«Որ գաք մեր գյուղ, էս վիճակը տեսնեք, ձեր լացը կգա»
Հունիսի 12-ին կարկուտ է տեղացել հանրապետության որոշ հատվածներում: Գյուղատնտեսության նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են՝ Շիրակի մարզում թեթեւ կարկուտ է տեղացել, իսկ Արմավիրում հիմնականում Էջմիածինի տարածաշրջանի շուրջ ինը գյուղում, այդ թվում Մրգաստան, Արշալույս, Շահումյան, Այգեշատ, Ամբերդ, Դողս, Դաշտ համայնքներում: Վնասի ծավալների մասին դեռեւս հստակ տեղեկություն չկա:
Արմավիրի մարզի Մրգաստան համայնքի ղեկավար Ռաֆիկ Խաչատրյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց. «Գյուղատնտեսական բոլոր ապրանքները վնասվել են, չկան… Ոչ մի բան չի մնացել: Այն հողատարածքները, որոնք համեմատաբար մոտ են Էջմիածնի կողմերին, դրանք չեն վնասվել, մնացածը հարյուր տոկոսով վնասվել է. կարկուտն ամեն ինչ սրբել-տարել է: Գյուղացիները այնքան վատ վիճակում են, որ նույնիսկ դա բնութագրել չեմ կարող: Պտղատու այգիները, ցանկատարածությունները… ամեն ինչ հարյուր տոկոսով վնասվել է: Բան չի մնացել: Որ գաք մեր գյուղ, էս վիճակը տեսնեք, ձեր լացը կգա: Մարզպետը փոխնախարարի հետ եկել է մեր համայնք. նրանք էլ են տեսել այս վիճակը»: