Էլի մարդիկ կան ավտոբուսում՝ սիրով կնայեի նրանց, բայց ականջակալներս իմ սիրած երգն են լարերով բերել ու ինձ հասցրել՝ չլսել չեմ կարող))»: