Փորձել է գողացված քարտով փող կանխիկացնել. տեսախցիկը ֆիքսել է /տեսանյութ/
ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու աշխատասենյակից դրամապանակ գողացած անձի ինքնությունը:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2017թ. մայիսի 2-ին՝ ժամը 10:45-ի սահմաններում, առերեւույթ հանցագործություն կատարած անձը մուտք է գործել Արշակունյաց 2ա շենքի 12-րդ հարկում գտնվող աշխատասենյակներից մեկը եւ գաղտնի հափշտակել դրամապանակ, որի մեջ եղել են կանխիկ գումար, բանկային քարտեր: Գողացված քարտով նույն օրը կատարվել է գումարի կանխիկացման փորձ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետերի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:
Նախաքննության ընթացքում ստացվել են բանկոմատի անվտանգության տեսախցիկների՝ գողացված քարտով կատարված գործարքի տեսագրությունները, ենթարկվել զննության: Տեսանյութում երեւում է, թե ինչպես է միջին տարիքի, ակնոցներով մի տղամարդ փորձում բանկոմատից գործարք կատարել:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։
Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որեւէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
Տեսանյութն՝ այստեղ: