Էրդողանը ու Ռուհանին հեռախոսազրույց են ունեցել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իրանի Իսլամական Հանրապետություն (ԻԻՀ) նախագահ Հասան Ռուհանիի միջև կայացել է հեռախոսազրույց:
Թուրքական «Trthaber» լրատվամիջոցը, հղում անելով Թուրքիայի նախագահականի աղբյուրներին, նշում է, որ երկու ղեկավարները քննարկել են թուրք-իրանական հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային վերջին զարգացումները, այդ թվում նաև սեպտեմբերի 25-ին իրաքյան Քուրդիստանում մեկնարկած անկախության հանրաքվեի հարցը:
Նախագահները միակարծիք են եղել այն հարցում, որ, եթե Քուրդիստանի անկախության հանրաքվեն չչեղարկվի, ապա տարածաշրջանում քաոսային իրավիճակ կստեղծվի: Կարևորվել է Իրաքի տարածքային ամբողջականության պահպանումը:
Բացի դրանից Էրդողանը Ռուհանիի հետ խոսել է հոկտեմբերի 4-ին Իրան կատարելիք իր այցի մասին: Նշվել է, որ այցի ընթացքում տեղի կունենա Թուրքիա-Իրան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 4-րդ ժողովը:
Հիշեցնենք, որ իրաքյան Քուրդիստանի անկախության դեմ էին արտահայտվել թե Թեհրանը և թե Անկարան: