Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանը (նստավայրը Անթիլիաս, Լիբանան) 2015 թ. ապրիլի 25-ին դատական հայց ներկայացրեց Թուրքիայի կառավարության դեմ՝ ձգտելով վերադարձնել իր պատմական նստավայրը Սիսում (ներկայումս Ադանայի նահանգի Կոզան շրջանում), որը բռնագրավվել էր 1921 թվականին:
Առաջին նմանօրինակ հայցադիմումը ներկայացվեց Թուրքիայի Հանրապետության Սահմանադրական դատարան, քանի որ այդ հայցով բարձրացվում էին սեփականության իրավունքի հարցեր, որոնք ստորին ատյանի դատարաններն իրավունք չունեն անվավեր ճանաչել այն բազմազան օրենքները, որոնք Թուրքիայի կողմից ընդունվել են 1915 թ. և հետագա տարիներին: Թուրքիայի Արդարադատության նախարարության թելադրանքով, Սահմանադրական դատարանը Հայոց եկեղեցու հայցը փոխանցեց ստորին ատյանի դատարաններին: Սակայն, 2016 թ. դեկտեմբերի 8-ին Կիլիկիո կաթողիկոսարանի փաստաբանները որոշեցին սույն հայցով ուղղակի դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), Ստրասբուրգ, Ֆրանսիա:
Թուրքիայի ստորին ատյանի դատարան հայցի ներկայացումից հրաժարվելը չափազանց կարևոր է, հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պահանջները, որ ցանկացած գործ մինչև ՄԻԵԴ ներկայացնելը, նախ պետք է սպառի իրավական պաշտպանության բոլոր տեղական միջոցները, սկսած հայցի ներկայացումից ամենաստորին ատյանի դատարան և վերջացրած երկրի բարձրագույն դատարանով:
2017 թ. հոկտեմբերի 19-ին, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հանդես գալով Բրյուսելում, Եվրոպական խորհրդարանում ընթացող Հայ դատի համագումարում, քննադատեց ՄԻԵԴ-ի դատավորին, որը մերժել էր Հայոց եկեղեցու դատական հայցը, այն համարելով անընդունելի: Մինչև այս հայտարարությունը, դատական գործի կարգավիճակի վերաբերյալ ոչ մի լուր չկար: Ես դիմեցի Ստրասբուրգում ՄԻԵԴ-ի նստավայր, հետաքրքրվելով Հայոց եկեղեցու հայցով և տեղեկացա, որ իրոք անհատ դատավորն իրավունք ունի մերժել ցանկացած հայց, որը տվյալ դեպքում նախապես չի ներկայացվել Թուրքիայի ստորին ատյանի դատարան՝ իրավական պաշտպանության տեղական բոլոր միջոցները սպառելու համար, և որ մերժման նամակը ուղարկվել էր Կաթողիկոսարան դեռևս 2017 թ. մարտին: Ամենացավալին՝ ՄԻԵԴ-ից ինձ հայտնեցին, որ դատավորի որոշումը չի կարող բողոքարկվել:
Այնուհետև ես դիմեցի Կաթողիկոսարանի իրավական խմբի անդամ և Կանադայի Մոնրեալ քաղաքի ՄակԳիլ համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսոր Փայամ Ախավանին, հետաքրքրվելով, թե ինչու ավելի վաղ Կաթողիկոսարանը որևէ հայտարարություն չի արել՝ վեց ամիս առաջ հայցադիմումի մերժման վերաբերյալ: Պրոֆ. Ախավան բացատրեց, որ ՄԻԵԴ-ի դատավորը նամակը սխալ հասցեով էր ուղարկել… Այնուհետեւ կաթողիկոսարանը գրեց այդ դատավորին՝ «հայտնելով իր լուրջ մտահոգությունը դատական սխալի համար, որ մի դատավորը կարող է մերժել լավ փաստարկված գործը, ու մինչև վերջերս սպասել է ստանդարտ պատասխանի, որ չեն կարող բողոքարկել և որոշումը վերջնական է»:
2017 թ. հոկտեմբերի 19-ին, Արամ Ա կաթողիկոսը Բրյուսելի իր ելույթում խստորեն դատապարտեց ՄԻԵԴ-ին՝ եկեղեցու հայցը մերժելու համար. «Ինչո՞ւ է Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այդքան հեշտությամբ մերժում մեր գործը, իմանալով, որ ոչ մի փաստաբան չի համարձակվի նման գործ ներկայացնել թուրքական դատարաններ: Ինչպե՞ս կարող է մի դատավոր մերժել պատմաիրավական լուրջ հիմնավորումներով ներկայացված 900 էջանոց դիմումը՝ կազմված մի խումբ լավագույն միջազգային իրավագետների կողմից: Ինչո՞ւ մեր իրավական խմբին լսումների հնարավորություն չտրվեց: Մի՞թե այժմ բոլորը վախենում են ընդդիմանալ Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարման սարսափելի փաստերին: Մենք ապշած ենք և խորապես հիասթափված այս արդարության վիժումից, հատկապես, ժամանակակից պատմության այս կարևորագույն ժամանակահատվածում, երբ ակնկալվում է, որ Եվրոպան հավատարիմ մնալով իր արժեքներին և սկզբունքներին, արդարությունը վեր կդասի աշխարհաքաղաքական շահերից…. Եվրոպան, ըստ էության, արժեքների և ոչ թե միայն քաղաքական ու տնտեսական շահերի համակարգ է: Հետևաբար, ես դեռևս հույս ունեմ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կվերանայի գործի ընդունելիությունը՝ արդարության և մարդու իրավունքների հիման վրա: Չնայած արդարության ուրացմանը՝ հայ ժողովուրդը շարունակելու է իր պայքարը հանուն արդարության»:
Պրոֆ. Ախավան ՄԻԵԴ-ի դատավորի որոշումն անվանեց «խայտառակություն»: Այնուհետև ինձ ուղղված իր էլեկտրոնային նամակում նա հավելեց. «Մի քանի փորձառու ՄԻԵԴ փաստաբանների կարծիքով, սույն որոշումն ամբողջովին անընդունելի է։ Չպետք է մոռանալ, որ մեր խորհրդատուն եղել է Թիմ Էյք QC-ն [անգլիական Թագուհու կողմից վավերացված փաստաբան], որը ներկայումս ՄԻԵԴ-ի բրիտանացի դատավորն է։ Նա, իհարկե, չի կարող գործում ներգրավված լինել, սակայն շատերի մոտ այն զգացումն է, որ Դատարանը շատ է վախենում հետհեղաշրջային Թուրքիային ընդդիմանալ նման վիճահարույց հարցերում»։
Պրոֆ. Ախավան նաև հայտնեց, որ այս դատական գործընթացի հաջորդ քայլերն են «կամ հայցը կրկին ներկայացնել որոշ նոր փաստերով հանդերձ, ինչպես օրինակ, թուրքական դատարաններ որոշ հանգամանքների պատճառով դիմելու անհնարինությունը, կամ վերադառնալ թուրքական դատարաններ, ծախսել մեծ ռեսուրսներ և կրկին վերադառնալ ՄԻԵԴ։ Սա ծիծաղելի որոշում է, քանի որ բոլորն էլ հստակ գիտեն, թե ինչ է տեղի ունենալու։ Սա շատ վիճահարույց հարց է, և ՄԻԵԴ-ը չի ցանկանում զբաղվել դրանով»:
Վերջում, ես կառաջարկեի Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանին հրապարակել իր դատական հայցի ամբողջական փաստաթղթերը, այդ թվում՝ 600 էջանոց դիմումը Թուրքիայի Սահմանադրական դատարան և 900 էջանոց հայցադիմումը Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ինչպես նաև դրանց պատասխանները։ Ի վերջո, սա մասնավոր հայց չէ, այլ առնչվում է Թուրքիայից հայ ժողովրդի կալվածքների պահանջներին:
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի