Իրաքյան Քուրդիստանի հայերը կողմ են քվեարկել անկախությանը
Իրաքի քրդական ինքնավարության տարածքում ապրող հայերը հիմնականում «այո» են քվեարկել սեպտեմբերի 25-ին այնտեղ անցկացված անկախության հանրաքվեն:
Այս մասին Թուրքիայում հրատարակվող հայկական «Ակոս» թերթին տված հարցազրույցի ժամանակ տեղեկացրել է 2009-2013թթ. Քուրդիստանի խորհրդարանի պատգամավոր Արամ Շահին Բաքոյանը:
Նա նաև նշել է, որ իրաքյան Քուրդիստանում ապրող շուրջ 4.000 հայերից ընտրելու իրավունք ունի 650-ը: Բակոյանի խոսքով տեղի հայերի մեծ մասը հայերեն չգիտի և խոսում է քրդերեն կամ արաբերեն:
«Համաձայն իմ դիտարկումների՝ հայերի մեծ մասն «այո» է ասել անկախությանը: Տեղի հայերը 2005 թվականից սկսած լավ հարաբերություններ ունեն քրդական ղեկավարության հետ: Այդ պատճառով է, որ այն, ինչը լավ է քրդական ղեկավարության համար, մեզ համար նույնպես լավ է: Մենք պաշտպանում ենք անկախությունը: Դա կարևոր փոփոխություն է»,- ասել է Արամ Շահին Բաքոյանը: