Պետք էր հարվածել.ՀԺ
«Ժնեւում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումից անմիջապես հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան հայտարարությամբ, որտեղ, մասնավորապես, նշվում էր. «Հանդիպումն ընթացել է կառուցողական մթնոլորտում: Նախագահները համաձայնել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ եւ լրացուցիչ քայլեր իրականացնել շփման գծում լարվածությունը նվազեցնելու համար»:
Ուշագրավ է, որ նախագահների հանդիպումից հետո, երբ Սերժ Սարգսյանը հանդիպում էր Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, անդրադարձել էր հանդիպման ընթացքում քննարկված հարցերին, ու այդ ժամանակ նշեց, թե ինքն ու Ալիեւը պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել, որ սահմանին ու շփման գծում էլ զոհեր չլինեն՝ նշելով, թե Իլհամ Ալիեւն էլ է նույն կարծիքին, որ պետք է խուսափել զոհերից:
Ցավոք սրտի, Սերժ Սարգսյանի ժնեւյան ելույթից ու զոհերը բացառելու պայմանավորվածության մասին հայտարարությունից 2-3 օր անց՝ հոկտեմբերի 19-ին, Արցախի ՊԲ-ն հայտնեց, որ ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Տիգրան Արմենի Խաչատրյանը:
Ու ամեն ինչ, կարծես, վերադառնում է իր «սովորական» ընթացքի մեջ. Ադրբեջանը շարունակում է խախտել իր իսկ ընդունած պայմանավորվածությունները, ինչը նոր չէ, հայ եւ ադրբեջանցի գործիչները դիվանագիտական կրակոցներ են արձակում իրար հասցեի, ինչը նույնպես նորություն չէ, ցավոք սրտի՝ Ադրբեջանը շարունակում է կրակել հայ դիրքապահների ուղղությամբ, ու ցավոք սրտի, մենք էլի զոհ ենք ունենում: Ավելին՝ ԵԱՀԿ Մինսկի խումբն էլի լռում է, ու եթե անգամ որոշի «արտահայտվել», պետք է նորից փորձի հավասարության նշան դնել երկու կողմերի միջեւ, իսկ մեր դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն էլ հետո կպարզաբանեն, որ Մինսկի խումբը գործում է այն շրջանակներում, ինչի իրավուքն ունի, ինչը նույնպես նորություն չէ: Այս շրջանը, կարծես, երբեք էլ չի վերջանալու:
«Այս խոսքերից հետո, երբ մենք նորից ունենում ենք զոհ, ապա մենք միանգամից պետք է տեսնեինք ոչ միայն կոպիտ հայտարարություններ, այլեւ հայկական կողմի կտրուկ պատասխանը: Մեր գործողությունների առումով՝ ես պատկերացնում եմ, որ պետք էր անմիջապես այնպիսի պատասխան տային, որ Մինսկի խումբը միանգամից ձեռ ու ոտ ընկներ եւ հասկանար, որ իր դաշտում է այս հարցը: Ես շատ եմ ասել ու նորից եմ կրկնում, որ ցավոք սրտի, երբ մի կողմն է կրակում, Մինսկի խումբը որեւէ արձագանք չի տալիս, իսկ երբ մյուս կողմը պատասխանում է, միանգամից հանդես են գալիս կոչով, ընդ որում՝ ուղղված երկուսին, ու հավասարության նշանի նման բան դնելով: Մենք պետք է այնպիսի պատասխան տայինք, որ այսօրվա դրությամբ Մինսկի խումբը ստիպված տեղից շարժվեր եւ իրերը կոչեր իրենց անուններով»,- իրավիճակի կապակցությամբ armtimes.com-ին ասաց Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թեւան Պողոսյանը՝ հավելելով, որ պետք է հասկանանք, որ որեւէ մեկն այլեւս խաղաղության չի պարտադրելու Ադրբեջանին, բացի մեզանից. հայկական կողմը պետք է ուժեղ լինի ու Ադրբեջանին թույլ չտա նման գործողությունների դիմել:
Այսինքն՝ պետք է այնպես անել, որ Ադրբեջանը իմանա՝ եթե միջազգային հանրությունն էլ լռությամբ հանդուրժի իր ձեռնարկած սադրանքները, ապա հայկական կողմից ինքը շատ ցավոտ պատասխան է ստանալու:
Նման կերպ է վարվում Իսրայելը. օրինակ՝ համաշխարհային լրատվամիջոցները մի անգամ գրեցին, թե Գազայի հատվածից իսրայելական բնակավայրի ուղղությամբ հրթիռ է արձակվել, որի պայթյունի արդյունքում իսրայելցի մի դեռահաս էր զոհվել: Ու այդ ժամանակ Իսրայելը հրապարակային քննարկում էր՝ վերացնի արաբական ամբողջ բնակավա՞յրը, թե՞ պատժիչ այլ գործողությունների դիմի: Այդ միջադեպի ժամանակ Իսրայելը գետնին հավասարեցրեց այն բնակելի շրջանը, որտեղից արձակվել էր հրթիռը: Ու միջազգային հանրությունը, կարծես, Իսրայելին առանձնապես չէր էլ մեղադրում նման պատժիչ գործողությունների համար:
Այս դեպքում, իհարկե, շատ բան պետք է փոխվի հայկական պետություններում՝ առաջինը պոտենցիալ սպառնալիքների գնահատման ու կանխարգելման համակարգի ներդրման առումով: Օրինակ՝ Հայաստանը կարող է հայտարարել, որ եթե սպառնալիքներ նկատեցինք, օրինակ՝ եթե տեսանք, որ հակառակորդը ծանր զինտեխնիկա է մոտեցնում սահմանին, չենք սպասելու, որ մեզ հարվածեն, այլ առաջինը, որպես կանխարգելիչ քայլ, մենք ենք հարվածելու: Այդպիսի պրակտիկա գործում է, օրինակ, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Իսրայելում եւ այլն, ուր առաջին հերթին ոչ թե սպառնալիքի հետեւանքները վերացնելու մասին են մտածում, այլ այդ սպառնալիքները կանխելու: Իսկ դրա համար պետք է ունենալ կայացած ու ամուր պետություն, ուժեղ, զարգացած տնտեսություն, ադեկվատ հասարակություն, ռեսուրսներ եւ այսպես շարունակ»: