Ամբողջությամբ այրվել է Փանիկի մշակույթի տունը
Հոկտեմբերի 11-ին, ժամը 07:30-ին հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Փանիկ գյուղի մշակույթի տանը:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար:
Պարզվել է, որ այրվում են Փանիկ գյուղի մշակույթի տան տանիքի փայտյա կառուցատարրերը և փայտյա առաստաղը:
Henaran.am-ի հետ զրույցում Փանիկի գյուղապետ Վարդան Մակեյանը նշեց, որ Մշակույթի տունը 22 տարի է չէր շահագործվում: Վթարային վիճակում է գտնվել տարիներ շարունակ: «Այս տարի գյուղացիներին առաջարկեցի մաքրել, վերանորոգել մշակույթի տունը, բայց… էդպես էլ մնաց… տանիքը համարյա փլուզված էր, էնտեղ մարդ չէր մտնում»,-ասաց Վարդան Մակեյանը, միաժամանակ ավելացնելով, որ հավանաբար, հրդեհը էլեկտրալարերի կարճ միացման հետևանք է, փայտյա կառուցատարրը բռնկվել ու տարածվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:00-ին, մարվել՝ 10:49-ին:
Այրվել են մշակույթի տան փայտյա հատակը (մոտ 100 քմ), տանիքի փայտյա կառուցատարրերը և առաստաղը (մոտ 200 քմ), տանիքի և առաստաղի կառուցատարրերից ջերմահարվել և փլուզվել է մոտ 250 քմ:
Գյուղապետի խոսքերով, հավաբար կքանդեն մնացած մասը, միայն շենքի դիմային հատվածն է մնացել, որը խարխլված է: Հրշեջներին ևս բարդ է եղել աշխատել, քանի որ տանիքը մասնակիորեն փլուզված է եղել, բարձրանալ տանիք մի փոքր դժվար է եղել: