Ծառուկյանը տարավ. Հայկական Ժամանակ
Նախօրեին Հայաստանի մի շարք համայնքներում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ամենաինտրիգայինը, թերեւս, Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքն էր: Ինտրիգային էր այնքանով, որ Հաճնը համարվում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ազդեցության տակ գտնվող համայնքներից մեկը, ինչպես օրինակ՝ Աբովյանը, Առինջը եւ այլն: Ի դեպ, Գագիկ Ծառուկյանը համարվում է Նոր Հաճն համայնքի պատվավոր քաղաքացի, որտեղ նաեւ եկեղեցի է կառուցել:
Այստեղ նախապես առաջադրված 4 թեկնածուից ընտրապայքարին մասնակցեցին երկուսը՝ գործող քաղաքապետ Գագիկ Մաթեւոսյանը եւ նախկին քաղաքապետ Արմեն Քեշիշյանը: Մաթեւոսյանն իր ստացած 3 հազար 73 քվեով բացարձակ հաղթանակ տարավ Արմեն Քեշիշյանի նկատմամբ, որն ստացել է 1319 ձայն: Նոր Հաճնում ընտրությանը մասնակցած 4522 ընտրողից 130 քվեաթերթիկ է անվավեր համարվել, անճշտություններ չեն գրանցվել:
Այս ընտրապայքարը կարեւոր էր, քանի որ ինքնաառաջադրված քաղաքապետ Գագիկ Մաթեւոսյանը նախկինում մեկ անգամ մասնակցել էր ՏԻՄ ընտրությանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության աջակցությամբ, իսկ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ մեծ քաղաքականությունից հեռանալուց հետո, արդեն վայելում էր ՀՀԿ-ի աջակցությունը եւ առաջադրվել է մեկ անգամ էլ ՀՀԿ-ի աջակցությամբ: Մամուլում գրվել է արդեն, որ նախկին քաղաքապետ Արմեն Քեշիշյանի առաջադրումով իշխանությունները քողարկված կերպով փորձել էին Նոր Հաճն համայնքը հանել Գագիկ Ծառուկյանի ազդեցության գոտուց, սակայն ՀՀԿ-ն հրապարակային աջակցություն չէր ցուցաբերել Քեշիշյանին: Վերջինիս անվան հետ աղմկահարույց միջադեպ է կապված: Արմեն Քեշիշյանը մարդասպանության համար մեղադրվելով դատապարտվել էր 3 տարի ազատազրկման:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: